Փաշինյանը պետք է քիչ խոսի միջազգային ասպարեզում, նա շարունակում է իրեն խայտառակ պահել, բան չունի ասելու. Հրաչյա Արզումանյան

Հրաչյա Արզումանյանը (Լուսանկարը՝ անձնական արխիվ)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը

– Պարո՛ն Արզումանյան, որո՞նք էին Նիկոլ Փաշինյանի՝ բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթինին տրված հարցազրույցի ուղերձներն ու ո՞ւմ էին դրանք ուղղված։

– Առաջինը պետք է հասկանալ, ու դա պարզ և հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, ու դա նկատեց նաև լրագրողը։ Պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի համար նման առաջնորդ ունենալն արդեն աղետ է, առաջնորդն իրավունք չունի վախենալուց՝ մանավանդ պատերազմի ժամանակ։ 

Երկրորդ՝ ինձ համար հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանը շարունակում է մնալ ռազմավարական դաշնակից, ընդհանուր դաշնակից, ու Նիկոլ Փաշինյանը ցանկություն չունի փոխել իր մոտեցումները։ 

Անընդունելի է տեսնել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ ադեկվատ է․ նրան փորձում են բացատրել, որ խաղաղություն արդեն չի լինելու, միջազգային անվտանգային միջավայրը լրիվ այլ վիճակում է, բայց Նիկոլ Փաշինյանը չի ուզում տեսնել, որ պատերազմ է գնում տարածաշրջանում, աշխարհում, ինքը չուզեց հրաժարվել խաղաղության իր կոնցեպտներից։ 

Ընդհանուր հարցազրույցից ստացած տպավորությունը շատ վատ է, նա փախչում էր հարցերին ուղիղ պատասխանելուց։ Բացի սրանից՝ նա չի համարձակվում ասել, որ Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, ու դա կազմակերպել են Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը: Նա այս մասին չի բարձրաձայնում ու շատ նուրբ «խոսում» է էթնիկ զտման մասին: Դա, իմ կարծիքով, անընդունելի է, ընդամենը խոսում է փաստաթղթերից ու զարմանում, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն կատարում իրենց պարտավորությունները։ Այսինքն՝ նա ցույց է տալիս, որ չի հասկանում, թե ինչպե՛ս է աշխատում դիվանագիտությունը, ի՛նչ է դիվանագիտությունը, իսկ դա վտանգավոր է Հայաստանի համար։ 

Նիկոլ Փաշինյանը չի ուզում այլ դաշնակից գտնել, այդ հարցերին՝ արդյոք պատրա՞ստ եք Եվրամիությանը նայել՝ որպես դաշնակցի, Նիկոլ Փաշինյանը փախչում է այդ հարցերից, ու դա շատ ու շատ տխուր տպավորություն է թողնում։ 

Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ ու չի ուզում կառուցել համապարփակ անվտանգության ու պաշտպանության համակարգը Հայաստանում։ Վարչապետն օգտագործում է բառեր, անում հայտարարություններ, որոնք ինքը կյանքի չի կոչելու, խոսում է դիմադրության մասին, բայց ամբողջ հարցազրույցը ցույց է տալիս, որ ինքը ո՛չ պատրաստվում է կազմակերպել Հայաստանի դիմադրությունը ագրեսիայի ժամանակ, ո՛չ ուզում է, որ հայ հասարակությունը պատրաստվի ու դիմակայի թշնամուն։ Նոր դաշնակիցներ չի փնտրում, հեռավորություն էլ չի պահում Ռուսաստանից ու Թուրքիայից։ Նիկոլ Փաշինյանն իսկապես մեզ համար դառնում է առաջին խնդիրը։

– Ասելիք չկա՞ր նույն Ռուսաստանի նախագահին, Արևմուտքին։

– Չէ՛, ես տեսել եմ միայն մեկ մեսիջ՝ Նիկոլ Փաշինյանը վախենում է Պուտինից, Ռուսաստանից, ֆիզիկապես վախենում է, իսկ մարդն այդ վիճակում չի կարող մտածել ու խոսել ռազմավարության մասին։ Նա չի վերահսկում իր բառերն ու քայլերը Ռուսաստանի նկատմամբ։

– Պարո՛ն Արզումանյան, նկատի ունեք, որ անձնական վա՞խ ունի Նիկոլ Փաշինյանը։

– Ես, այո՛, տեսել եմ անձնական վախ, չտեսնելով, թե նա ինչպես է խոսում լրագրողի հետ, բայց կարդալով հարցազրույցը, ես տեսնում եմ անձնական վախ ու, երևի, ես միակը չեմ, որ դա տեսել եմ, աշխարհում շատերը կտեսնեն, ցավոք սրտի։ Իմ կարծիքով՝ մենք՝ որպես ժողովուրդ, պետություն, այդքան վախեցած չենք, որքան Նիկոլ Փաշինյանը, ես ինձ նսեմացված եմ զգում նման վարքով, արտահայտություններով հանդես եկող ղեկավար ունենալու համար։ 

– Այն, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, թե ինքն ամեն ինչ անելու է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվի, իրականությունից կտրվա՞ծ հայտարարություն է։

– Նա ոչինչ չունի ձեռքի տակ, նա ի՞նչ ունի, որ կարողանա տարածաշրջանի մակարդակով մտածել։ Նա մի երկրի ղեկավար է, որ պարտվել է շարունակվող պատերազմում ու պետք է կազմակերպի դիմադրություն ագրեսիայի դեմ, բայց նա այսօր ոչինչ չունի այսօր տարածաշրջանում, որ խոսի։ 

Նա պետք է միայն ու միայն աշխատի Հայաստանում, միայն հայաստանյան հասարակության հետ՝ վերականգնելով վստահությունը՝ բարձրացնել դիմադրությունը։ Նիկոլ Փաշինյանը պետք է քիչ խոսի միջազգային ասպարեզում, նա բան չունի ասելու, նա պարտված վարչապետ է ու շարունակում է իրեն խայտառակ պահել։ Երբ դու պարտված ես շարունակվող պատերազմում, դու իրավունք չունես դուրս գալ ասպարեզ, քեզ ո՞վ է լսելու, դու չկաս, դու բանակ չունես, դու պառակտված հասարակություն ունես, դու վախվորած քաղաքական գործիչ ես, քո խոսքն ո՞ւմ է պետք։ 

– Բայց զենք են գնում Ֆրանսիայից, Հնդկաստանից, հարաբերություններ են կարգավորում…

– Նա ասաց, որ հարաբերություններ չի փոխում, Ռուսաստանը կա ու մնալու է, մնացած ուղղություններով դիվերսիֆիկացիա է անում։ Պետք չէ մարդկանց ապուշի տեղ դնել, բոլորն ամեն ինչ հասկացել են, Հայաստանը եղել է ու մնում է Ռուսաստանի դաշնակից։ Նա գնահատական չի տալիս Ռուսաստանի գործողություններին, չի ասում, որ չի ընդունում Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, ինչ արեց Արցախում։ Վստահ եմ, որ այս հարցազրույցն Արևմուտքում թողնելու է շատ խղճուկ ու անընդունելի տպավորություն։ Նա պատրաստ չէ դիմադրելու Պուտինին, Էրդողանին ու այն ամենին, ինչ մենք տեսնում ենք 2020 թվականից սկսած։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am