«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը
– Տիկի՛ն Դավոյան, խորհրդարանական ընդդիմության գործողություններն ինչպե՞ս եք գնահատում։
– Եկեք պայմանավորվենք այդ մարդկանց այլևս ընդդիմություն չանվանել, այլ անվանել ռևանշիստներ, որովհետև երբ տեսնում ենք, թե ովքեր են փողոցում ու ինչ են ուզում, այլ կարծիք լինել չի կարող: Չկան օրակարգ, որևէ փաստարկ՝ ինչի համար են դուրս եկել փողոց, այսինքն՝ մարդկանց համար հասկանալի ու լուրջ որևէ տեքստ չի հնչում, թե իրենք ի՛նչ են ուզում ու ինչի՛ համար են դուրս եկել փողոց։
Այս մարդիկ միայն ուզում են, որ իշխանությունները հեռանան, որից «հետո»-ն իրենք չեն ձևակերպում՝ ի՞նչ է լինելու դրանից հետո։ Որոշ անձանց կողմից հնչում են հայտարարություններ, թե իրենք թալան պիտի հետ բերեն, պիտի Հայաստանը փրկեն: Նրանց ասածներն անհասկանալի են ու որևէ կերպ Հայաստանի քաղաքական օրակարգի հետ կապ չունեն, առավելևս, երբ հնչում են տարատեսակ ռևանշիստների կողմից։
– Ինչո՞ւ եք ռևանշիստ անվանում այդ մարդկանց։
– «Ռևանշիստ» բառն ունի հստակ ձևակերպում, այսինքն՝ ես չեմ որոշելու, թե ռևանշիստը ինչ է նշանակում, դրա համար կարիք չկա, որ ես բացեմ այդ բառի նշանակությունը։ Այդ մարդիկ ուղղակի ուզում են հետ գալ իշխանության։ Երբ նրանք մեծ հերոսություն են համարում Հայաստանի տարբեր պետական շենքերում կամ քաղաքներում Արցախի դրոշը տանել ու դնել, ապա ասեմ, որ դա որևէ հերոսություն չի ենթադրում, որովհետև Հայաստանում միշտ էլ Արցախի դրոշն ով որտեղ ուզել դրել է։ Այս գործողությունը հերոսություն ներկայացնելն արդեն իսկ խոսում է նրանց օրակարգի սնանկության մասին։
– Տիկի՛ն Դավոյան, ձեր բնորոշմամբ՝ այդ ռևանշիստները, որոնք հիմա փողոցում պայքարում են ձեր իշխանության դեմ, հանրության ու քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների խոսքով՝ այդ ամենի մեղավորը դուք եք, որ այդ մարդիկ այս կամ այն քրեակատարողական հիմնարկներում չեն հենց ձեր քաղաքական թիմի շնորհիվ, որոնց ձեր թիմը մեղադրում ու շարունակում է մեղադրել թալանի համար, ու որ խոստացել էիք պատժել այդ մարդկանց։
– Իրականում այդտեղ կա ճշմարտություն, գուցեև խնդիրը հենց այդտեղից է առաջացել, որ մարդիկ ժամանակին իրենց արժանի պատիժը չեն ստացել ու հիմա, օգտվելով դրանից, փորձում են ամեն կերպ շահարկել այն ամենը, ինչը տեղի չի ունեցել։ Այսինքն՝ երբ որոշ մարդիկ ասում են՝ բա որ մենք թալանել ենք, ինչո՞ւ բանտերում չենք, ձեր ասածի ապացույցն է։
Այդ մարդիկ օգտվում են նրանից, որ մենք որոշեցինք իրավական հարթակներում այդ հարցը լուծել, որը մի փոքր ավելի երկարատև գործընթաց է, ու հիմա շահարկում են դա։ Ես ընդունում եմ մեզ ուղղված հանրության այդ դժգոհությունը, այո՛, այս մարդիկ վաղուց պիտի քրեակատարողական հիմնարկների անկյուններում իրենց համապատասխան տեղերը գտած լինեին։
– Ներքաղաքական այս լարվածությունը դեռ որքա՞ն է շարունակվելու, թեև խորհրդարանական ձեր գործընկերներն ասում են, որ իրենք արդեն հաջողել են, որ իշխանությունը ժողովուրդն է, ձեր քաղաքական ուժն արդեն իրավիճակին չի տիրապետում։
