«Իհարկե, իմ ճանաչումն ավելացավ, բայց դա եղավ իմ նյարդերի, իմ առողջության հաշվին». Աշուղ Ոսկեհուր

«Իհարկե, իմ ճանաչումն ավելացավ, բայց դա եղավ իմ նյարդերի, իմ առողջության հաշվին». Աշուղ Ոսկեհուր
«Իհարկե, իմ ճանաչումն ավելացավ, բայց դա եղավ իմ նյարդերի, իմ առողջության հաշվին». Աշուղ Ոսկեհուր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Աշուղ Ոսկեհուրը

– Տիկի՛ն Ոսկեհուր, Քոչարյանի կալանքը վերացնելու հայտարարության տակ ձեր ստորագրությունը հայտնվելուց հետո դուք հանրային մեծ ճանաչում ձեռք բերեցիք, հատկապես, երբ հայտարարեցիք, որ չեք ստորագրել այդ հայտարարության տակ։ Արդյոք աշխատանքային նոր առաջարկներ եղա՞ն դրանից հետո։

– Ոչ մի առաջարկ էլ չեմ ստացել, և ինձ համար շատ ծանր օրեր էին դրանք։ Ինձ դա բոլորովին պետք չէր, ինձ ճանաչում էին մինչ այդ էլ։ Իհարկե, իմ ճանաչումն ավելացավ, բայց դա եղավ իմ նյարդերի, իմ առողջության հաշվին։ Ես շատ վատ էի զգում այդ քանի օրերին։ 

– Շատերը նշում են, որ այս ամբողջ պատմության մեջ կարևորն այն է, որ ձեզ սկսեցին ճանաչել։ 

– Այնպես չէ, որ ես մի անկյունում ընկած էի, շատերն ինձ ճանաչում էին, բայց այսքան մեծ ճանաչում չունեի։ Այնպես էլ չէր, որ ոչ ոք չէր ճանաչում։ Շատ հեռուստաընկերություններ ինձ հրավիրել են հարցազրույցների։ Իսկ նոր առաջարկներ չկան։

– Իսկ այս պատմությունից հետո փորձեցի՞ն ձեզ հետ կապվել, արդարանալ, որ շփոթմունք է եղել։ 

– Ո՛չ, այդ օրը որ խոսակցությունն այդպես գնաց, և ես տեսա, որ իմ հերքումը կա, ես այլևս դրան չանդրադարձա։ Ես շնորհակալ եմ լրագրողներին, որ հրապարակեցին իմ հերքումը։ Ինձ համար բավական էր, որ հանրությունն իմացավ, որ ես ոչ մի առնչություն չունեմ այդ հայտարարության հետ։ Ես երբեք ոչ մի առնչություն չեմ ունեցել քաղաքականության հետ, ես արվեստի մարդ եմ, իմ գործն արվեստն է։ 

– Հիմա որտե՞ղ եք աշխատում։

– Ջիվանու անվան դպրոցում եմ աշխատում, աշուղական տաղաչափություն եմ դասավանդում։ Մենք հրատարակում ենք գրքեր, որոնց պատասխանատու խմբագիրը ես եմ։ Ես աշակերտների հետ չեմ առնչվում, ես պարապում եմ նրանց հետ, ովքեր ստեղծագործում են։ Տարիքային սահմանափակում չկա։

– Աշուղական արվեստը հիմա որքանո՞վ է հետաքրքրություն վայելում հանրության շրջանում։ 

– Գիտեք, մեծ մասշտաբով հետաքրքրություն չկա, բայց, մյուս կողմից՝ Ջիվանու մեր դպրոցում սովորում են 170-ից ավելի սաներ։ Ամեն տարի այդքան սովորող կա, և այդքան շրջանավարտներ են լինում։ Եթե հետաքրքրություն չլիներ, կլինեի՞ն այդքան աշակերտներ։ Մեր կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում մեզ, պատշաճ համերգներ չի կազմակերպում, և ինչ մենք անում ենք, անում ենք մեր ուժերով։

Իսկ եթե ինչ-որ մեկը չհովանավորի համերգները, դրանք չեն կայանա։ Դուք էլ գիտեք, թե ինչ մեծ գումարների հետ են կապված դրանք։ Իսկ եթե համերգ էլ լինում է, լինում է լեփ-լեցուն դահլիճներում՝ լինի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օպերայի դահլիճում թե մեկ այլ տեղ։ Հետաքրքրություն կա, բայց մեր լրատվամիջոցները, հեռուստաընկերությունները շատ մեծ ուշադրություն չեն դարձնում ժողովրդական, աշուղական երգին։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am