Թթուջուր գյուղի անտառում անգիտակից վիճակում հայտնված կնոջը օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 21-ին, ժամը 16։47-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները ոտքով բարձրացել են Թթուջուր գյուղի անտառ. նրանցից մեկը գտնվում է անգիտակից վիճակում: Վատառողջ քաղաքացուն անտառից իջեցնելու եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Բժիշկները քաղաքացի Սուսաննա Մ․-ին (ծնված 1952 թ.) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, այնուհետեւ փրկարարները պատգարակով մոտ 800 մ իջեցրել եւ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Քաղաքացին հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։