Հայ-ռուսական պայմանագրերի խախտումները` ՀՀ-ում ՌԴ ուժայինների կողմից (մաս 1)

Հայ-ռուսական պայմանագրերի խախտումները` ՀՀ-ում ՌԴ ուժայինների կողմից (մաս 1)
Հայ-ռուսական պայմանագրերի խախտումները` ՀՀ-ում ՌԴ ուժայինների կողմից (մաս 1)

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, որի կատարման համար, առաջին իսկ պահից, կասկածվում էր ՌԴ 102-րդ ռազմաբազայի տանկիստ Վալերի Պերմյակովը:

Այնուհետև, հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը, Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքում, Վալերի Պերմյակովին բռնեցին ՌԴ սահմանապահները: Նրանք վերջինիս տեղափոխեցին ՌԴ 102-րդ ռազմաբազա, որից հետո հայտարարվեց, որ Պերմյակովը քրեական պատասխանատվության է ենթարկվելու ՌԴ իրավապահների ու ՌԴ դատարանի կողմից:

Քննարկենք, թե որքանո՞վ են ՌԴ ուժայինների գործողությունները համապատասխանել հայ-ռուսական պայմանագրերին:

Զենքով որոնումները

Ինչպես հայտնի է, հունվարի 12-ին Գյումրիում ՌԴ զինվորականները ինքնաձիգերով զինված մասնակցում էին Պերմյակովի որոնումներին:

«ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի տարածքից դուրս ՌԴ ռազմական կազմավորումների ամենօրյա գործունեության և կայազորային ծառայության կազմակերպման մասին» պայմանագրի 13-րդ հոդվածը իրոք ենթադրում է, որ ՌԴ զինվորականներ կարող են մասնակցել զորամասը ինքնակամ լքած ՌԴ զինծառայողների որոնման օպերատիվ-որոնողական միջոցառումներին:

Սակայն, «ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածը հստակ թվարկում է այն դեպքերը, թե ռազմաբազայի տարածքից դուրս ե՞րբ կարող է զենք հատկացվել, կրվել և օգտագործվել: Սակայն թվարկված դեպքերի մեջ չի մտնում օպերատիվ-որոնողական միջոցառումների իրականացումը:

ՀՀ իրավասության ներքո

«ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» 4-րդ հոդվածն ասում է, որ «Ռուսական ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքի անդամների կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, գործում են ՀՀ իրավասու մարմինները:»

Այսինքն` Հայստանում (ռազմաբազայի տարածքից դուրս) 7 անձնաց սպանության մեջ մեղադրվող ՌԴ զինվորականի գործը (ինչպես նաև ինքը` Պերմյակովը) պետք է փոխանցվեն ՀՀ իրավապահներին:

Սահմանը հատելու փորձ չի եղել

«ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու գործունեության պայմանների մասին» պայմանագրի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ «Ռուսական Սահմանապահ զորքերը չեն զբաղվում Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պաշտպանությանը չառնչվող գործունեությամբ:»

Թեև ռուսական կողմը հայտարարել է, որ Վալերի Պերմյակովին բռնել են սահմանը ապօրինի հատելու փորձի ժամանակ, սակայն, այդ փաստը խիստ կասկածներ է հարուցում:

ՀՀ օրենսդրությամբ պետական սահմանի ապօրինի հատումը հացագործություն է (ՀՀ քր. օր. հոդված 329), իսկ անավարտ հանցագործությունը (հանցագործության փորձը) ևս համարվում է հանցագործություն (ՀՀ քր. օր. գլուխ 6): Այսինքն` Պերմյակովի վրա պետք է նաև քրեական գործ հարուցվեր պետական սահմանը ապօրինի հատելու փորձի համար:

Սակայն, թեև դեպքից համարյա մեկ ամիս է անցել, նման գործ չի հարուցվել ո՛չ ՀՀ, ո՛չ էլ ՌԴ իրավապահների կողմից, ինչը խոսում է այն մասին, որ Պերմյակովը չի փորձել սահմանը հատել: Իսկ եթե սահմանը հատելու փորձ չի եղել, ապա կարելի է արձանագրել, որ ՌԴ սահմանապահները զբաղվել են Հայ-Թուրքական սահմանի պաշտպանությանը չառնչվող գործունեությամբ:

Պետք է փոխանցեին ՀՀ իրավապահներին

ՀՀ-ում ՌԴ սահմանապահներին վերաբերվող այդ նույն պայմանագրի 5-րդ հոդվածն սահմանում է, որ ՌԴ սահմանապահները իրականացնում են օպերատիվ իրավապահ միջոցառումներ` համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական և քրեադատավարական օրենսդրության:

Վերջինս ենթադրում է, որ ՌԴ սահմանապահների կողմից բռնված անձինք և ձեռք բերված նույթերն ու իրեղեն ապացույցները պետք է փոխանցվեն ՀՀ իրավասու մարմիններին:

Սակայն, ՌԴ սահմանապահ զորքերը Պերմյակովին ուղեկցել են դեպի ՌԴ 102-րդ ռազմաբազա և հանձնել են վերջինիս հրամանատարին:

Տեղաշարժը` միայն համաձայնեցված

ՀՀ-ում ՌԴ սահմանապահներին վերաբերվող այդ նույն պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ «ՌԴ սահմանապահ զորքերի շարժը, ուսումնական վարժությունները և մանյովրները իրենց տեղաբաշխման տարածքներից դուրս իրականացվում են ՀՀ պետական մարմինների հետ համաձայնեցված պլանների հիման վրա»

Սակայն, Ոստիկանությունից մեզ ուղղարկված գրության համաձայն հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը ՌԴ սահմանապահները ՀՀ իրավասու մարմինների հետ չեն համաձայնեցրել Բայանդուր գյուղից դեպի Գյումրի իրենց տեղաշարժը (երբ տեղափոխում էին Պերմյակովին):

Առաջիկայում մենք կներկայացնենք ՀՀ-ում ՌԴ ուժայինների կողմից պայմանագրերի խախտումների այլ դրվագներ, որոնք կապված են թե վերջին իրադարձությունների հետ և թե այլ հայտնի ու անհայտ միջադեպերի հետ:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