7or.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկման թեման եղել է նոր կոալիցիա կազմելը։ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ մերժել է ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու նախագահի առաջարկը և անիմաստ համարել տարատեսակ պաշտոնների շուրջը սակարկություն սկսելը՝ նշելով, որ եթե ՀՀԿ–ն այդքան ձայն է վերցրել, ապա թող ինքն էլ կրի ամբողջ պատասխանատվությունը։
Կոալիցիա կազմելն իմաստ կունենար այն դեպքում, երբ նոր կառավարության գործունեության հիմքում դրվեր ԲՀԿ–ի նախընտրական ծրագիրը, Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանը գնահատվեր անբավարար, գործադիր իշխանության ղեկավարի պոստն ու կառավարության կազմումը վերապահվեր ԲՀԿ–ին, և ձևավորվեր հանրության լայն կոնսոլիդացիան ապահովող թիմ։ Միայն այս պայմաններով էր հնարավոր նոր կոալիցիայի ձևավորումը, ինչը, սակայն, չէր նշանակելու, թե ԲՀԿ–ն հայտարարելու էր առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։ Դա նշանակելու էր, որ երկրում փոփոխությունները տեղի կունենային անցնցում տարբերակով։ Ինչպես և սպասվում էր, Սերժ Սարգսյանը չհամաձայնեց այդ տարբերակին։ Հետևաբար ՀՀԿ–ն կգնա իր, իսկ ԲՀԿ–ին՝ մեկ այլ ճանապարհով։
Հասկանալի է, որ ՀՀԿ գործկոմի նիստից առաջ Սարգսյանը ցանկանում էր «կոալիցիա» օպերացիայի միջոցով լուծված տեսնել ԲՀԿ–ին «դե ֆակտո» խաղից հանելու հարցը, սակայն ոչնչի չհասավ, և այդ նիստում, թերևս, կքննարկվեն ավելի կենցաղային ու տեխնիկական հարցեր, ասենք՝ հանրապետականների գրասենյակի տանիքի վառվելու պատճառները, դրա հետևանքները և այն, թե որ գործարարի գրպանից պետք է հանվի տանիքի վերանորոգման փողը։
Փաստորեն, Սերժ Սարգսյանի բոլոր ջանքերը՝ ԲՀԿ–ին կոալիցիայի մեջ ներգրավելու միջոցով չեզոքացնել այդ ուժին, ապարդյուն անցան։ ԲՀԿ–ն գնում է սեփական ուղով և պահպանում ինքնուրույնությունը, իսկ ՀՀԿ–ն մնում է ՕԵԿ–ի հույսին, եթե չհաշվենք, իհարկե, տարատեսակ հաճախորդներին, որոնք Ծառուկյանի այս քայլից հետո վերջնականապես հայտնվելու են քաղաքական լուսանցքից դուրս։
Տեղին է նկատելը, որ հիմա բավական անհարմար վիճակում են հայտնվելու նաև բոլոր այն «վերլուծաբանները», լրագրողներն ու քաղաքական կոչված գործիչները, ովքեր 100–տոկոսանոց համոզվածություն էին հայտնում, թե ՀՀԿ–ԲՀԿ կոալիցիան կայացած փաստ է, պարզապես նախարարների ու մարզպետների պաշտոնների սակարկություններ են գնում, ու միայն այդ պատճառով չի հայտարարվում նոր կոալիցիայի մասին։ Իշխանամետ խմբագիրներից մեկը նույնիսկ չէր ուզում գրազ գալ այդ թեմայով, քանի որ հաստատ գիտեր, որ ԲՀԿ–ն կոալիցիա է մտնելու և մարդասիրական մղումներից ելնելով՝ չէր ցանկանում դատարկել այլոց գրպանը։
ԲՀԿ–ի վրա ճնշումներ կիրառելու և գալիք նախագահական ընտրությունների համար սատարում կորզելու գործում անհաջողության մատնվելուն զուգահեռ՝ իշխանությունն ակամայից պայթեցրեց լրատվական դաշտի «մուտիլովշիկներին» և հերթական անգամ «քաշեց» նրանց այնպես, ինչպես այն օրերին, երբ հայտարարվում էր, թե 100 տոկոսով ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով է մասնակցելու ԱԺ ընտրություններին։ Ինչևէ։
Այսպիսով՝ Գագիկ Ծառուկյանը ցույց տվեց, որ իր խոսքի տերն է, և շատ ավելի թանկ է գնահատում հասարակության լայն շրջանակների վստահությունը, քան պաշտոնը, և պատրաստ է ամեն ինչ կորցնել, բայց այդ վստահությունը պահել, հաղորդում է 7or.am-ը։
© Medialab.am