Այդ մարդիկ գալիս են խոչընդոտելու քարոզարշավը, ինքնաբուխ չեն գալիս, իսկ այդ արարքը պատասխանատվություն է ենթադրում. Ալխաս Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը

– Տիկի՛ն Ղազարյան, ձեր քաղաքական թիմի քարոզարշավի վերջին օրերն առանց միջադեպերի չեն անցնում, միջադեպերը լինում են քաղաքացիների ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Փաշինյանի խոսույթը թե՛ քաղաքացիների, թե՛ ընդդիմադիրների վերաբերյալ ինչպե՞ս եք գնահատում: Ձեր թիմի կողմից վերջերս ընդունված Էթիկայի կանոնագրքի կետերին համապատասխա՞ն է Նիկոլ Փաշինյանի խոսույթը:

– Քարոզարշավի մեկնարկը շատ դրական հունով էր ընթանում ու այդպես շարունակվեց մինչև այն պահը, քանի դեռ, այսպես ասած, հատուկ ուղարկված մարդիկ, որոնց մասին մենք նաև գրել ենք, չէին փորձում հնարավորինս խոչընդոտել քարոզարշավի ընթացքը: Սրա հետևանքով էլ, բնականաբար, լինում են փոխադարձ վիրավորանքներ: Ես հիմա չեմ ուզում գնահատական տալ, որովհետև դա իմ գործառույթը չէ, Էթիկայի կանոնագրքի վերաբերյալ կոնկրետ ուսումնասիրություն իրականացնում է մեր վերահսկող հանձնաժողովը, ու մենք կհետևենք, կհասկանանք, թե ի՛նչ են իրենք արձանագրել, ու ինչ ընթացքով է գնալու: Մնացյալ առումով՝ դասական քարոզարշավ է իր ամբողջ ատրիբուտով: 

Այսօր էլ Լոռու մարզում եղավ նմանատիպ պրովոկացիա, և նկատելի է, որ նույնաբովանդակ հարցեր են բարձրաձայնում, պարզապես փորձելով խոչընդոտել քարոզարշավի ընթացքը, բայց այս անգամ ամեն բան ավելի հանգիստ ընթացավ, վարչապետը չարձագանքեց, քանի որ պարզից էլ պարզ է, որ այդ մարդիկ ինքնաբուխ չեն գալիս, գալիս են, որ խոչընդոտեն քարոզարշավը, իսկ այդ արարքն իր հերթին պատասխանատվություն է ենթադրում: Սա էլ արդեն իրավապահների տիրույթում է, իրենք պետք է հետևեն, հասկանան՝ ինչքանով է իրավաչափ: 

– Ինչո՞ւ եք բացառում, որ այդ մարդիկ իսկապես կորուստ ունեցող մարդիկ են ու իրենց խոսքն են ասում Նիկոլ Փաշինյանին: 

– Քանի որ մենք այս տարիների ընթացքում գրեթե բոլորի հետ հանդիպել ենք, ովքեր իսկապես նման խնդիր ունեն, ճանաչում ենք։ Եթե հիշում եք, Արմավիրի մարզում վարչապետը ճանաչում էր քաղաքացուն, որի որդին Վարդենիսի դեպքերի ժամանակ մահացել էր, մոտեցավ, լսեց նրան: Խնդիրն այն է, որ մենք լավ գիտենք, թե ովքեր են գալիս իսկապես հարց բարձրաձայնելու, իսկ ովքեր՝ խանգարելու համար: 

– Երեկվա միջադեպից հետո բերման ենթարկվեց Արթուր Օսիպյանը՝ խուլիգանության հոդվածով, օրինաչափ համարո՞ւմ եք նրա ձերբակալումը:

– Էլի եմ ասում, որ քարոզարշավը խոչընդոտելը ենթադրում է պատիժ, բայց ես չեմ ուզում իրավապահների փոխարեն որոշել՝ որքանով է օրինաչափ, բայց նա նախապես ֆեյսբուքյան գրառում էր արել, նոր եկել քարոզարշավ: Հասկանո՞ւմ եք, մարդը կանխամտածված եկել էր ինչ-որ մի գործողություն իրականացնելու, դրա գնահատականն արդեն իրավապահները պետք է տան: 

– Նիկոլ Փաշինյանի խոսույթը՝ «կզըցնելու եմ, ստահակներ, անուղեղ շպիոն, ստահակ, ծախված» և այլ վիրավորանք, բռնության կոչ, ատելության խոսք չե՞ք որակում, տիկի՛ն Ղազարյան: 

