«Ապագա կա՞, թե՞ ոչ»․ 90-ի շեմին մոտեցող Ֆանյան և Քնարիկը՝ Հայաստանի, աշխարհի, ծերության և կյանքի մասին

89-ամյա Ֆանյա Մկրտչյանը և 83-ամյա Քնարիկ Բարսեղյանը ամեն օրվա պես վիճում են՝ ապագա կա՞, թե՞ ոչ։ Քնարիկ Բարսեղյանը վստահ է՝ ներկա իշխանության հետ հույս չկա, իրենք դեպի կործանում են գնում, բայց Ֆանյա Մկրտչյանը պնդում է՝ հույս էլ կա, ապագա էլ, միայն պետք է լավատես լինել։ 

«Ես հույսով եմ ապրում, որ ամեն ինչ լավ կլինի, ես լավատես եմ, կարող ա դրանից ա, որ չեմ բողոքում իշխանություններից»,- ասում է Ֆանյա Մկրտչյանը։

«Ոչ մի հույս էլ չկա, ու էսօր մենք ոչինչ չենք կարող անել, մենք ուղղակի պիտի սպասենք, որ թուրքը գա ու մեզ մեր տան մեջ սպանի: Ես ինձ համար չեմ վախենում, ջահել, սիրուն երեխաներ են մահանում, իրենց տունը քանդում են, ես՝ հեչ, ծեր եմ, պրծնեմ, գնամ ամուսնուս մոտ, ավելի լավ, ջահելներն են մեղք։

Ամբողջ երկրում սուգ ու շիվան ա, մեր գյուղում 3 տեղ դրոշը կա, 3 զոհ ունենք մեր գյուղից։ Ոչ երկիր ունենք, ոչ ղեկավարություն, ես վախենում եմ, շատ եմ վախենում ջահելների ու եկող սերնդի համար»,- ասում է Քնարիկ Բարսեղյանը, հուզվում, սրբում աչքերը։

Ֆանյա Մկրտչյանը և Քնարիկ Բարսեղյանն ապրում են մայրաքաղաքից 16 կմ հեռավորության վրա գտնվող Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում։ Հենց տեղի դպրոցում էլ երկար տարիներ դասավանդել են՝ Ֆանյան՝ հայոց լեզու և գրականություն, իսկ Քնարիկը՝ ֆիզիկա։ Ասում են՝ ամուսինները ևս ուսուցիչներ են եղել, Ֆանյա Մկրտչյանի ամուսինը՝ ֆիզկուլտուրայի, Քնարիկ Բարսեղյանի ամուսինը՝ պատմության։ 

Կողք կողքի ապրող երկու ընկերուհիները մենակ են մնացել և ամուսինների մահվանից հետո իրենց կյանքը լցրել մեկմեկով: Բացի ընդհանուր մասնագիտությունից և տարիների մտերմությունից, նախկին ուսուցչուհիներին միավորում է նաև ցավը։ Ֆանյան հիվանդության պատճառով կորցրել է դստերը, իսկ Քնարիկը՝ որդուն։

Նախկին ուսուցչուհիներն ամեն օր հանդիպում են, օգնում իրար, նեցուկ լինում, քննարկում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանի գլխին եկածը, հիշում ու համեմատում ներկան անցյալում մնացած երիտասարդ տարիների և սիրելի Սովետի հետ: 

Ընկերուհիներին շատ բաներ են այսօր անհանգստացնում, դրանցից մեկն է, օրինակ՝ ներկայիս կրթության որակը։ Ասում են՝ երեխաներն այսօր դպրոցից գիտելիքներ գրեթե ձեռք չեն բերում։

«Մեր ժամանակ ոչ ոք բարձր չէր ստանա, եթե, օրինակ՝ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն կարդացած չլիներ, բայց այսօր նույնիսկ ուսուցիչները դրանք երևի չեն կարդում։ Երբեմն նայում եմ՝ էնպիսի ուսուցիչներ կան, էնպիսի ուսուցիչներ են եկել մեզ փոխարինելու, որ չեն տիրապետում ուսուցչի ճիշտ շարժուձևին, խոսելաձևին, վարվեցողությանը և չունեն համապատասխան գիտելիքներ, բայց հանդիպել են նաև լավ ուսուցիչներ, որոնք հիացրել են նույն այդ հատկանիշներով»,- ասում է Ֆանյա Մկրտչյանը։

