Դատարանի դահլիճից հրապարակված Գագիկ Խաչատրյանի լուսանկարը և տեսանյութերը լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Լուսանկարում ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդ է՝ պատգարակի վրա պառկած, ամբողջ մարմինը ծածկված, դատարանի նիստերի դահլիճի կենտրոնում։ Շուրջը՝ դատավարության մասնակիցներ, փաստաթղթեր։
Մի կողմում՝ պետության կազմակերպած քրեական դատավարության ամբողջ ինստիտուցիոնալ մեխանիզմը, մյուս կողմում՝ ֆիզիկապես ծայրահեղ խոցելի վիճակում գտնվող մարդը։ Գագիկ Խաչատրյանի՝ դատարանից հրապարակված այս լուսանկարը պարզապես ծանր տեսարան չէ։ Այն պետության՝ մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքի մասին լրջագույն ահազանգ է։
Երբ դատավարական գործընթացը արդարության վերականգնման նպատակից նահանջում է՝ վերածվելով անձի արժանապատվության ոտնահարման ու խոշտանգման, այն դադարում է ծառայել արդարությանը, դառնում է այնպիսի տեսողական մշակույթի մաս, որտեղ մարդու արժանապատվության ոտնահարումը վերածվում է հանրային սպառման նյութի։
Մանվել Գրիգորյանի՝ կալանավայրից հրապարակված լուսանկարը, Գագիկ Ծառուկյանին գետնին տապալելու տեսարանը, դատարանի դահլիճի մեջտեղում պատգարակի վրա պառկած Գագիկ Խաչատրյանը տարբեր մարդիկ են, որոնք անշուշտ պետք է կանգնեն արդարադատության առաջ, բայց մեթոդներն ու տեսողական լեզուն նրանց ներկայացնում են ոչ թե որպես դատավարության սուբյեկտ, այլ որպես հանրային նվաստացման օբյեկտ։
Խաչատրյանի դեմ մեղադրանքները ծանր են և վերաբերում են կոռուպցիոն հանցագործությունների։ Սակայն մեղադրանքի ծանրությունը չի նվազեցնում նրա իրավունքների պաշտպանվածությունը։ Այո, պետությունն իրավունք և պարտավորություն ունի քննելու կոռուպցիոն ծանր մեղադրանքները, բայց ոչ մի մեղադրանք պետությանը չի ազատում մարդու արժանապատվությունը հարգելու պարտավորությունից։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը պետության առջև շատ հստակ պահանջ է դնում՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Եվ այս պարագայում անձին պատգարակով դատարան տեղափոխելը՝ առանց բժշկական հսկողության և ուղեկցության, ավելացնում է նրա ֆիզիկական տառապանքները։
Դեռևս 2021 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի մի շարք խախտումներ։ Գործը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում էր ծանր առողջական խնդիրներ ունեցող անձի տեղափոխման պայմաններին և նրա մասնակցությանը դատական նիստերին։
ՄԻԵԴ-ը գնահատել էր, որ տեղափոխումների պայմանների և դրանց տևողության կուտակային ազդեցությունը հասել էր անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի շեմին։ Այս վճիռը վերաբերում է նախկին իշխանությունների ժամանակահատվածում անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ պետության իրականացրած գործողություններին, սակայն եթե ՄԻԵԴ-ի վճիռներից հետո չեն փոխվում ընթացակարգերը, չեն ստեղծվում խոցելի առողջական վիճակում գտնվող անձանց համար համապատասխան մեխանիզմներ, չեն կիրառվում հնարավոր այլընտրանքներ, ապա պետությունը ոչ միայն պարտվում է միջազգային դատարանում, այլև չի սովորում իր իսկ պարտություններից դասեր քաղել։
Այսպիսով, պետությունն արդարադատություն իրականացնելիս պարտավոր է ունենալ այնպիսի ընթացակարգեր, որոնք կանխում են ֆիզիկապես ծայրահեղ խոցելի անձանց նկատմամբ նվաստացնող վերաբերմունքը։
Պետք է լինեն հստակ չափանիշներ, թե ինչպես է անձը տեղափոխվում, ինչպիսի բժշկական ուղեկցությամբ, և ով է պատասխանատու, եթե այդ պահանջները չեն պահպանվում։ Պետությունը պարտավոր է ոչ միայն չխոշտանգել, այլ նաև կանխել այնպիսի իրավիճակները, որոնք կարող են հասնել անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի։
Պետությունը նաև պարտավոր է պաշտպանել մարդուն հանրային նվաստացումից։ Քրեական հետապնդումը հանրային հաշվեհարդարի իրավունք չի տալիս։ Քննության կամ դատավարության մասնակից լինելը չի նշանակում, որ անձը կարող է վերածվել տեսարանի, որի միջոցով հանրությանը ցուցադրվում է նրա ֆիզիկական խոցելիությունը։ Պետական մարմինները պետք է ապահովեն, որ քրեական արդարադատության հաղորդակցությունը չվերածվի անձի արժանապատվությունը խաթարող տեսողական ներկայացման։
Եվ, ի վերջո, մարդու արժանապատվությունը չի կարող դրվել արդարադատության զոհասեղանին։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

