Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։
Առաջին իսկ ընթերցումից փաստաթուղթը լուրջ հարցեր է առաջացնում՝ ոչ միայն բովանդակության, այլև զեկույցին ներկայացվող նվազագույն մասնագիտական, մեթոդաբանական և լեզվական չափանիշների տեսանկյունից։
Դժվար է հասկանալ, թե ինչպե՛ս կարող է պետական կառույցի անունից հրապարակվող և վարչապետի հանձնարարությամբ պատրաստված փաստաթուղթն ունենալ այսպիսի բառապաշար, կառուցվածք և շարադրանքի որակ։ Խնդիրը միայն ոճական չէ, փաստաթղթի լեզուն հաճախ հիշեցնում է դեղին մամուլի նյութ, որտեղ փաստը, մեղադրանքը, ասեկոսեն, գնահատականը և հեղինակի եզրահանգումը հայտնվում են նույն հարթության վրա։
Ուստի, այս դեպքում կարևոր չէ միայն այն, թե ինչ է ասում զեկույցը Եկեղեցու մասին, այլ շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ է այս զեկույցն ասում մեր պետական կառավարման մշակույթի մասին։
Փաստաթուղթը, ըստ հեղինակների, հիմնված է բաց աղբյուրներում առկա տեղեկությունների ուսումնասիրության վրա։ Բայց հենց այստեղ էլ առաջանում է հիմնական խնդիրը․ ի՞նչ է նշանակում «բաց աղբյուր», և ինչպե՛ս, ի՛նչ մեթոդաբանությամբ են ուսումնասիրվել այդ աղբյուրներում հրապարակված նյութերի իսկությունը, և, հատկապես, ինչպե՛ս է բաց աղբյուրում հայտնված պնդումը դառնում պետական փաստաթղթում ներկայացված անհերքելի փաստ։
Զեկույցի առաջին իսկ ուսումնասիրությունը ցույց է տալիս մի մտահոգիչ մեխանիզմ․ պետական ինստիտուտը վերցնում է հանրային շրջանառության մեջ գտնվող՝ երբեմն չստուգված, վիճարկվող, անանուն կամ ակնհայտորեն գնահատողական բնույթի հրապարակումներ և դրանք տեղափոխում պետական փաստաթղթի դաշտ՝ դրանց հաղորդելով պաշտոնական փաստագրության տեսք։
Ավելին՝ պետական մարմնի կողմից նման փաստաթղթի հրապարակումը մի շարք լուրջ հարցեր է առաջացնում մարդու իրավունքների, անձնական տվյալների պաշտպանության, անմեղության կանխավարկածի, արժանապատվության, խտրականության արգելքի, իրավունքի գերակայության և պետություն–կրոնական կազմակերպություններ հարաբերությունների սահմանների վերաբերյալ։
Պաշտոնական կամ պետական պատվերով պատրաստված փաստաթուղթը պետք է առնվազն բավարարի իրավաբանական, վերլուծական և էթիկական բարձր չափորոշիչների։
Տվյալ զեկույցում օգտագործված բառապաշարն ու շեշտադրումները հեռու են պաշտոնական, գրասենյակային կամ գիտավերլուծական ոճից, հակառակը՝ հագեցած են վարկաբեկող, հուզական և սենսացիոն երանգներով։ Փաստաթղթում կիրառված մեթոդաբանությունը ցույց է տալիս, որ չստուգված լուրերը, անանուն նամակները, սոցիալական ցանցերի գրառումներն ու կասկածելի ծագման «ընդհատակյա» տեղեկությունները դրվել են որպես ապացուցողական բազա։ Սա վկայում է այն մասին, որ բամբասանքի ու փողոցի խոսակցությունների ժանրը պետական ապարատի կամ կառույցների կողմից բարձրացվում է պաշտոնական զեկույցների մակարդակի։
Փաստաթղթում առկա են նաև անձնական տվյալների հրապարակման հետ կապված խնդիր։ Ընդ որում՝ բոլոր անուններն ու ազգանունները հրապարակված են բաց, առանց սկզբնատառերի, այդ թվում՝ նույնիսկ ենթադրյալ սեռական ոտնձգությունների դեպքերի պարագայում՝ խախտելով նաև մատնանշվող տուժող անձանց իրավունքները։
Զեկույցում հնչեցվում են ծանր հանցագործությունների՝ մանկապղծության, բռնաբարության, ֆինանսական ապօրինությունների վերաբերյալ պնդումներ ու մեղադրանքներ:
Որպես «փաստարկներ» վկայակոչվում են անանուն նամակներ, մամուլի սենսացիոն հրապարակումներ և սոցցանցային գրառումներ: Պետական փաստաթղթում նմանատիպ աղբյուրներին հղում անելը անհամատեղելի է իրավական պետության չափանիշների հետ: Ավելին, եթե այդ փաստերը պետության տեսադաշտում էին, ապա ինչո՞ւ մինչ այժմ որևէ վարույթ չի նախաձեռնվել, այլ հմտորեն պահպանվել են, որպեսզի հանգրվանեն այսպիսի մի փաստաթղթում։
Փաստաթղթում սեռական կողմնորոշման, նույնասեռականության շահարկումը կիրառվում է որպես անձին վարկաբեկելու կամ բարոյազրկելու գործիք: Եվ հասկանալի է, որ պետական մարմնի կողմից նման բառապաշարի կիրառումը խրախուսում է ատելության խոսքը, խտրականությունը և խարանը:
Եվ վերջապես, ՀՀ Սահմանադրության համաձայն, Եկեղեցին և պետությունը Հայաստանում անջատ են: Պետական միջամտությունը պետք է ունենա հստակ իրավական հիմք, օրինական նպատակ և չխախտի կրոնական ինքնավարության ու ազատության սահմանները:
Բայց հրապարակված փաստաթուղթը մեզ հուշում է այն մասին, որ սա արդեն նախադեպ ստեղծող և կենսունակ գործիք կարող է դառնալ ցանկացած կառույցի համար, որին ինչ-ինչ նպատակներով կուղղվի պետության ղեկին կանգնած անձանց հայացքը։
Ուստի, կարևոր է տեսնել և գիտակցել այն բոլոր ռիսկերը, որոնք առաջանում են նման փաստաթղթի հրապարակումից հետո, սկսած մարդու իրավունքների էական խախտումներից մինչև իրավական պետություն և պետական կառավարման էթիկա։
Եվ եթե այսօրվա հարցն այն է, թե ինչ է ասվել Եկեղեցու մասին, ապա վաղը լինելու է այն մասին, թե ո՛վ է հաջորդը հայտնվելու պետական փաստաթղթի էջերում՝ որպես հանրային վարկաբեկման օբյեկտ։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

