Գործընթացներ տարվում են, որ գերիների, ռազմագերիների վերադարձը մեկ օր շուտ կազմակերպվի․ պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը

– Տիկի՛ն Բաղդասարյան, Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ձեր խմբակցությունն առաջադրել է նախկին զինվորական դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը։ Ինչո՞ւ կանգ առաք նրա թեկնածության վրա։

– Առայժմ պարոն Ջհանգիրյանը խմբակցության կողմից դեռևս առաջադրված թեկնածուի կարգավիճակում է։ Հաշվի են առնվել տարբեր հանգամանքներ, որոնք թույլ են տվել կարծել, որ նա տվյալ պաշտոնում կկարողանա իրեն լավագույնս դրսևորել։ 

Առաջիկայում ԱԺ լիագումար նիստում խորհրդարանը հնարավորություն կունենա հարցեր ուղղելու պարոն Ջհանգիրյանին։ 

Եթե հարցերն ու պատասխանները գոհացուցիչ լինեն, ապա, կարծում եմ՝ խորհրդարանականները փակ, գաղտնի քվեարկությամբ իրենց կամքը կարտահայտեն, որից հետո կարելի է հանգամանալից խոսել, թե ինչպիսին ենք պատկերացնում ԲԴԽ-ն ու տվյալ անձի պաշտոնավարումը։

– Մի տեսակ հակասական իրավիճակ չի՞ ստեղծվում․ իշխանությունները մի կողմից հայտարարում են՝ նախկինին վերադարձ չի լինի, բայց դատական համակարգի առանցքային պաշտոններից մեկը վստահում եք նախկին պաշտոնյայի։ Ինչպե՞ս հասկանալ։

– Ամեն դեպքում սա ֆրակցիայի մոտեցումն է։ ԲԴԽ անդամի պաշտոնում ես դիտարկում եմ պարոն Ջհանգիրյանին նախևառաջ որպես գիտնականի, որովհետև, գիտեք՝ Ազգային ժողովի կողմից տվյալ պաշտոնում առաջադրվում է նախևառաջ հենց իրավաբան գիտնական։ 

Եթե հաշվի առնենք պարոն Ջհանգիրյանի գիտական աստիճանը, փորձը, ապա, կարծում եմ՝ պաշտոնին համապատասխանող է։ Այս պարագայում ես չեմ ուզում դիտարկել նախկին պաշտոնավարումները։ 

– Ըստ ձեզ՝ Ջհանգիրյանի նախկին պաշտոնյա լինելը, աղմկահարույց մի քանի գործերի հետ առնչությունը չե՞ն խանգարի ԲԴԽ անդամի պաշտոնում նրա աշխատանքին։

– Տեսեք՝ լավագույն տարբերակը, երբ հանրության առաջ տրվում են հարցեր, որոնց թեկնածուն պատասխանում է, և միայն այդ ամենից հետո մարդիկ կընդունեն որոշում՝ ինչպես քվեարկել։ 

Այսինքն՝ այն հանգամանքը, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է պարոն Ջհանգիրյանին, դեռ չի նշանակում խորհրդարանի քվեարկություն կամ քվեարկության արդյունք։

Մենք բազմաթիվ անգամներ դրա ականատեսը եղել ենք։ Դրա համար կանխակալ վերաբերմունք չունենալով՝ ես ինքս հարց ունեմ պարոն Ջհանգիրյանին, լիագումար նիստերի դահլիճում իմ հարցը կհնչեցնեմ։ 

Բավարար պատասխանի դեպքում ես իմ դիրքորոշումը կհայտնեմ քվեարկության միջոցով։

– Պարզ է։ Տիկի՛ն Բաղդասարյան, դուք գերիների վերադարձի հարցերով հանձնաժողովում եք, գործընթացին տեղյակ եք։ Մոսկվայի եռակողմ հանդիպումը, փաստորեն, գերիների, ռազմագերիների վերադարձի հարցի շուրջ առաջընթաց չարձանագրեց։ Ի՞նչ կարելի է սպասել, ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

– Մոսկվայի հանդիպումը, ճիշտ է, հարցին լուծում չտվեց։ Տեղաշարժերի առումով չեմ ուզում խոսել, որովհետև այս թեմայի վերաբերյալ մարդիկ հիմնականում ակնկալում են հստակ ժամկետներ և վերադարձի հետ կապված կոնկրետ գերեվարված անձանց թիվ, որը պետք չէ հրապարակային հնչեցնել։ 