– Նախ՝ նրանք նոր են հասկացել, որ իշխանությունը ժողովուրդն է, դա իրենց ասելով չէ, դա այդպես է։ Ժողովուրդն իրենց չի տվել վստահության քվե՝ իշխանության գալու համար, իրենք այդ պահը բաց են թողել, դրանից հետո որոշել են կրկին արհամարհել ժողովրդին ու դուրս գալ փողոց ու իրենք իրենցով որոշել են, որ այլևս իշխանությունը իրենք են, որ Հայաստանում իշխանություն չկա։
Այդ մարդիկ ժողովրդին ո՛չ հարգում են, ո՛չ որևէ կերպ ուշադրություն են դարձնում, երբ իրենց պետք չէ, ժողովուրդը ժեխ է, երբ պետք է՝ արժանապատիվ քաղաքացի։ Այս մարդիկ կրկնելով 2018 թվականի հեղափոխությունը՝ որևէ կերպ հաջողության հասնելու շանս չունեն, որովհետև դա իրենց օրակարգը չէ։ Իրենց օրակարգն իրենց տեղերը վերադառնալն է, որովհետև իրենք իրենց ոչնչություն են զգում առանց իշխանության։
– Տիկի՛ն Դավոյան, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, եթե բանը հասնի հնարավոր բախումների՝ իշխանությունը որոշակի զիջումների կգնա՞, թեկուզ բանակցի ընդդիմադիրների հետ։
– Ի՞նչ բանակցել, ո՞ւմ հետ բանակցել։ Ինչ վերաբերում է բախումներին, նրանք ամեն ինչ անում են, որ բախումներ հրահրեն, սակայն իրավապահ համակարգն աշխատում է ու կատարում է օրենքով իրեն վերապահված բոլոր գործառույթները՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս։
Իրենք պետք է մտածեն այն մասին, որ երբ ժողովրդի համբերության բաժակը լցվի, այլ բաներ տեղի կունենան, պետք է հաշվի առնեն, որ արդեն զայրացնում են ժողովրդին, որովհետև երբ դու չունես ռեալ աջակցություն ու պատրանքներով ես ապրում, թե մեր մոտ այսքան մարդ կա, հասել ենք իշխանության, Նիկոլ Փաշինյանը պետք է անցնցում հեռանա, դա արդեն անլուրջ է։ Նրանք չեն հասկանում՝ որտեղ են գտնվում ու ընդհանրապես ինչ են խոսում։
Երբ մի քանի հարյուր հոգով փողոց են փակում կամ երթերը տարբեր ռակուրսներից ներկայացնելով՝ բազմահազարանոց ցույցերից են խոսում, մոռանում են, որ բոլորս էլ ապրում ենք այս երկրում ու տեսնում ենք իրականությունը։ Հանրային պահանջը ձևավորվում է ժողովրդի, ոչ թե՝ երեք-չորս հոգու կողմից ու տարածվում հատուկ գնացուցակ ունեցող լրատվամիջոցների միջոցով։
– Կարծում եք՝ ընդդիմությունը հանրային աջակցություն չունի՞ ։
– Ես չեմ կարծում, դուրս եկեք, մարդկանց հետ խոսեք, կտեսնեք՝ հանրային աջակցություն ունի՞, թե՞ չունի։ Եթե հանրային աջակցություն ունենան, մարդկանց չեն խնդրի, որ գնան իրենց հավաքներին, կամ այն ձայնագրությունը, որ խոսում են, թե 200 հազարանոց էր այդ օրվա Բաղրամյան պողոտան։ Եթե հանրային աջակցությունը փողն է, եկեք այդ բառակապակցության իմաստը փոխենք։
– Եթե իրական հանրային աջակցություն չունեն, ինչո՞ւ են սկսել այս շարժումը, ո՞րն է ընդդիմության հույսը։
– Հույսը իրենց փողն է։ Տարիներ շարունակ ընտրություններում փողով հաղթել են, հիմա էլ որոշել են, որ փողով էլի ժողովրդին կառնեն, կբերեն հրապարակներ։ Նպատակն իրենց ունեցվածքի պաշտպանությունն է, այլ նպատակ չունեն: Արցախ, վեհ գաղափարներ, հայրենիք՝ այդ ամենը մոռանում ենք, նրանց միակ մտահոգությունը տարիներով դիզած հարստության պահպանումն է։
Այսօրվա հաղորդագրությունն էլ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը սկսել է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթացը, դրա վառ ապացույցներից մեկն է։
Քրիստինե Աղաբեկյան