Քնարիկ Բարսեղյանի խոսքով՝ պետության սխալը ևս կա՝ ուսուցիչներին լավ չի վարձատրում, չէ՞ որ պատշաճ վարձատրությունը և գնահատանքը կարող են ուսուցչին ոգևորել՝ իր գործն ավելի լավ անելու համար։

Այնուամենայնիվ, ուսուցիչները նշում են՝ ներկայիս սերունդն ավելի զարգացած է, իսկ պատճառը նորագույն տեխնոլոգիաներն են։ Սակայն նույն այդ տեխնոլոգիաներն են, որ իրենցից խլում են իրենց սիրելիների հետ շփվելու ժամանակը։

«Մեկ-մեկ թոռանս ուզում եմ սիրեմ, ասում ա՝ տատի՛, մի՛ արա, բան եմ նայում, նայածներն էլ չգիտես՝ ինչ ա, ինչով են զբաղվում դրանց մեջ։ Ուզում եմ հետները խոսեմ, սիրեմ, բայց իրենք էդ հեռախոսների մեջ են։ Բայց հիմա ես էլ եմ սովորել հեռախոսից օգտվել։ Վիդեոներ եմ նայում Շիրազի, Թումանյանի մասին, թեթև կինոներ եմ նայում։

Ես սկսեցի հեռախոսով զբաղվել, որովհետև գիշերները չէի քնում։ Լսել եմ, որ ծերերը գիշերները չեն կարողանում քնել, որովհետև փորձում են իրենց ցերեկները երկարացնել։ Է՛հ, ծերությունը տխրություն ա»,- ասում է Ֆանյա Մկրտչյանը։

Իսկ Քնարիկ Բարսեղյանը հույսը կտրել է հեռախոսից օգտվել սովորելուց, միայն երազում է երկու թոռներին ամուսնացնել, բայց ասում է՝ նրանց ամուսնացնելու հույսն էլ է կարծես չքանում, այդ պատճառով էլ ոչինչ չի ասում։ 

«Էլ ինչ ասեմ, էլ ոնց ասեմ, մեկ ա գիտեմ, որ լինող բան չի, հույսս կտրել եմ։ Բայց էդպես չի կարելի, չէ՞, ամուսնանալ է պետք, բա դրանից կարևոր բա՞ն կա»,- մտահոգվում է Քնարիկ Բարսեղյանը։

Ամենամտահոգիչը, սակայն, այն տեղեկություններն են, որ լսում են ամեն օր հեռուստացույցով։ Ասում են՝ երբեմն նույնիսկ ցանկություն չի լինում հեռուստացույցը միացնելու՝ հերթական բոթը չլսելու համար։ 

Ուսուցչուհիներին անհանգստացնում է ուկրաինացի ժողովրդի հետ կատարվածը։ Քնարիկ Բարսեղյանը մեղադրում է Ուկրաինայի երկրի ղեկավարին։ Ասում է՝ վատ քաղաքական գործիչ է, այդ պատճառով սեփական երկիրը դեպի կործանում տարավ։ 

Կանայք զարմանում են ուկրաինացի ժողովրդի ցավի վրա ուրախացողների վրա՝ ինչպե՞ս կարելի է ուրախանալ այդ փաստից, իրենք՝ որպես զավակ կորցրած մայրեր, հասկանում են՝ ինչ է նշանակում երեխա կորցնելը։ Միակ ցանկությունն այն է, որ այլևս ոչ մի ծնող նույնը չզգա։

«Թուրքի քույրն անգամ թող չզգա զավակ կորցնելու ցավը, թող չզգա էն, ինչ մենք ենք զգացել, Քնարիկ»,- նշում է Ֆանյա Մկրտչյանը։

Քնարիկը հակադարձում է ընկերուհուն՝ ես թուրքին չեմ խղճում։ Թուրքը երեկ մեր տղային սպանեց։ Երկու տղաները սահման էին գնում, նրանցից մեկին թուրքը սպանեց:

«Ես չեմ ուզում, որ մեր 21-22 տարեկան ջահելները մեռնեն, պատերազմ տեսնեն, պատերազմից վատ բան չկա, թող խաղաղություն լինի, ու ոչ մեկի տունն էլ չքանդվի»,- խոսակցությունը փակում է Քնարիկը։