Նրանք ուզում էին փրկվել, բայց՝ սպանվեցին.16 տարի՝ Զարուհուց մինչև Մարիաննա․ փոխվել են օրենքները, բայց ոչ մահվան սցենարները 

Ոչ ոք երբևէ ամբողջությամբ չի կարող պատկերացնել, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այնտեղ, որտեղ ընտանիքը պիտի լիներ ամենաապահով վայրը, հաճախ ձևավորվում է վախի և վերահսկողության մի համակարգ, որից դուրս գալը դառնում է կենաց-մահու խնդիր։

Օրերս Գեղարքունիքի մարզում 22-ամյա հղի կնոջ՝ Մարիաննայի ողբերգական մահը կրկին հանրային ուշադրության կենտրոն բերեց ընտանեկան բռնության թեման։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ երիտասարդ կինը մահացել է Երևան-Սևան ճանապարհին ընթացող մեքենայից դուրս ընկնելու կամ նետվելու հետևանքով։ Սակայն նրա քրոջ հրապարակային հայտարարությունները ներկայացնում են բոլորովին այլ պատմություն՝ երկարատև ֆիզիկական ու հոգեբանական բռնության, վերահսկողության, նվաստացման, սպառնալիքների մասին և, վերջապես, նման կյանքից փախչելու և փրկվելու որոշման, որի համար հատուցեց կյանքով։

Այս պատմությունը ցավալիորեն հիշեցնում է ինձ 2010 թվականին սպանված 20-ամյա Զարուհի Պետրոսյանի դեպքը։ Այդ ժամանակ ևս հենց քույրն էր բարձրաձայնել այն իրականության մասին, որը երկար ժամանակ մնացել էր փակ դռների հետևում։ Նա պատմում էր պարբերական ծեծի, նվաստացումների, շահագործման, սպառնալիքների և մեկուսացման մասին։ Նկարագրում էր, թե ինչպես էր երիտասարդ կինը փորձել հեռանալ բռնարարից, սակայն սպառնալիքների և ճնշման ներքո կրկին վերադարձվել էր։

16 տարվա տարբերությամբ այս երկու պատմությունները գրեթե նույն սցենարն ունեն․
երկու երիտասարդ կանայք, երկուսն էլ՝ երկարատև բռնության, վերահսկողության պայմաններում փորձել են հեռանալ, և երկու դեպքում էլ հենց քույրերն են հետմահու բարձրաձայնել այն, ինչ համակարգը ժամանակին բավարար կերպով չի լսել։

Սա պատահական զուգադիպություն չէ։ Միջազգային բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ կնոջ սպանության ռիսկը կտրուկ աճում է այն պահին, երբ նա որոշում է կայացնում հեռանալ բռնարարից կամ խզել հարաբերությունները։ Բռնարարի համար դա հաճախ ընկալվում է որպես վերահսկողության կորուստ, և հենց այդ փուլում բռնությունը կարող է դառնալ ծայրահեղ վտանգավոր։

Մարիաննայի և Զարուհու դեպքերում այդ վտանգի ազդակները ակնհայտ էին․
պարբերական ծեծ, սպառնալիքներ, խանդ և վերահսկողություն, սոցիալական մեկուսացում, տնտեսական կախվածություն, վախի մթնոլորտ, հեռանալու փորձ։

Այս բոլոր ազդակները միջազգային պրակտիկայում դասվում են բարձր ռիսկային գործոնների շարքին՝ ֆեմիցիդի, այսինքն՝ կնասպանության տեսանկյունից։

2010 թվականին, երբ սպանվեց Զարուհի Պետրոսյանը, Հայաստանում ընտանեկան բռնության թեման գրեթե տաբու էր։ Չկար ընտանեկան բռնության մասին առանձին օրենք, չկային պաշտպանության համակարգեր, և միայն ակտիվիստական խմբերն ու հասարակական կազմակերպություններն էին պայքարում, որ խնդիրը ճանաչվի պետության կողմից։

Այսօր իրավիճակը որոշ չափով փոխվել է։ Հայաստանն ունի ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք, գործում են ապաստարաններ, թեժ գծեր, սոցիալական ծառայություններ, ներդրվել են արձագանքման որոշ մեխանիզմներ, հասարակության մեջ թեման ավելի տեսանելի է դարձել։ Բայց Մարիաննայի պատմությունը ցույց է տալիս, որ համակարգային փոփոխությունները դեռևս բավարար չեն։

