Ղազախստանի հայ համայնքում ամեն ինչ հանգիստ է, խնդրահարույց տեղեկություններ չկան. պատգամավոր

RA National Assembly session took place

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հայ-ղազախական բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, Ղազախստանում այս օրերին զանգվածային ակցիաներ են, զոհերի մասին տեղեկություններ են հաղորդվում: Դուք հայ-ղազախական բարեկամական խմբի ղեկավարն եք, արդյոք ունե՞ք տեղեկություններ այդ երկրում հայ համայնքից:

– Այո՛, Ղազախստանում տասնյակ հազարավոր հայեր են ապրում: Մեր հայ համայնքը այդ երկրում շատ կարևոր դերակատարում ունի, հայերն այնտեղ զբաղված են ամենատարբեր ոլորտներում, ունեն խոշոր բիզնեսներ շինարարության ու տարբեր ոլորտներում: Ուզում եմ նշել, որ Ղազախստանի իշխանությունները միշտ արել են ամեն ինչ, որպեսզի այդ բազմազգ երկրում հայերն ունենան իրենց ուրույն դերը, որևէ սահմանափակում չունենան և օգտվեն բոլոր հնարավորություններից:

Այս օրերին մշտական կապի մեջ եմ համայնքի մեր ղեկավարների, ներկայացուցիչների, հայ համայնքը ներկայացնող քաղաքական գործիչների հետ: Ղազախստանի խորհրդարանում մենք ունենք հայ պատգամավոր, որի հետ ևս մշտական կապի մեջ եմ:

Հայ համայնքի հետ կապված իրավիճակը այս պահին, կարող եմ ասել՝ հանգիստ է, խնդրահարույց տեղեկություն կամ իրավիճակ այժմ չկա:

– Մի քանի օր տևած զանգվածային ակցիաներից հետո Ղազախստանի նախագահը երեկ դիմել է ՀԱՊԿ-ին՝ խնդրելով խաղաղապահ ուժեր ուղարկել իրենց երկիր, և Հայաստանը շատ արագ արձագանքեց՝ դրական պատասխան տալով: Ինչպե՞ս եք գնահատում այս դիմումը և Հայաստանի արձագանքը:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը ես համարում եմ համարժեք և ճիշտ ժամանակին: Ինչու եմ նման կերպ արտահայտվում, որովհետև պետք է որ տեղյակ լինեք՝ ՀԱՊԿ անդամ պետությունները ունեն հստակ պարտավորություններ: Եվ այս արձագանքը և Հայաստանի Հանրապետության պահվածքը պետք է դիտարկել որպես անհրաժեշտ պարտավորություն, որ մենք ստանձնել ենք՝ դառնալով ՀԱՊԿ անդամ երկիր:

Լիահույս եմ, որ Ղազախստանում ստեղծված բարդ ճգնաժամը կհաղթահարվի հնարավորինս արագ, և մենք՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր, կնպաստենք, որ իրավիճակը կառուցողական լինի, ու մարդկանց կյանքը չվտանգվի:

– Հանրության մի ստվար հատված, պարո՛ն Հակոբյան, հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց, երբ մեզ առավել անհրաժեշտ էր, երբ թշնամին հատել էր ՀՀ պետական սահմանը:

– Գիտեք, ես կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները պարտավոր են կատարել իրենց ստանձնած պարտավորությունները բոլոր երկրների հանդեպ: Եթե ինչ-որ բան մեզ չի գոհացրել իքս փուլում, մենք պետք է դրա մասին խոսենք, բարձրաձայնենք և ՀԱՊԿ-ն այնպիսի համակարգ դարձնենք, որ բոլոր անդամ երկրները իրենց զգան պաշտպանված և ոչ թե հակառակը: Այսօրվա իրադարձությունները, որ տեղի են ունենում Ղազախստանում ու դրան Հայաստանի և մյուս երկրների արձագանքը, հենց դրա վկայությունն են:

Այս պարագայում Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահությունը ստանձնած երկիր, առաջնային դեր ունի արձագանքման, կազմակերպման ու իրավիճակի շտկման գործում:

– Փորձագիտական շրջանակներում կա տեսակետ, որ Ռուսաստանն է ճնշում գործադրել կամ որոշել, որ Հայաստանն արագ արձագանքել է: Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Նման ձևակերպումը տեղին չէ, քանի որ եթե ՀԱՊԿ անդամ պետություն ես, ունես պարտավորություններ, առավել ևս, եթե նախագահող երկիր ես, ունես կազմակերպչական առաքելություն այս ամբողջ գործընթացում: Այս դեպքում Հայաստանի Հանրապետությունը կատարում է իր ստանձնած պարտավորությունները: Ընդամենը:

– ՀԱՊԿ-ը համարվում է ռուսական ազդեցության կառույց, և ճնշման մասին դիտարկումները այդ հիմքով են արվում…

– Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներից ամենահզորն է իր ռազմական և այլ կարողություններով, և միգուցե ձևակերպումը, որ այդ կառույցը համարվում է ռուսական ազդեցության կազմակերպություն, կապված է այդ իրողության հետ: Բայց ես ուզում եմ ասել, որ ՀԱՊԿ-ը միություն է, որի անդամ են տարբեր երկրներ, և ամեն երկիր ունի իր դերն ու նշանակությունը այդ կառույցում: Հայաստանի Հանրապետությունը՝ որպես նախագահող երկիր, պարտավոր է իրականացնել ՀԱՊԿ կանոնադրությունից բխող պարտավորությունները:

– Պարո՛ն Հակոբյան, ըստ էության Ղազախստանի ժողովուրդը դուրս է եկել իր իշխանությունների դեմ՝ սոցիալական և այլ պահանջներ ներկայացնելով: Արդյոք այս կառույցի գործառո՞ւյթն էր միջամտել այդ երկրի ներքին հարցերին: Ի վերջո, 2018-ին էլ Հայաստանում նման իրադարձություններ եղան, բայց ՀԱՊԿ-ից միջամտություն չեղավ:

– Նախ՝ ոչ ոք ու ոչ մի կազմակերպություն չեն կարող միջամտել ժողովրդի կամարտահայտման իրավունքի իրացմանը: Սա բացառվում է: Սա սկզբունք է, որը երբեք չի կարող խախտվել: Չէի ուզենա մեր ներքաղաքական հարցերը թողած՝ մտնենք այլ երկրների քաղաքական խնդիրների մեջ: Բայց ես կարող եմ մեկնաբանել, որ Հայաստանը չի կարող և երբեք իրեն թույլ չի տա մտնել այլ երկրի քաղաքական օրակարգ:

Խոսքն այս դեպքում միանգամայն այլ բանի մասին է. մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում ունենք ստանձնած պարտավորություններ մեր գործընկեր երկրների հանդեպ, ստացել ենք դիմում ՀԱՊԿ անդամ այլ գործընկերոջից, և Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն ունի կատարել այդ կազմակերպչական աշխատանքները և ունենալ ներդրում՝ գործընկեր երկրի խնդրանքը կատարելու համար:

Նման մեկնաբանությունը իսկապես տեղին չէ, որովհետև մենք բազմաթիվ մարտահրավերների առաջ կանգնած երկիր ենք, գտնվում ենք բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Այս պահը շատ լուրջ է, ու մեզ շատ անհրաժեշտ են կայունություն, տոկունություն, ներդաշնակ աշխատանք մեր գործընկերների հետ:

Ես չեմ ուզենա, որ ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները որևէ մեկը մեկնաբանի այլ երկրի ներքաղաքական կյանքին խառնվելու ու ինչ-որ գործողություններ կատարելու քայլ: Սա իրականության հետ որևէ կապ չունի: Մենք երկիր ենք, որը կատարում է իր ստանձնած պարտավորությունները գործընկեր երկրների հանդեպ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am