Բուհ չընդունված դիմորդի համար տեղերի ավելացում և այլն․ Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացիների բողոքներով դիմել է ԿԳՄՍ նախարարին

Հեղինակ MediaLab

Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել դիմում-բողոքներ բուհերի դիմորդներից և նրանց ծնողներից՝ կապված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության հետ։

Մասնավորապես, բողոքներով դիմորդները և ծնողները մտահոգություններ են հայտնել, 2020-2021 թվականի պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին մասնակցելու արդյունքում «12.0»-ից «18.75» միավոր ստանալու պարագայում՝ միավորները 1-ին հայտով նշված բուհ ընդունվելուն չբավականացնելու պատճառով իրենց երեխաները (դիմորդները) չեն ընդունվել կամ ընդունվել են 8-րդ հայտով նշված որևէ բուհ, իսկ «7.5» միավոր ստացած մի շարք դիմորդներ 2-րդից 5-րդ հայտերով նշված բուհեր են ընդունվել:

Քաղաքացիներն իրենց բողոքներով խնդրի լուծման տարբերակ առաջարկել են, օրինակ, այն, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ավելացնի բուհերում ուսուցման տեղերը, որպեսզի բարձր գնահատական ստացած դիմորդները կարողանան սովորել իրենց նախընտրած բուհում: Մեկ այլ տարբերակ առաջարկվել է դիմորդներին տալ 2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակում բուհում ընդգրկվելու հնարավորություն՝ հետագա կրթության շարունակականությունը սահմանելով մրցութային կարգով՝ ըստ գիտելիքի:

Մարդու իրավունքների պաշտպանը բողոքները քննարկման ընդունելու որոշում է կայացրել և համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին:

Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։