«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը մարդու արժանապատվության դեմ հանցագործության տարեգրություն է, որին հետևում եմ արդեն 10 տարի։ Մի բանտ, որտեղ մուտք գործողի զգայարանները փորձում են ամեն կերպ բթանալ, որ չտեսնեն ու չզգան այն ամենը, ինչ զգում է անազատության մեջ պահվող անձը՝ հատկապես երբ հացադուլի մեջ է կամ տեղափոխվում է պատժախուց։ Նուբարաշենում գարշահոտությունը մշտական հարց է։
Կոյուղու հետ կապված պարբերաբար առաջանում են խնդիրներ, կոյուղաջրերը լցվում են կիսանկուղային հարկ՝ «զրոյականներ» կոչվող խցեր, որտեղ մարդիկ ամիսներով չեն տեսնում արևի լույս, որտեղ խոնավությունն ու հակասանիտարական վիճակը սպառնում են առողջությանը, իսկ խավարասերներն ու կրծողները մշտական բնակիչներ են։ Ցավալիորեն, հենց այս խցերն են հաճախ օգտագործվում հացադուլ հայտարարած կամ պատժախուց տեղափոխված անձանց համար։
«Նուբարաշենի» պայմանների մասին վերջին հրապարակային վկայությունը ներկայացրեց արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանը, որը կալանքից ազատվելուց հետո նկարագրեց այնտեղ տիրող իրավիճակը. կոյուղու մշտական հոտ, աղբավայրի գարշահոտություն, արևի լույսի բացակայություն, խոնավություն, զբոսանքի իրավունքի սահմանափակում և առողջության համար վտանգավոր միջավայր։
«Դուռն ենք բացում՝ կոյուղու հոտն է գալիս, պատուհանն ենք բացում՝ աղբանոցի հոտն է գալիս։ Միակ տարբերակն այն էր, որ այնքան ծխեինք, մինչև սիգարետի հոտը խլացներ այդ ամենը»,- պատմել է Օսիպյանը։
Սա հերթական ահազանգը չէ, այլ ապացույցը, որ Հայաստանում գործում է մի համակարգ, որտեղ մարդու արժանապատվությունը, առողջությունն ու նույնիսկ կյանքը մնում են անկարևոր։
Իսկ պետական մարմինները յուրաքանչյուր բարձրաձայնման ժամանակ մշտապես փորձում են նորմալիզացնել դրանք։
Երբ օրերս ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին Factor.am-ի լրագրողն ուղղեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անմարդկային պայմանների վերաբերյալ հարցադրումը, հնչեց հետևյալ պատասխանը․ «․․․պայմաններն այնպիսին են, ինչպիսին են, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք․․․Մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ հացադուլի իրավունքը, պատշաճ ապահովվեն։ ․․․որևէ հարկի հետ կապված որևէ խնդիր չկա, ես բոլոր հարկերում լինում եմ»։
Ուղղակի տրամաբանությունից դուրս է, որ նման պայմանները կարող են խնդրահարույց չդիտվել, և երբ պետությունը գիտի, որ մարդկանց պահում է արժանապատվությունը նվաստացնող և առողջության համար վտանգավոր պայմաններում, դա արդեն մարդու իրավունքների գիտակցված խախտում է։
Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը փաստագրել և հրապարակել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անմարդկային ու նվաստացուցիչ պայմանները։ Խումբը բազմիցս պահանջել է փակել հիմնարկը, իսկ մինչ այդ առնվազն չօգտագործել հատկապես հայտնի «զրոյական» խցերը՝ որպես պատժախուց կամ հացադուլավորների պահման վայր։ Նույնիսկ 2016-2017 թթ․ պետությունը վստահեցրեց, որ 0-ները այլևս բնակելի չեն լինելու, բայց այսօր «Նուբարաշենում» շարունակում են նույնիսկ ամիսներով մարդիկ ապրել նման պայմաններում։






