Աշխատում ենք, որ դեպքերը շատ արագ չզարգանան, և մարդկանց բուժօգնություն տրամադրելով մեղմենք վատագույն սցենարները․ Նունե Բակունց

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, հանրային առողջության մասնագետ Նունե Բակունցը, որը երկար տարիներ աշխատում է առողջապահության համակարգում, մեկ էլ 2009-ին է հիշում նման պանդեմիա։

Այն ժամանակ «գլխավոր հերոսը» H1N1 վիրուսն էր և նույնպես տվյալ ժամանակում նոր վարակ էր։ 

«Եթե մենք հիմա, կորոնավիրուսի տարածման ժամանակ մարդկանց հորդորում ենք հեռու մնալ միմյանցից, սոցիալական հեռավորություն պահպանել, ապա այն ժամանակ, երբ H1N1 վիրուսն էր տարածվում ու օդով էր փոխանցվում, մենք նման բան չէինք կարող ասել մարդկանց։ Այն ժամանակ նաև շատ արագ հասանելի դարձավ դեղամիջոցը՝ «Տամիֆլյուն»,- «Մեդիալաբի» հետ զրույցում հիշում է Նունե Բակունցը։

Այս համավարակի ժամանակ մասնագետների համար դժվար է, քանի որ մարդկանց ստիպված են հարմարեցնել նոր կարգուկանոնի՝ միմյանցից պահպանել հեռավորություն, հերթերում չդիպչել միմյանց, պարբերաբար լվանալ ձեռքերը, նաև՝ ալկոգելով, կրել դիմակ ու ձեռնոց։

Մասնագետը չի բացառում, որ կարանտինային սահմանափակումների մեղմացումը կարող է բերել կորոնավիրուսով վարակի աճի, սակայն ըստ նրա, յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր տնտեսավարող պետք է վերահսկի իր վարքը, հետևի մասնագետների խորհրդին և կատարի դրանք։

«Բնականաբար որոշակի աշխուժացում կա, բայց մենք պետք է հիշենք, որ կարանտինի դեպքում էլ ունեինք աճող դեպքեր։ Մենք պետք է հիշենք, որ կարևորը յուրաքանչյուրի կողմից ռեժիմի պահպանումն է, անկախ նրանից՝ ինքը կարանտինում է, թե կարանտինում չէ։

Ամենուր պետք է ռեժիմ պահպանել։ Բայց, ցավոք սրտի, այնպես չէ, որ բոլորս էլ պահպանել ենք ռեժիմը, հատկապես կենցաղում։ Հիշեք՝ 1,5 մ հեռավորություն պետք է պահպանել միմյանցից, անընդհատ ախտահանել տարածքը, ձեռքերը մաքրող միջոցներով, դիմակ, ձեռնոց կրել»,- ասում է Նունե Բակունցը։ 

Այս պահին Հայաստանում վարակի հատուկ մեկ օջախ չկա, դրանք, ըստ մասնագետի, պարբերաբար փոփոխվում են, և, պարետատան որոշմամբ, այդ բնակավայրեր ելումուտը սահմանափակվում։ Կորոնավիրուսով վարակվելու ռիսկային խմբերը, նրա խոսքով, բուժաշխատողներն են, 65-ից բարձր տարիքի անձինք, քրոնիկական հիվանդները։ 

Անդրադառնալով մասնագիտական շրջանակներից հնչող այն հայտարարություններին, թե պետք է թույլ տալ, որ մարդիկ վարակվեն՝ իմունային պատնեշ ձևավորելու համար, Բակունցը նկատում է, որ կորոնավիրուսը դեռևս անհայտ վարակ է, և հայտնի չէ՝ արդյոք այն ձևավորո՞ւմ է իմունիտետ։

«Վարակիչ հիվանդության դեպքում անընկալունակությունը կամ իմունիտետը պետք է զարգանա։ Պետք է հասկանալ՝ ինչպես է իմունային շերտը ստեղծվում․ կամ պետք է պատվաստել անձանց, կամ պետք է ունենալ որոշակի թվով հիվանդացած և ապաքինված մարդիկ, որոնք կլինեն անընկալ, իմունիտետ ունեցող։

Բայց այս պարագայում այս պահի դրությամբ աշխարհը չգիտի՝ արդյոք այս նոր վարակը տալի՞ս է անընկալունակություն, արդյոք զարգանում է անընկալունակությունը, ինչ խորությամբ և ինչ ժամանակահատվածի համար, որովհետև տարբեր վարակների համար անընկալունակությունը տարբեր ժամկետներով է. օրինակ՝ կարմրուկի դեպքում երբ մարդը վարակվեց, այլևս անընկալունակ է ամբողջ կյանքի ընթացքում, բայց նույն սեզոնային գրիպի դեպքում անընկալունակությունը տևում է մոտ մեկ տարի և չկա ընդհանուր իմունիտետ։

Եթե հիշում եք՝ մենք սեզոնային գրիպի դեպքում պատվաստվում ենք ամեն տարի։ Իսկ կորոնավիրուսի դեպքում հայտնի չէ՝ որքան է նրա անընկալունակությունը, և ոչ ոք չգիտի՝ ինչքանով է դա պահպանվում, ինչ աստիճանի է պահպանվում և ինչքան իմուն շերտը կաշխատի։ Սովորաբար գլոբալ առումով եթե հիվանդության տարածումը կանխվի, պետք է անընկալունակ լինի բնակչության 60-70 տոկոսը։

Այդ պարագայում իմունային շերտ ձևավորելու առաջարկը ենթադրում է Շվեդիայի օրինակը․ որտեղ ոչինչ չեն արել՝ հույսով, որ իմունային շերտ կձևավորվի։ Բայց այդ դեպքում մենք անկառավարելի վիճակ կունենանք՝ մասսայական հիվանդացություն և մասսայական մահացություն։

Այդ պարագայում այն կյանքերը, որոնք հնարավոր էր փրկել վաղ հայտնաբերման դեպքում պատշաճ բուժօգնությամբ, չենք կարողանա փրկել, որովհետև մասսայականի դեպքում բոլորին հնարավոր չի լինի ապահովել անհրաժեշտ բուժօգնությամբ»,- ներկայացնում է Նունե Բակունցը։ 

Մասնագետի խոսքով՝ Հայաստանի բնակչության դեպքում, որը մոտ 3 մլն է, եթե ենթադրենք՝ կորոնավիրուսը իմունային պատնեշ է ձևավորում, ապա պետք է վարակվի բնակչության շուրջ 1,5 միլիոնը, որպեսզի վարակի տարածումը կանխվի։ 

Սակայն, նրա ներկայացմամբ՝ առողջապահության կազմակերպիչների համար այդ մոտեցումը ճիշտ չէ․

«Մենք աշխատում ենք երկարաձգել, որպեսզի դեպքերը շատ արագ չզարգանան և հնարավոր լինի մարդկանց անընդհատ բուժօգնություն տրամադրելով մեղմել այդ վատագույն սցենարները, նվազեցնել մահերը, ապահովել բուժումը։ Այդ ընթացքում, իհարկե, որոշ չափով իմունային շերտ է առաջ գալիս, բայց էլի եմ կրկնում՝ որպեսզի տարածումը կանխվի, իմունային շերտի քանակը պետք է ապահովվի իմ ասած թվերով, որը ժամանակ է պահանջում կամ պատվաստանյութ»։

Կորոնավիրուսի դեմ պայքարում մասնագետները, Բակունցի խոսքով, մեծ փորձ են ձեռք բերել բուժման ու կանխարգելման առումով։

«Միակ բանը, որ վստահաբար դաս է բոլորիս համար, այն է, որ պետք է լինել կարգապահ, պետք է վստահել մասնագետներին ու կատարել նրանց խորհուրդները։ Դա ապացուցվեց այս բոլոր ժամանակաընթացքում, վարակի տարածումն ու վարակվել-չվարակվելը ուղղակիորեն կախված են դրանից»,- ընդգծում է Բակունցը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am