Ընտրակաշառքի դեմ «անհաշտ պայքար»՝ առանց պատժի․ քանի՞ մարդ է իրականում ազատազրկվել 

Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ շրջանառության մեջ է դրվում օրենսդրական նախաձեռնություն՝ ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու համար պատիժները խստացնելու վերաբերյալ։ Նախագծով առաջարկվում է ընտրակաշառք տալու համար առավելագույն պատիժը սահմանել մինչև 10, իսկ ստանալու համար՝ մինչև 9 տարվա ազատազրկում։

Հայաստանի իշխանությունները յուրաքանչյուր ընտրությունից առաջ պարբերաբար հայտարարում են, որ ընտրակաշառքի դեմ պայքարը լինելու է անհաշտ, և դա դարձել է առաջնահերթություն։ Յուրաքանչյուր ընտրությունից առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է ընտրակաշառքի դեպքերի բացահայտումների, բերման ենթարկված անձանց, նախաձեռնված քրեական վարույթների մասին։ 

Օրերս էլ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ ընտրակաշառքների, ընտրակեղծիքների դեմ պայքարում իրավապահ համակարգը և, մասնավորապես, Դատախազությունը խիստ է և հետևողական։

«Ցանկացած փորձ՝ խեղաթյուրելու մարդու ազատ կամարտահայտությունը, հանդիպելու է կոշտ իրավական հակազդեցության»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը և հիշեցրել, որ ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ։ 

Սակայն հրապարակային կոշտ հայտարարությունների և անհանդուրժողականության մասին խոսույթի ֆոնին՝ պաշտոնական վիճակագրությունն այլ պատկեր է ցույց տալիս։

ՀՀ գլխավոր դատախազության՝ «Մեդիալաբին» տրամադրած տվյալները փաստում են, որ 2022-2025 թվականներին ընտրակաշառքի հետ կապված քրեական վարույթների թիվը չափազանց փոքր է, իսկ իրական ազատազրկման դեպքերը՝ գրեթե բացառիկ։

Փաստացի, 2022-2025 թվականներին ընտրակաշառք ստանալու ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով նախաձեռնվել է ընդամենը 2 վարույթ, ընտրակաշառք տալու ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածով՝ 10 վարույթ, իսկ ընտրակաշառքի միջնորդության ՀՀ քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով՝ ոչ մի վարույթ։

Այս սակավաթիվ վարույթների և ավելի հազվադեպ դատավճիռների մեջ իրական ազատազրկման դեպքերը գրեթե բացակայում են։ Եվ այսպես, ընտրակաշառք ստանալու համար դատապարտված 4 անձից միայն մեկն է ազատազրկվել, իսկ ընտրակաշառք տալու համար դատապարտված 4 անձանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել։

2022-2025 թվականների ընթացքում հարուցվել են նաև քրեական գործեր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով, ըստ որի 15 անձ դատապարտվել է, որոնցից միայն 1-ը՝ ազատազրկման, 5-ը՝ տուգանքի, իսկ մյուսների նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել։ 

Այո, 2022 թվականից առաջ ՀՀ քրեական օրենսգրքում ընտրակաշառքի նկատմամբ մոտեցումները էականորեն մեղմ էին, և դա որոշակիորեն կարող է բացատրել մինչ այդ հարուցված գործերի թե՛ սակավությունը, թե՛ պատիժների մեղմ լինելը։ 

Սակայն 2022 թվականի հուլիսից ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգիրքը էապես փոխեց ընտրակաշառքի վերաբերյալ իրավական մոտեցումները։ Եթե նախկին Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածը մեկ դրույթի շրջանակում միավորում էր ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման և ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու տարբեր դրսևորումները, ապա նոր օրենսգիրքը դրանք տարանջատեց առանձին հանցակազմերի՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու,  ընտրակաշառքի միջնորդության համար։

Նոր օրենսգրքի հիմնական տրամաբանությունն այն էր, որ ընտրակաշառքը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկանգամյա ընտրական խախտում, այլ որպես կոռուպցիոն բնույթի կազմակերպված հանցագործություն։

