Գևորգ Փարսյանը կմասնակցի Կապանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Շանթ դաշինքի» ցուցակը

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հայտարարել է նոյեմբերի 29-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման մասին։ Նա կգլխավորի «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը։

Փարսյանն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ իր առաջադրումը նպատակ ունի ապահովելու արդեն իրականացված ծրագրերի շարունակականությունը և չընդհատելու համայնքի զարգացման ընթացքը։

«Այս առաջադրումն ինքնանպատակ քայլ չէ, այլ արդեն իրականացված ծրագրերի շարունակականությունն ապահովելու, սկսածը ավարտին հասցնելու և զարգացման ներկա ընթացքը չընդհատելու անհրաժեշտությունից բխող որոշում։

Այս բարդ, բայց և արդյունավետ տարիների փորձի ու գիտելիքների շնորհիվ է, որ հստակ պատկերացնում եմ Կապան համայնքի առաջնահերթ խնդիրների լուծման ուղիները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, ունեմ ապագայի իրատեսական տեսլական, և գիտեմ, թե որ ուղղությամբ և ինչ քայլերով պետք է առաջ շարժվենք։

Հայրենակիցներիս վստահությունն ինձ համար մեծ պատասխանատվություն է, որը ստանձնել եմ գիտակցաբար և, ինչպես միշտ, պատրաստ եմ արդարացնել ամենօրյա հետևողական աշխատանքով, տեսանելի գործով և շոշափելի արդյունքներով։

Մենք ունենք կամք, բավարար ուժ և մեծ ցանկություն՝ է՛լ ավելին անելու մեր բնակիչների և Կապան համայնքի համար։

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ»,- գրել է Գևորգ Փարսյանը։