Բայց ասեմ, որ երեք երկրների ղեկավարների հետ կապված քաղաքական զարգացումներին զուգահեռ տարվում են իրավական գործընթացներ ամենատարբեր մակարդակներում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչն է աշխատում, տարբեր իրավապաշտպաններ, նաև ակտիվորեն օգտագործվում են խորհրդարանական խողովակները՝ հաշվի առնելով խորհրդարանականների կապերը։ 

Մասնավորապես, վերջերս, օրինակ՝ մեկ նման դիմում ես եմ ներկայացրել ԵԽ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողով։ Առաջիկայում միջազգային տարբեր ատյաններում, որոնցում հայկական կողմը ներկայացված է, այս թեմաներով խոսվելու է։ 

Զուգահեռաբար ԱԺ բարեկամական խմբերն են այս հումանիտար հարցը բարձրաձայնում։ Բացի այդ, գերեվարված անձանց թեման շարունակում է առաջնային խնդիր մնալ, և, կարծում եմ՝ ՌԴ նախագահի ու Հայաստանի վարչապետի առանձնազրույցի ժամանակ այդ հարցը բարձրացվել է, երկու կողմերն էլ շեշտեցին, որ հումանիտար խնդիրները շարունակում են առաջնային մնալ։ 

Զուգահեռաբար, այս մոտեցումը վերահաստատել է Ֆրանսիայի նախագահը։ Միջազգային հանրության ուշադրությունը ևս պետք է հրավիրել այս խնդրի վրա, որովհետև, ցավոք սրտի, ունենք այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր տեսակի նորմերը։ 

Պատերազմական գործողությունների ավարտից հետո գերեվարված անձանց համար կան որոշակի երաշխիքներ, որոնք վերաբերում են նրանց առողջությանը, կյանքին, ինչու ոչ, նաև կապ հաստատելու իրավունքին, նկատի ունեմ՝ նամակագրություն ընտանիքի անդամների հետ, որն այժմ դեռևս չի իրականացվում։ 

Այսօր իմ գործընկերները հանդիպում էին ունենալու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ, և ուզում եմ ասել, որ ամեն հնարավոր բան օգտագործվում է, որ հասնենք կոնկրետ արդյունքների։

– Տիկի՛ն Բաղդասարյան, ձեր ընդդիմախոսներն ասում են, որ ձեր իշխանությունը անկարող է լուծել գերիների վերադարձի հարցը, և դրա ապացույցը մոսկովյան եռակողմ հանդիպումն էր։

– Ամեն դեպքում, 5 տասնյակից ավելի վերադարձած անձ ունենք։ Զուտ համեմատելու կարգով՝ որքա՞ն գերի ենք մենք վերադարձրել, որքա՞ն գերի են նրանք վերադարձրել։

Այսինքն՝ այն բոլոր մարդիկ, որոնք կասկածի տակ են դնում «բոլորը բոլորի դիմաց» թեզը, կարող են թվերի վրա հիմնվել․ 5 տասնյակից ավելի մարդ կա, որ վերադարձել է, գործընթացը շարունակական է, և հենց այսօր էլ որոշակի պրոցեսներ գնում են, և, հաշվի առնելով խնդրի զգայական կողմը, չեմ կարող որևէ ժամկետ, որևէ թվաքանակ նշել։

– Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով՝ պրոցեսներ գնում են։ Այսինքն՝ առաջիկայում գերիների վերադարձի հույս կա՞։

– Բնականաբար, գործընթացները տարվում են այդ ուղղությամբ, որպեսզի վերադարձը մեկ օր շուտ կազմակերպվի։ Մենք ամենատարբեր մակարդակներով ու խողովակներով աշխատում ենք այս հարցի շուրջ, նաև գիտեք՝ հանդիպումներ են եղել երկու երկրների անվտանգության մարմինների ներկայացուցիչների միջև: 

Այս թեման նախօրեին քննարկվել է ՌԴ-ում ՀՀ գլխավոր դատախազի ու իր ադրբեջանցի և ռուս գործընկերների հանդիպմանը։ Անկախ պետական մարմինների կարգավիճակից, բոլորը լծված են այս խնդրի շուտափույթ լուծմանը։

– Կարծիք կա, որ Ադրբեջանը փորձում է գերիների միջոցով ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա՝ նոր զիջումներ կորզելու համար։ Ի՞նչ կասեք այդ առնչությամբ։

– Այն, որ Ադրբեջանը կարող է որպես ներքաղաքական ազդեցության լծակ օգտագործել այդ հարցը, միանշանակ է։ Բայց չեմ կարող պնդել, որ Ադրբեջանը դրանով փորձում է այլ, ավելի բարենպաստ դիրքեր ամրապնդել։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am