Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է բջջային հավելվածով նկարված ճանապարհային իրավախախտումների թվում, որոնց հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, ավելացնել նաև ավտոմեքենայում դիմակ չկրելու խախտումը:
«Այդտեղ ի՞նչ խնդիր կա. մարդը տեսավ, նկարեց, արձանագրվեց, որ մեքենայում առանց դիմակի անձ կա, համարը գրվեց, վարորդին տուգանում են դրա համար: Մենք հիմա այն վիճակում ենք, որ դա պետք է ավելացնել այդ ցանկում: Մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ հակահամաճարակային շարժում ենք սկսում, բայց նրանց չենք ուզում համապատասխան գործիք տա՞լ: Որտե՞ղ է խնդիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այդտեղ մարդու անձնական կյանքի իրավունքի հետ կապված խնդիր կա:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հավելեց, որ եթե անձին տեսանկարահանում են կոնկրետ ժամին, կոնկրետ վայրում, և իր մասին տեղեկություններ են հավաքում, դա միանշանակ անձնական տվյալների մշակում է, ինչը խնդրահարույց է:
«Ավելի լավ, թող դիմակով լինեն, այդ դեպքում՝ չեն ճանաչի, թե ով է, ինչքան էլ նկարեն: Եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում ու չեն ուզում, որ կողքից իրենց ճանաչեն, շատ լավ միջոց է կրել դիմակներ: Ապակիները մգեցնելու կարիք էլ չկա, մանավանդ ոստիկանությունը ռեյդեր է անում, որ մուգ ապակիներով մեքենաներ չլինեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընթացքի ժամանակ նկարելու դեպքում մարդու դեմքը չի երևա, փոխարենը կերևա՝ դիմակով է, թե ոչ:
Անդրադառնալով դիտարկմանը, որ պատասխանատվություն կրում է ոչ թե վարորդը, այլ կոնկրետ անձը, որը դիմակ չի կրել, վարչապետը նշեց. «Ուրեմն պետք է փոխել, պետք է պատասխանատվությունը դնել վարորդի վրա: Կներեք, որ փողոցում տեսախցիկները կախած են, մարդը տակով անցնում է, այդտեղ անձնական տվյալների խնդիր չկա՞»:
Արդարադատության նախարարը խոստացավ ևս մեկ անգամ ուսումնասիրել խնդիրը, որպեսզի դիմակ չկրելու մասը նույնպես ներառվի արձանագրվող դեպքերի ցանկում:
Կառավարությունը հունիսի 11-ի նիստում սահմանեց պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները:
Ըստ նախագծի, ամսական մեկ օգտատիրոջ կողմից մեկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ 30 հաղորդում: Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող եւ սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում: Դրանցից են հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն: