«Պաշտպանության նախարարն իրավունք չունի որևէ զինծառայողի բուժման համար դրամահավաք անցկացնելու կոչ անել». Արթուր Սաքունց

«Պաշտպանության նախարարն իրավունք չունի որևէ զինծառայողի բուժման համար դրամահավաք անցկացնելու կոչ անել». Արթուր Սաքունց
«Պաշտպանության նախարարն իրավունք չունի որևէ զինծառայողի բուժման համար դրամահավաք անցկացնելու կոչ անել». Արթուր Սաքունց

«Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իրավունք չունի որևէ զինծառայողի բուժման համար դրամահավաք անցկացնելու կոչ անել, քանի որ դա անհամատեղելի է նախարարի պաշտոնի հետ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով վերջին օրերին բուռն քննարկումների թեմա դարձած նախաձեռնությանը:

«Կոնկրետ խնդիրը վերաբերում է զինծառայողի աջակցությանը, որի խնդրի լուծումը հանդիսանում է պետության, ավելի կոնկրետ` պաշտպանության նախարարի պարտականությունը: Եվ փոխանակ մտահոգվելու կամ մտածելու իր պարտականությունն արդյունավետ ու պատշաճ կատարելու մասին, նախարարն այդ պարտականության իրականացումը վերստին տեղափոխում է քաղաքացիների վրա, ովքեր արդեն իրենց պարտականությունը հարկերի վճարման ձևով կատարել են»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանի խոսքով՝ Վիգեն Սարգսյանը` որպես կառավարության անդամ, պետք է հարց բարձրացնի բյուջեի ռեսուրսների անբավարար լինելու պատճառների վերացման, այդ ռեսուրսների ավելացմանը նպաստող քաղաքականության վերաբերյալ: Այսինքն՝ պետք է գործադրել նախարարին տրված լծակներն ու գործառույթները և ոչ թե անգործությունը կոծկել նման պոպուլիստական նախաձեռնությամբ:

Նշենք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրերս միացել էր վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման համար դրամահավաքին՝ կոչ անելով օգնել զինծառայողի բուժումն արտերկրում կազմակերպելու համար:

Նա իր կոչը հիմնավորել էր հետևյալ կերպ. «Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է»:

Նրա կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված այս գրառումը բուռն քննարկումների թեմա էր դարձել, օգտատերերի մեծ մասը քննադատում են նախարարին, ընդհուպ նրանցից մեկը բոշայություն էր որակել նախարարի կոչը: Ի պատասխան Վիգեն Սարգսյանը գրել էր` «Բոշան դու ես»:

Անդրադառնալով Վիգեն Սարգսյանի կողմից քաղաքացիների հասցեին վիրավորանքներ հնչեցնելուն, Արթուր Սաքունցն ասում է, որ պաշտոնատար անձինք, նշանակվելով որևէ պաշտոնի, պետք է պատրաստ լինեն լսելու և՛ հասարակության քննադատությունները, և՛ հայհոյանքները:

«Դա իրենց ընտրությունն է, որ գնացել են այդ պաշտոնին: Ոչ ոք ոչ ոքի չի պարտադրում գնալ ու նախարար աշխատել: Ավելին, քաղաքացիներն ազատ են իրենց կարծիքն անգամ ամենածայրահեղ ձևով արտահայտելու, որը պաշտպանված է թե՛ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային փաստաթղթերով, և դա է իրավական ու ժողովրդավարական պետության հատկանիշը: Իսկ պաշտոնատար անձի կողմից նման պատասխանը կամ քաղաքացուն հակադարձելը հանդիսանում է պաշտոնեական դիրքի չարաշահում»,- ասում է իրավապաշտպանը: Նա հիշեցնում է, որ նախարարի աշխատանքի արդյունավետությունը գնահատում է հանրությունը, այսինքն՝ վճարողը: Եվ Վիգեն Սարգսյանը պետք է պատրաստ լինի տանելու ոչ միայն Սերժ Սարգսյանի կշտամբանքները, այլ նախևառաջ պետք է իմանա, որ քննադատողի դերում հանդես գալու իրավունք ունի նաև քաղաքացին:

Նշենք, որ այս դեպքն ուշագրավ է նաև նրանով, որ Ալբերտ Դալլաքյանը վիրավորվել էր իր հրամանատարի՝ Ավագ Նահապետյանի կողմից զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով: Այսինքն՝ նախարարը ոչ թե հակառակորդի գնդակից վիրավորում ստացած զինծառայողին օգնելու կոչ է անում, այլ ներքին խնդիրների հետևանքով առաջացած հարցն է ուզում լուծել:

Արթուր Սաքունցը նշեց, որ ժամանակին հանդիպել է Ալբերտ Դալլաքյանի ծնողների հետ: Այն ժամանակ կար տեղեկություն, որ նա հրամանատարի կրակոցից է տուժել:

«Եվ հենց այստեղ է հիմնական հարցը, որ պաշտպանության նախարարը պետք է հանդես գար որպես պաշտոնատար անձ՝ հանրության առաջ իր գործառույթների իրականացման հաշվետվությամբ, թե ի՛նչ է արվել իր կողմից կոնկրետ դեպքով, որպեսզի վերանայվեր մեղավոր անձի հետագա ծառայության հարցը: Ավելին, պետք է հաշվետվություն ներկայացներ, թե նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ ի՛նչ քայլեր է արել, հատկապես որ բանակում նմանօրինակ դեպքերը շարունակվում են: Եվ այս տարի արդեն 4 զինծառայող է մահացել, որոնցից միայն մեկն է հակառակորդի գնդակից զոհվել»,- ասում է նա: Արթուր

Սաքունցը նկատում է, որ ըստ մամուլի հրապարակումների՝ անփութության մեջ մեղադրվող հրամանատարը մինչ օրս չի պատժվել:

Նշենք, որ թեև կառավարության որոշմամբ վիրավոր զինծառայողների բուժումը նաև արտերկրում կազմակերպելու իրավունք կա, որի համար պետք է գումար հատկացվի պետական բյուջեից, բայց նման դեպքերը շատ քիչ են: Խնդիրն այն է, որ ըստ կառավարության որոշման՝ այդ հիվանդությունը Հայաստանում բուժելու անհնարինության պայմաններում միայն կարող են բյուջեից գումար հատկացնել՝ արտասահմանում բուժումը կազմակերպելու համար: Եվ հաճախ պատճառաբանվում է, թե զինծառայողին բյուջեի միջոցներով արտերկիր տանելու կարիք չկա, քանի որ այդ հիվանդությունը նաև Հայաստանում է բուժվում:

Արթուր Սաքունցն ասում է, որ յուրաքանչյուր դեպքով, երբ զինծառայողն ունի առողջական խնդիր, պետք է լինի հստակ բժշկական ախտորոշում:
«Երկրորդ` պետք է օբյեկտիվ գնահատվի, թե արդյոք Հայաստանում նման խնդիրները լուծվո՞ւմ են: Շատ կարևոր է պարզել, թե լուծվելու դեպքում էլ արդյունավե՞տ է լինում բուժումը, թե՞ ոչ: Այս հարցերի պատասխանները պետք է տա առողջապահության նախարարությունը»,- ասում է իրավապաշտպանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am