Եթե 2010 թվականին երիտասարդ կնոջը կարող էին տարիներ շարունակ ծեծել՝ առանց արդյունավետ միջամտության, ապա 2026 թվականին ևս նույն տարիքի մի կին կարող է հայտնվել նույն մահաբեր ցիկլում, և բոլոր ներդրված միջոցները անկարող լինեն կանխելու այդ ողբերգությունը։ Այս ընթացքում փոխվել են օրենսդրությունը, հանրային քննարկումների ծավալը, բայց ոչ միշտ՝ արձագանքի արդյունավետությունը։

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը շարունակում են աճել նաև պաշտոնական վիճակագրությամբ։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում ամեն օր արձանագրվում է ընտանեկան բռնության առնվազն 4-5 դեպք։ 2025 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 1723 դեպք, ինչը 2024 թվականի համեմատ աճել է 363 դեպքով՝ մոտ 27 տոկոսով։ Միայն Երևանում դեպքերի թիվն աճել է 85 տոկոսով՝ 398-ից հասնելով 735-ի։ Եվ սա միայն պաշտոնապես գրանցված դեպքերն են՝ Ոստիկանության ահազանգերի տեսքով։

Մասնագետները տարիներ շարունակ ընդգծում են, որ իրական թվերը շատ ավելի մեծ են, քանի որ բազմաթիվ կանայք չեն դիմում ոստիկանություն՝ վախի, տնտեսական կախվածության, երեխաների համար անհանգստության, հանրային խարանի կամ համակարգի նկատմամբ անվստահության պատճառով։

Սակայն յուրաքանչյուր նման ողբերգությունից հետո սոցիալական ցանցերում կրկնվում են նույն հարցերը, թե ինչո՛ւ կինը չէր հեռանում, ինչո՛ւ էր դիմանում, ինչո՛ւ էր վերադառնում, չընկալելով, չպատկերացնելով, որ ընտանեկան բռնությունը պարզապես կոնֆլիկտ չէ երկու հավասար կողմերի միջև։ Այն իշխանության և վերահսկողության համակարգ է, որտեղ բռնարարն աստիճանաբար մեկուսացնում և ենթարկեցնում է անձին՝ զրկելով նրան ինքնուրույնությունից։

Կանայք հաճախ մնում են բռնարար հարաբերություններում ոչ թե որովհետև ցանկանում են, այլ որովհետև վախենում են, չունեն ֆինանսական անկախություն, բնակարան կամ աջակցող միջավայր, վախենում են երեխաներին կորցնելուց, չեն վստահում, որ համակարգը կպաշտպանի իրենց, և դա հաճախակի է լինում։

Եվ ամենավտանգավոր փուլը հենց հեռանալու փորձն է։ Զարուհին փորձել էր հեռանալ։ Մարիաննան ևս, ըստ հարազատների, ծրագրում էր բաժանվել և հեռանալ երկրից։ Բայց նրանցից ոչ մեկը չհասցրեց անվտանգ դուրս գալ բռնության միջավայրից։

Եվ սա ամենալուրջ ձախողումներից մեկն է․ դեռևս չի հաջողվել ստեղծել բավարար տեղեկացվածություն, անվտանգության ապահովման մեխանիզմներ և այնպիսի վստահություն, որ կինը կարող է իրականում դուրս գալ բռնության ճիրաններից։

Մարիաննայի և Զարուհու պատմությունները երկու տարբեր ժամանակների ողբերգություններ չեն։ Դրանք նույն համակարգային խնդրի շարունակությունն են։

Երբ 16 տարի անց գրեթե նույն տարիքի կանայք նույն սցենարով զոհվում են ընտանեկան բռնության հետևանքով, դա նշանակում է, որ համակարգերը դեռևս ամբողջությամբ չեն գիտակցել խնդրի վտանգավորության աստիճանը, իսկ հասարակությունը չի հաղթահարել բռնության նորմալացման մշակույթը։

Եվ քանի դեռ բռնությունը չի դիտարկվում որպես մարդու իրավունքների և հանրային անվտանգության խնդիր, հերթական ողբերգությունը կրկին լինելու է ոչ թե բացառություն, այլ կանխատեսելի հետևանք։

Զարուհի Հովհաննիսյան

MediaLab.am