ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացուն է վերադարձվել երկար ժամանակ կալանքի տակ գտնվող ավտոմեքենան

Հեղինակ MediaLab

Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրել այն մասին, որ իր հորը սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի վրա երկար ժամանակ է, ինչ քրեական գործի քննության ընթացքում կալանք է դրված: Դիմողը, մասնավորապես, նշել է, որ ավտոմեքենայի վրա կալանք դրվել է դեռ գործի նախաքննության ընթացքում:

Հետագայում իր հայրը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման, դատավճռով սահմանվել է, որ այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է վերացվի նախաքննության մարմնի որոշմամբ մեղադրյալին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի վրա դրված կալանքը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել դեռ 2020 թվականի հունվարի 29-ին, սակայն ավտոմեքենան սեփականատիրոջն այդպես էլ չի վերադարձվել:

Դիմողը տեղեկացրել է, որ դիմել է տարբեր պետական մարմինների, սակայն դրական արդյունքի չի հասել. խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը հարցի լուծման ուղղությամբ:

Բողոքի քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը անհաժեշտ աշխատանքներ է նախաձեռնել դատարանի աշխատակազմի և Ոստիկանության հետ:

Արդյունքում, քաղաքացուն է վերադարձվել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո շուրջ 5 ամիս պահվող ավտոմեքենան, որի վերադարձի պահանջ նախատեսվել էր հենց այդ դատական ակտով:

Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։