Երբ պետության առաջին դեմքը բարձրախոսով, հրապարակավ, հպարտորեն տալիս է «Ինչո՞ւ ես կենդանի, ինչո՞ւ չես զոհվել» հարցը, դա այլևս քաղաքական խոսույթ չէ, այլ դատավճիռ է, որտեղ ողջ մնալը հանցագործություն է, սգալը՝ դիվերսիա, իսկ սեփական տնից ու հայրենիքից զրկված մարդը՝ ընտրարշավը խանգարելու համար փողով ուղարկված, ավելորդ աղմուկ առաջացնող անձ։
Հայաստանում բառերն այլևս չեն ծառայում հաղորդակցությանը, դրանք վերածվել են բարոյական կառափնարանի, որտեղ ամեն օր մահապատժի է ենթարկվում մարդկային արժանապատվությունը։
Ցավալիորեն, դա համընդհանուր միտում է, բոլորը փորձում են ընտրարշավը վերածել դատաստանի, միմյանց նկատմամբ լինել դաժան, կարծես թե այդ անողոքությունից է կախված հաջողությունը, ոչ թե կարեկցանքից հյուսված, ապագայի հանդեպ լույսով լցված գաղափարներից։ Բայց ընտրվել է այլ ուղի, և այդ ուղին անցնում է մեկ արտահայտության միջով․ ինչո՞ւ չենք զոհվել բոլորս, որ չհնչեցնենք անհարմար հարցադրումներ, որ չպատմենք մեր ցավի, մեր կորստի, անարդարության մասին։
Ու ամեն վայրկյան, ունենալով մեղքի զգացում, թե ինչո՛ւ ենք ողջ մնացել, մենք ստիպված ենք արդարանալ։ Բայց երբ երկրի վարչապետը բռնի տեղահանված արցախցուն հրապարակավ հարցնում է․ «դու խի՞ ես կենդանի», այս խոսքերը գործող վարչապետի շուրթերից հնչում են մի հասարակությունում, որտեղ կա հայրենազրկում, և այս խոսքն այլևս քաղաքական կոշտության կամ էմոցիոնալ պոռթկման հետևանք չէ։ Սա պետական մակարդակով արտահայտված բարոյական աղետ է, որտեղ զոհվածը ներկայացվում է որպես արժանի, իսկ փրկվածը՝ որպես մեղավոր։
Վարչապետի այս արտահայտությունները հնչեցին այն բանից հետո, երբ Արցախից տեղահանված, ռուս խաղաղապահների անգործության դեմ ժամանակին բողոքի ակցիաներ կազմակերպած Արթուր Օսիպյանը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին և փորձեց բանավեճի մեջ մտնել։ Սակայն պատասխանը ոչ թե զգայուն խոսք էր, այլ հրապարակային նվաստացում և մեղադրանք։
Այս խոսքերը հնչեցին ոչ թե փակ սենյակում, այլ բարձրախոսով, մարդկանց ներկայությամբ, ընտրարշավի ընթացքում, ուստի ուղղված են բոլորիս, յուրաքանչյուրիս, որ չզոհվեց, ապրեց՝ ուրիշների փոխարեն։ Եվ այդ պահից առաջանում է ամենածանր հարցը․ իսկ ինչո՞ւ մենք բոլորս չենք զոհվել, ինչո՞ւ դեռ ունենք զգայարաններ՝ լսելու, տեսնելու, տարբերելու կարողություն։ Ինչո՞ւ դեռ չենք կորցրել մարդկային նվազագույն զգացողությունը, որ կարողանանք սա նորմալ համարել։
Եվ սա մեկ դրվագ չէ։ Այս մոտեցմանն են արժանանում գործող վարչախմբի բոլոր հանրային քննադատները։ Քարոզարշավի ընթացքում վարչապետը բղավում և ձեռքով քաշում էր 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած սպա Հրանտ Պապիկյանի քրոջը։
Մի ուրիշ դրվագում նա վիրավորական ու նվաստացուցիչ արտահայտություններ է անում Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված զինվորի պապին, որը պարզապես փորձել էր կիսվել կորստի ցավով ու բազմաթիվ հարցերով, որոնք գործի քննության արդյունքում մնացել են անպատասխան։ Բայց նույնիսկ այդ պահին իշխանության արձագանքը ոչ թե կարեկցանքն էր, այլ մեղադրանքը։ Փաշինյանը հայտարարեց, թե մարդկանց ուղարկում են․ «․․․200 հազար դրամ տալիս են, որ խանգարեն․․․»
Այս ամենն այլևս կոշտ քաղաքական պայքար չէ, այլ իշխանության ներկայացուցչի՝ մարդկային ցավի նկատմամբ բացարձակ անհաղորդություն է։ Երբ պատերազմում անհայտ կորածի քույրը, տեղահանված արցախցին կամ հրդեհում զոհված զինվորի պապը այլևս չեն ընկալվում որպես ողբերգություն ապրած մարդիկ, այլ ներկայացվում են որպես խրախճանքը խաթարողներ։
Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտնի խոսքերը․ «Եկել ես այստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես»։ Թե ինչ եղավ նրա իշխանության հետ, բոլորս գիտենք, բայց դասեր չենք քաղում, որևէ իշխանություն չի մտածում, որ ինքը ևս հեռանալու է հենց բարոյականության քայքայման հետևանքով։
Այս ընտրարշավն էլ կավարտվի, բայց այս բառերը մնալու են որպես իշխանությունների չսերտած դասեր, կներհյուսվեն հանրային գիտակցությանը՝ սակրալացնելով զոհաբերությունն ու արժեզրկելով կյանքը։
Որովհետև երբ իշխանությունը զոհաբերությունը դարձնում է քաղաքական լեգիտիմության չափանիշ, հասարակության մեջ սկսում է արժեզրկվել հենց մարդկային կյանքը։ Այդ դեպքում փրկվածը պիտի արդարանա, սգացողը պիտի լռի, քննադատողը պիտի մեղադրվի, իսկ ցավ ունեցող մարդը ապացուցի, որ իր վիշտը «վճարված» չէ։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am