Այդ տրամաբանությամբ առավել մանրամասն նկարագրվեցին ընտրակաշառքի տարրերը։ Ընդլայնվեց ոչ միայն ընտրակաշառքի առարկայի սահմանումը, այլև հստակեցվեցին այն գործողությունները, որոնք կարող են դիտվել որպես ավարտված հանցանք։ Առավել ուշագրավ էր ընտրակաշառքի միջնորդության նոր ձևակերպումը։ 

Օրենսգիրքը միջնորդություն է համարում ոչ միայն գումարի փոխանցումը, այլև ընտրակաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության կայացմանը նպաստելը, փոխանցումը կազմակերպելը կամ այդ գործընթացին այլ կերպ աջակցելը։

Սա կարևոր փոփոխություն էր, որովհետև Հայաստանի ընտրական փորձը ցույց է տվել, որ ընտրակաշառքը սովորաբար գործում է ոչ թե մեկ անձի գործողությամբ, այլ ամբողջ կազմակերպված շղթայով՝ համայնքի ազդեցիկ անձանց, նախընտրական շտաբների համակարգողների, վստահված անձանց, թաղային հեղինակությունների միջոցով։

Հենց այդ պատճառով միջնորդության համար առանձին պատասխանատվություն սահմանելը ներկայացվում է որպես ընտրակաշառքի ամբողջ մեխանիզմը քրեականացնելու փորձ։ Սակայն իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ օրենսդրական այս խստացումը գործնականում ընդհանրապես չի կիրառվում, և հենց այդ են վկայում Գլխավոր դատախազության տրամադրած տվյալները։

Այս թվերը հատկապես ուշագրավ են Հայաստանի քաղաքական իրականության ֆոնին, որտեղ ընտրակաշառքը տարիներ շարունակ դիտարկվել է ընտրական գործընթացների ամենատարածված խախտումներից մեկը։

Պատժելիության մասով ևս ակնհայտ հակասություն կա օրենքի խստության և իրական պրակտիկայի միջև։ Նոր Քրեական օրենսգիրքը նախատեսում է՝ ընտրակաշառք տալու համար 3-8 տարվա ազատազրկում, ընտրակաշառք ստանալու համար մինչև 7 տարվա, իսկ միջնորդության համար մինչև 5 տարվա ազատազրկում։

Փաստացի, օրենքի խստության և կիրառման միջև հսկայական հակասություն կա, և նույնիսկ այն դեպքերում, երբ մեղադրանքը հասել է դատավճռի, իրական ազատազրկումը բացառիկ դեպք է եղել։

Այս իրավիճակը հատկապես հակասական է իշխանությունների քաղաքական հայտարարությունների ֆոնին։ Հայաստանի իշխանությունները պարբերաբար խոսում են ընտրակաշառքի տարածվածության, դրա դեմ հետևողական պայքարի և «զրո հանդուրժողականության» մասին, սակայն եթե ընտրակաշառքը շարունակում է գնահատվել որպես համակարգային խնդիր, ապա նախաձեռնված վարույթների, դատապարտումների և հատկապես իրական ազատազրկումների այսպիսի պատկերը դժվար է արդյունավետ համար թե՛ պատժելիության, թե՛ կանխարգելման քաղաքականության տեսանկյունից։

Փաստացի պատկերը վկայում է, որ ընտրակաշառքի դեմ պայքարը շարունակում է մնալ ավելի շատ քաղաքական հայտարարությունների և ընտրություններից առաջ ակտիվացող ակցիաների մակարդակում, քան ամբողջական և կայուն քրեական քաղաքականության շրջանակում։

Երբ իշխանությունները խոսում են «անհաշտ պայքարի» մասին, բայց չորս տարվա ընթացքում ընտրակաշառքի միջնորդության համար չի հարուցվում նույնիսկ մեկ քրեական վարույթ, երբ տասնյակ հրապարակային հայտարարությունների ֆոնին իրական ազատազրկումները բացառիկ դեպքեր են, առաջանում է գլխավոր հարցը՝ արդյո՞ք համակարգը իսկապես պայքարում է ընտրակաշառքի դեմ, թե՞ պարզապես ստեղծում է պայքարի իմիտացիա։ 

Այս տվյալների ֆոնին բաց է մնում հարցը, թե որքա՛ն արդյունավետ է ընտրակաշառքի դեմ հայտարարված «անհաշտ պայքարը» գործնականում։

Զարուհի Հովհաննիսյան

MediaLab.am