Իմ առաջին այցելությունը «Նուբարաշեն» ՔԿՀ գրեթե 10 տարի առաջ էր, երբ դիտորդական խմբին ահազանգեցին Գևորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու մասին։ Գևորգ Սաֆարյանի պատժախցի դուռը բացվեց, և ես տեսա մի պատկեր, որը մինչ օրս չեմ կարող մոռանալ։ Նա բառացիորեն կանգնած էր կոյուղաջրերի մեջ։ Պատժախցի ռեժիմի համաձայն՝ ցերեկային ժամերին մահճակալը կողպված էր, և մարդը զրկված էր նույնիսկ պառկելու հնարավորությունից, որպեսզի առնվազն ոտքերը բարձր լինեն։ Երբ մոտեցա նրան ողջունելու, ասաց. «Ես կեղտոտ եմ, չե՞ս խորշում, էս պայմաններում այլ կերպ անհնար է»։
Այդ պահին դժվար էր զսպել հուզմունքը։ Բայց ավելի դժվար էր հասկանալ, թե ինչպես կարող է պետությունը նման պայմաններում պահել մարդկանց՝ միաժամանակ խոսելով մարդու իրավունքների պաշտպանության և քրեակատարողական համակարգի բարեփոխումների մասին։
Այս պայմանները պարզապես կենցաղային անհարմարություններ չեն։ Դրանք մարդու արժանապատվության նկատմամբ ոտնձգություն են, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորում, որոնց արգելքը բացարձակ է թե՛ Հայաստանի Սահմանադրությամբ, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։
2022 թվականին ՄԻԵԴ-ը «Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրեց նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պահման պայմանների խնդիրը և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների բացակայությունը, որը վերաբերում էր 2016-2017 թթ.։ Դատարանի որոշման մեջ հիշատակվում էին նաև դիտորդական խմբի արձանագրած փաստերը։ Այսինքն՝ խնդիրը ոչ միայն հայտնի է Հայաստանի իշխանություններին, այլև միջազգային դատական ատյաններին։ Այնուամենայնիվ, իրավիճակը շարունակում է մնալ անմարդկային ու չլուծված։
Ավելին, 2019-ի հունվարին՝ հետհեղափոխական ժամանակահատվածում, գրանցվեց Մհեր Եղիազարյանի մահը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նա ավելի քան 40 օր եղել էր հացադուլի մեջ, բնականաբար՝ նույն անմարդկային պայմաններում, և նրա կենսաբանական մահը վրա էր հասել ՔԿՀ-ում հացադուլից դուրս գալուց կարճ ժամանակ անց։ Մինչ այժմ հանրությանը հայտնի չեն մահվան հստակ պատճառները և պետության կողմից կյանքի իրավունքի պաշտպանության հարցում ստանձնած պաշտպանության ակնառու թերացումների մեղավորները։
Վերջին օրերին, երբ հանրային հետաքրքրությունը կրկին սևեռվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանների վրա, Քրեակատարողական ծառայությունը նպատակահարմար չի համարել լրագրողներին թույլատրել նկարահանում իրականացնել հիմնարկում։ Եթե որևէ հարկի հետ որևէ խնդիր չկա, ինչպես նշում է արդարադատության նախարարը, ապա ինչո՞ւ հանրությունն այդ ամենն իր աչքով չտեսնի ու չհամոզվի։ Պատասխանը պարզ է՝ իրականությունը շատ ավելի ծանր ու դաժան է։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ն վաղուց դարձել է պետության մարդու իրավունքների քաղաքականության մասին վկայող խայտառակ ցուցիչ։ Եվ քանի դեռ այդ բանտը շարունակում է գործել նույն պայմաններով, յուրաքանչյուր նոր ահազանգ, յուրաքանչյուր նոր հիվանդություն, յուրաքանչյուր նոր ողբերգություն լինելու են ոչ միայն համակարգի, այլև պետության պատասխանատվությունը։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am















