«Մամուլի դեմ հայցերի 25 տոկոսը պաշտոնյաների կողմից է․ պատիժները խստացնելն անթույլատրելի է». Աշոտ Մելիքյան

Պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատժի չափը խստացնելու մասին օրենքի նախագիծը լուրջ սպառնալիք է խոսքի ազատությանը։ Եվ միջազգային կազմակերպությունները կարձագանքեն այս նախաձեռնությանը։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նշենք, որ e-draft.am կայքում հանրային քննարկման է դրվել նախագիծ, որով առաջարկվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Ըստ նախագծի՝ «Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Նշվում է, որ նախագծի հեղինակը Գլխավոր դատախազությունն է։

Դատախազությունից հիմնավորում են՝ «նախագծի ընդունմամբ ակնկալվում է քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ նախատեսել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց համար՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պաշտպանելով նրանց հրապարակային վիրավորանքից և զրպարտությունից»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է, որ այս նախաձեռնությունը իշխանությունների կողմից ռեպրեսիվ մեթոդներով ու օրենսդրական նախաձեռնություններով ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող գործողությունների տրամաբանական շարունակությունն է։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ, իհարկե, իրավիճակը շատ լուրջ է, խնդիրը գոյություն ունի, որ լրատվամիջոցները հեղեղված են վիրավորանքով և զրպարտությամբ, տարատեսակ մանիպուլյացիաներով, ֆեյք լուրերով։ Մենք այդ ամենը տեսնում ենք և համարում ենք, որ խնդիրը շատ լուրջ է։

Բայց դա ամենևին չի նշանակում, որ իշխանություններն այսպիսի օրենսդրական նախաձեռնություններով պետք է պայքարեն դրա դեմ՝ խոսքի ազատությանը և լրատվամիջոցների ազատ գործունեությանը լուրջ վնաս հասցնելով»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ այս և նախորդ նախագծերի հեղինակներն ուղղակի տեղյակ չեն ժամանակակից պահանջներին, տեղյակ չեն, թե այդ հարցերի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի, օրինակ, Եվրոպայի խորհուրդը, որի անդամ է Հայաստանը, և ինչ նախադեպային որոշումներ ունի Եվրոպական դատարանը։

Մելիքյանը նշում է, որ Եվրոպական դատարանն առավել խիստ է մոտենում այն հարցին, եթե հատկապես իշխանության ներկայացուցիչների հասցեին վիրավորանքը և զրպարտությունը շատ կտրուկ և չափազանց խիստ մոտեցումների է արժանանում։

«Դրա հիմնավորումն այն է, որ իշխանության ներկայացուցիչները և քաղաքական գործիչները պետք է շատ ավելի հանդուրժող լինեն քննադատությանը, և նրանց նկատմամբ քննադատության շրջանակները շատ ավելի լայն են։ Լրագրողը կարող է այս պարագայում օգտագործել և՛ չափազանցություններ, և՛ որոշ առումով նույնիսկ սադրանք։

Այսինքն՝ մենք այստեղ գործ ունենք նաև այլ խնդրի հետ։ Շատ հաճախ իշխանությունների ներկայացուցիչները նույնիսկ օբյեկտիվ քննադատությունն ընկալում են որպես վիրավորանք և զրպարտություն և դատական համակարգի միջոցով կամ այլ իրավական միջոցներով հաշիվ են մաքրում լրատվամիջոցների հետ»,- նշում է նա։

Մելիքյանն անդրադառնում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենքին, որը վերջերս ընդունվեց ԱԺ կողմից, և որով խստացվում են տուգանքները վիրավորանքի ու զրպարտության դեպքում՝ սահմանվելով 5 մլն և 10 մլն դրամի չափով, և ասում, որ դեմ էին այս նախաձեռնությանը։

«Այս նախագծով արդեն իշխանություններն իրենց ռեպրեսիվ մեթոդներով էլ ավելի առաջ են գնում և Քրեական օրենսգրքում փոփոխություն են կատարում, որպեսզի նաև քրեական պատասխանատվություն նախատեսվի հատկապես հենց պաշտոնատար անձանց վերաբերյալ որևէ հրապարակում պատրաստելիս։ Ես համարում եմ, որ սա ուղղակի անհեթեթ մոտեցում է։

Առհասարակ այս ռեպրեսիվ մոտեցումները հարիր չեն ժողովրդավարական հասարակությանը, եթե իշխանություններն իսկապես ուզում են ժողովրդավարացման ուղիով գնալ։ Սա լուրջ սպառնալիք է խոսքի ազատությանը, և, կարծում եմ, միջազգային կազմակերպությունները կարձագանքեն, և ավելի քան համոզված եմ, որ բացասական եզրակացություն կտան։

Կրկին, ինչպես նախորդ առաջարկությունների դեպքում, ես կոչ կանեմ՝ եթե նրանք բոլորը համոզված են, թե ճիշտ ուղիով են գնում և չեն վստահում տեղի փորձագետների կարծիքին, ապա թող այս օրինագծերն ուղարկեն միջազգային կազմակերպություններ փորձաքննության։ Նրանք սովորաբար խուսափում են դա անելուց, և օրինագծերը մշակում են ոչ թե միջազգային ուսումնասիրությունների, այլ իրենց պատկերացումների հիման վրա։ Իսկ իրենց պատկերացումները, ես պնդում եմ, որ շատ թյուր են»,- ասում է Աշոտ Մելիքյանը։

Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տեղեկատվության՝ Հայաստանում 2020 թվականին լրագրողների ու լրատվամիջոցների դեմ դատական հայցերի քանակը 2019 թվականի համեմատությամբ նվազել է: Եթե 2019 թվականին 94 հայցադիմում է եղել, ապա 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 82։ 

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ նման հայցերի մոտավորապես 25 տոկոսը ներկայացվում է պաշտոնատար անձանց, տարբեր քաղաքական գործիչների կողմից։ Առհասարակ վերջին երկու տարիների ընթացքում աճել է այդպիսի հայցերի ալիքը։ Եվ դրանց մեկ քառորդը հենց պաշտոնյաներ են, իշխանության ներկայացուցիչներ կամ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ»,- հավելում է Մելիքյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am