Ուրիշի պատերազմ. Սիրիայում քաղաքական պայքարը հայ համայնքին ոչ մի լավ բան չի խոստանում

Ուրիշի պատերազմ. Սիրիայում քաղաքական պայքարը հայ համայնքին ոչ մի լավ բան չի խոստանում
Ուրիշի պատերազմ. Սիրիայում քաղաքական պայքարը հայ համայնքին ոչ մի լավ բան չի խոստանում

«Ալևիներին ծովը նետել, քրիստոնյաներին ուղարկել Լիբանան»` նման կարգախոսներ կարելի է կարդալ սիրիացի ընդդիմադիրների պաստառներին: Այս տրամադրությունները սիրիահայերին վախեցնում են, հայաստանցիներին` մտահոգում:
Սիրիայում հայերը ավանդաբար սատարել են իշխող ալևի փոքրամասնությանը: Աշխատում էին այսպես` հայերը նախագահ Ասադին տալիս էին իրենց ձայները, հավատարմությունը, իսկ ալևի նախագահն ապահովում էր համայնքի անվտանգությունը և բարեկեցությունը: Արաբագետ Սուրեն Մանուկյանի խոսքով` այս սկզբունքը հաջողությամբ գործում էր երկար տարիներ:

«Մենք ինչ վերաբերմունք էլ որ ունենանք այսօրվա կառավարությունների նկատմամբ, որ իշխում են Իրանում և Սիրիայում, այնուամենայնիվ պետք է ընդունենք, որ այս կառավարությունները շատ բարենպաստ են հայկական համայնքի տեսանկյունից: Բնականաբար, այս կառավարությունների փոփոխությունն իր հետ անորոշություն կբերի: Միգուցե ոչ մի բան չփոխվի, միգուցե նոր կառավարությունները շատ լավ վերաբերվեն հայազգի իրենց քաղաքացիներին: Բայց փաստն այն է, որ այսօրվա կառավարությունը շատ լավ է վերաբերվում հայերին»,- ասում է Մանուկյանը:

Մեզ չհաջողվեց սիրիաբնակ հայերից որևէ մեկնաբանություն ստանալ: Մարդիկ լարված են: Կարծիքներ շատ կան, բայց ասվում են շշուկով, առանց ձայնագրիչ սարքի: Արաբագետը բացատրում է` համայնքում ցնցումներ չեն սիրում: Ոմանք արդեն լքել են երկիրը և թաքնվել Լիբանանում:

«Հայ համայնքները միշտ վախ ունեն: Վախենում են ապակայունացումից: Ինչքան ավելի երկար տևի քաղաքացիական պատերազմը, ինչքան ավելի ռեալ լինեն ԱՄՆ-ի կողմից ճնշումները և, միգուցե, ռազմական գործողությունները, այդքան մեծ հարվածներ կկրեն հայկական համայնքները»,- ասում է արաբագետը:

Փորձագետները կանխատեսում են` եթե Սիրիայում հաղթեն Ասադի ռեժիմի դեմ պայքարողները, հայերին կսպառնա երկու հիմնական վտանգ. առաջինը` Թուրքիայի օգնությամբ ամրացած ընդդիմությունն է: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով` նոր Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն անհամեմատ մեծ կլինի: Ցեղասպանությունը լավ հիշող սիրիահայերի համար սա առնվազն անհարմար կյանք է նշանակում:

«Այն վտանգը, որ Թուրքիան ևս պատրաստ է կամ առաջինը կարող է մտնել Սիրիա, հայերի հիշողության մեջ շատ բացասական է հնչում: Որովհետև Սիրիայի հայ համայնքը ձևավորվել է հենց Ցեղասպանության հետևանքով: Այս հոգեբանական ճնշումը, կարծում ենք, կստիպի հայերին լքել երկիրը»,- ասում է Իսպիրյանը:

Կա մեկ այլ, ավելի լուրջ վտանգ: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, թե որքան էլ զարմանալի հնչի, այս վտանգի անունը ժողովրդավարություն է:

«Իսլամական երկրներում միշտ նման վտանգ կա: Բանաձևը հետևյալն է` շատ ժողովրդավարություն` շատ իսլամ: Դա նշանակում է իսլամի ներթափանցում քաղաքականության մեջ: Ալևիները Սիրիայի բնակչության մոտ 10 տոկոսն են կազմում: Եթե քաղաքականությունն ավելի դեմոկրատական դառնա, այսինքն` «դեմոսն» ավելի մեծ ազդեցություն ունենա, ապա իսլամի ազդեցությունն ավելի շատ կլինի, իսկ ալևիների ազդեցությունը` ավելի քիչ: Սիրիայի քաղաքական մշակույթի դեպքում շատ հնարավոր են սցենարներ, որոնք երևում են այնտեղի ընդդիմադիրների բարձրացրած պաստառների վրա` «Ալևիներին ծովը նետել, քրիստոնյաներին ուղարկել Լիբանան»,- «Մեդիալաբին» պատմում է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am