– Որտեղի՞ց եկան այդ բառերը՝ «կզած, համբալ», Քոչարյան Ռոբերտն առաջին անգամ խոսեց այդ բառերով, ու այդ բառերը փոխադարձորեն, հայելային անդրադարձ ունեցան:

– Այսինքն՝ որոշել եք վիրավորանքին վիրավորանքո՞վ պատասխանել:

– Մենք ոչինչ չենք որոշել, քարոզարշավը օրգանիկ ընթանում է: Գուցե իրենք ինչ-որ քաղտեխնոլոգիաներ են կիրառում, բայց մենք դա չենք անում: Նման խոսույթը դաշտ է նետվել ընդդիմադիրներից, ու սկսվեց այդ հեռավար բանավեճը: 

– Ստացվում է՝ համակարծիք չե՞ք, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում քննադատությունը սովորական քաղաքացիների, որոնք այս կամ այն խնդիրն են ներկայացնում:

– Բացարձակ, ճիշտ հակառակը, Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է Հայաստանում եղել, որը բոլոր քաղաքացիների հետ խոսել է, բոլորին լսել է: Շփումների ու հանդուրժողականության առումով մենք ընդհանրապես խնդիր չունենք: 

– Օրենսդրական փոփոխություն եք առաջարկում, որի համահեղինակը դուք եք, ըստ որի կաշառք տալու դեպքում անձը պետք է ենթարկվի 10 տարվա ազատազրկման: Ինչո՞ւ եք որոշել ավելացնել պատժի ժամկետը:

– Սա կախարգելիչ միջոց կարող է լինել այն մասսայական դեպքերի, որոնց մենք ականատես ենք լինում, այսօր էլ մենք տեսանք հերթական ձայնագրությունը այդ բովանդակությամբ: Ընտրակաշառքների այդ մասսայականությունը մեզ դրդեց նման նախաձեռնությամբ հանդես գալ: 

– Եղած օրենսդրական կարգավորումները արդյունավետ չե՞ք համարում:

– Փաստացի դա չվախեցրեց որոշ մարդկանց, որպեսզի իրենք չգնան մասսայական ընտրակաշառք բաժանելու ճանապարհով, այդ առումով հասկացանք, որ գուցե այն բավարար չէ: 

– Իսկ այս գաղտնալսումները որքանո՞վ են իրավաչափ:

– Ես կարծում եմ, որ ինչ-որ հիմքեր լինում են դրա համար: Հարց է հնչում, չէ՞, ինչու ենք հատկապես մի քանի քաղաքական ուժի մասին լսում: Ես կարծում եմ, որ նրանք դա այնքան մասսայական են իրականացնում, ոչ պրոֆեսիոնալ մարդկանցով նույնիսկ, որ հիմք է տալիս հայտնվելու իրավապահների ուշադրության ներքո:

– Նկատի ունեք մյուս քաղաքական ուժերը ավելի պրոֆեսիոնա՞լ մարդկանցով են անում դա, դրա համար էլ չեն գաղտնալսվում:

– Չէ, նկատի ունեմ, որ իրենց մոտ դա այնքան մասսայական է, որ չնկատելն անհնար կլինի:

– Կաշառք տալու համար 10 տարի ազատազրկումը որքանո՞վ արդյունավետ կլինի, եթե նկատի ունենանք, որ արդեն իսկ գործող իրավակարգավորումների համաձայն՝ կաշառք տալու կամ կաշառք ստանալու հանցակազմով գեթ մեկ դատապարտված անձ չկա վերջին չորս տարիների ընթացքում: 

– Ես էլ եմ այդ ուղղությամբ մտածել, բայց լինում են դեպքեր, երբ տեսնում ես, որ կա ընտրակաշառք, բայց փաստական հիմքերը բավարար չեն, սա իմ ենթադրությունն է: Բայց մեր առաջարկած փոփոխության դեպքում, ես կարծում եմ, արդեն կլինեն նման դեպքեր, որովհետև վերջին դեպքերը փաստացի կաշառք բաժանելու դեպքեր են: Օրենքը կաշխատի, ու մենք դա կտեսնենք, պատժաչափի ավելացումը գուցե մարդկանց զերծ կպահի, կվախեցնի գնալ այդ քայլին: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am