Կողմերն անում են հնարավորը, որ միմյանց համար անդառնալի կենսական սպառնալիքներ չսկսեն ներկայացնել. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, ի՞նչ սպասել Նիկոլ Փաշինյան ու Վլադիմիր Պուտին հանդիպումից։ Կողմերի հարաբերություններում որոշակի փոփոխություններ ակնկալել կարելի՞ է։

– Առանձնապես մեծ սպասելիք ունենալու առիթ չկա, մեծ հաշվով, լինելու է դիրքորոշումների ճշգրտման հանդիպում, ու այդ տեսանկյունից սպասել ինչ-որ արդյունքի տեսքով հրապարակային դրսևորումներ, որոնք կտարբերվեն մինչև հիմա եղած գործընթացներից, կարծում եմ՝ չի լինի։ Իհարկե, կողմերը կարող են ոչ հրապարակային ինչ-որ ակնկալիքներ ունենալ, նույնը՝ դիրքորոշումները ճշգրտելու տեսանկյունից։ 

Ես կարծում եմ, որ հարաբերությունների այսօրվա եղած ռեժիմը կպահպանվի, որովհետև այստեղ ավելի շատ ոչ թե կողմերի կամ կողմերից որևէ մեկի վարքագծի հարցն է, այլ՝ միջազգային իրավիճակի, այն համաշխարհային միջավայրի, որը բերում է ինչ-որ անհրաժեշտություններ, ինչ-որ իրողություններ ու ըստ այդմ թելադրում թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի վարքագիծը: Ես սա ասում եմ հրապարակային հայտարարություններից դուրս առումով։ 

Այս տեսանկյունից, կարծում եմ, առանցքային խնդիրը կլինի այն, որ կողմերը փոխադարձաբար ճշգրտեն միմյանց հանդեպ ռազմավարական ռիսկերի աստիճանն ու դրանց սպառնալից բնույթի բացառումը: Իմ տպավորությամբ՝ սա է ամենից շատ լինելու հանդիպման ու քննարկման համատեքստը։ 

– Ճշգրտում ասելով՝ նկատի ունեք հայկական կողմի արտաքին վեկտորը փոխելու վերաբերյալ հայտարարությունների համատեքստո՞ւմ։

– Նաև այդ համատեքստում, այսինքն, ընդհանուր առմամբ, ոչ թե կոնկրետ այն իմաստով, որ Պուտինը հարցնելու է Փաշինյանին՝ հիմա վեկտոր փոխո՞ւմ եք, թե՞ ոչ: Կարծում եմ, որ հարցադրումների բովանդակությունը հազիվ թե այդ աստիճանի լինի։ Բայց, ինչպես նշեցի, ռազմավարական ընթացքի ճշգրտումներ, այսինքն՝ այն իմաստով, որ արդյոք կողմերի վարքագիծը միմյանց հանդեպ պարունակում է ռազմավարական նշանակության, ըստ այդմ՝ մեծ հաշվով, կենսական նշանակության ռիսկեր, բնական է, այդ համատեքստում արդեն կլինեն կոնկրետ քննարկումներ թե՛ տնտեսական թեմաներով, թե՛ Հայաստան-Ադրբեջան թեմայի բոլոր պարամետրերով՝ սկսած սահմանազատում, սահմանագծումից մինչև խաղաղության պայմանագրի կնքում և այլն։ 

Այդ բոլոր հարցերը, բնականաբար, կքննարկվեն, ես նկատի ունեմ, որ ընդհանուր համատեքստում քննարկումների առանցքը լինելու է հենց դա՝ որքանով է հարաբերությունների ներկայիս իրավիճակը մոտ միմյանց հանդեպ ռազմավարական բնույթի, այսինքն՝ կենսական ռիսկերի դաշտում։ 

– Նշեցիք, որ հարաբերություններում փոփոխություն դժվար է ակնկալել, ինչո՞ւ, պարո՛ն Բադալյան։

– Ես դրա համար նշում եմ, որ միջազգային միջավայրը, համաշխարհային գործընթացները կամ, մեծ հաշվով, այս համաշխարհային պատերազմն է բերում վարքագծային փոփոխությունների։ 

Ես առիթ ունեցել եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը, մեծ հաշվով, սկսել է խորանալ դեռևս 2000-ականների սկզբին, երբ Ռուսաստանը հստակեցրեց իր զարգացման ռազմավարությունը, որի հիմքում եղավ այդ համաշխարհային բևեռի կարգավիճակի վերականգնման հայեցակարգը։ 

Դա բերեց նրան, որ Ռուսաստանի համար կարևորագույն նշանակություն ստացան թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ հարաբերությունները, իսկ հաշվի առնելով այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի համար էքզիստենցիալ սպառնալիքի աղբյուր են, բնական է, որ արդեն առաջանալու էր Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամ։ 

Մեր ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ունեցող պետությունն ինքը նվազագույն ռազմավարական գործընկերության անհրաժեշտություն է տեսնում այն պետությունների հետ, որոնցից բխող սպառնալիքներից մեզ պետք է պաշտպաներ։ Այսինքն՝ արդեն տեսանելի է, թե ինքնին իրավիճակն ինչ ճգնաժամահենք է, ու այդտեղից հենց սկսեց հասունանալ ճգնաժամը, պարզապես այն աշխարհաքաղաքական զարգացումների ավելի թեժ ու դինամիկ դառնալուն զուգահեռ, բնականաբար, դարձավ ավելի ու ավելի զգալի։ 

Եթե այդ դինամիկան նայենք, ապա այն զգալի էր դառնում արդեն Ռոբերտ Քոչարյանի նախագահության երկրորդ ժամկետում, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում առավել զգայուն էին հայ-ռուսական հարաբերությունները, իսկ վերջին շրջանում դրանք ընդհանրապես դարձել են գործնականում ամբողջական բաց վերքի նման։ 

Հետևաբար այդ ճգնաժամի կարգավորման, հանգուցալուծման հարցը բավականին երկարատև է ու էապես կախված է հենց այդ աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությունից՝ ինչպիսի աշխարհ մենք կստանանք ի վերջո, ու այդ աշխարհում Ռուսաստանն իր տեղն ու դերն ինչպես կձևավորի, տարածաշրջանային հարաբերություններն ինչպիսին կլինեն: Ես նկատի ունեմ ոչ միայն Ռուսաստանի ու մեր տարածաշրջանի, այլ նույն Իրանի դերը մեր տարածաշրջանում, Մերձավորարևելյան տարածաշրջանում, Եվրասիական, ընդհանրապես, անվտանգության համակարգը և այլն։ 

Այս բոլոր հարցերից է կախված լինելու, թե հայ-ռուսական հարաբերությունների նոր ճարտարապետությունը կամ ճգնաժամի հաղթահարումը ինչպիսի դինամիկա ու բովանդակություն կունենա։ Հիմա դրա համար նշում եմ, որ կողմերի համար երկուստեք առանցքային է, որ տակտիկական մակարդակում ճգնաժամը ու ռազմավարական ռիսկեր պարունակող ճգնաժամը չհասնի այդ ռազմավարական ռիսկերի առարկայացման։ 

– Այսինքն՝ կողմերը գոնե այդ մասով անո՞ւմ են ամեն ինչ, որ ճգնաժամն առարկայական չդառնա։

– Անում են հնարավորը, որ միմյանց համար անդառնալի կենսական սպառնալիքներ չսկսեն ներկայացնել։ Կողմերի առաջ, ընդհանրապես, այդ ճգնաժամի խորքից դեռ, մեծ հաշվով, այդ ճգնաժամը կառավարելու խնդիրն է, քան՝ այն հաղթահարելու։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am