Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները կհասկանանք առաջիկա շաբաթներին. Սուքիասյան

Լուսանկարը՝ aua.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը 

– Պարո՛ն Սուքիասյան, Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ռուս սահմանապահները դուրս են գալու «Զվարթնոց» օդանավակայանից ու Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերից, բայց կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին: Ինչպե՞ս եք գնահատում այս պայմանավորվածությունը, ի՞նչ կտա այն Հայաստանին։

-Դեռ դժվար է պայմանավորվածության ամբողջ պատկերը տեսնել ու հետևանքները գնահատել, որովհետև կցկտուր են տեղեկությունները, որոնք հանրայնացվել են: Ընդհանրապես, հանդիպման արդյունքները բավական անորոշ են թվում այս պահին, որովհետև, վստահաբար, դա երկու ղեկավարների քննարկած միակ հարցը չի եղել, դեռ մինչև հանդիպումն էլ նշվում էր, թե քննարկման համար ինչ մեծ օրակարգ է կուտակվել։ 

Երկու կողմից էլ հենց հանդիպման արդյունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռևս չի եղել, եղել են ընդամենը երկու իշխանական պատգամավորի գրառում ու Պեսկովի ասուլիսից մի հատված, հետևաբար կոնտեքստը հասկանալու համար թերևս ժամանակ է պետք։ 

Ինչ վերաբերում է սահմանապահների հարցին, ապա սա վերադարձ է մինչև 2020 թվականի իրավիճակը․ սահմանապահները տեղակայվել էին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Սա նաև կարելի է դիտարկել Արցախից ռուս խաղաղապահների դուրս գալու գործընթացի համատեքստում կամ դրա շարունակություն։ 

Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանն օպտիմալացնում է իր ներկայությունը տարածաշրջանում: Ես շարունակում եմ պնդել, որ տարածաշրջանը Ռուսաստանի կենսական շահերի շրջանակում չէ, նա կենսական շահ ունի, մասնավորապես, Ուկրաինայում, բայց Ռուսաստանը վերապրոֆիլավորում է նաև իր ներկայությունը ոչ թե բացառապես ուժային մեթոդներով, այլ կարող ենք տեսնել փափուկ ուժի դրսևորումներ, օրինակ՝ ինչպես քննարկվում է Հայաստանի, Վրաստանի ներքաղաքական կյանքում ազդեցություն ունենալու հնարավորությունը։ 

Ռուսաստանը ցանկանում է հնարավորությունները այլ, ավելի օպտիմալ նպատակների ծառայեցնել այնտեղ, որտեղ կարծում է, որ ավելի կենսական շահեր ունի։ Սա նաև կարելի է դիտարկել հայ-ադրբեջանական գործընթացներում ավելի պասիվ դիրք գրավելու համատեքստում, ինչը նվազեցնում է Ռուսաստանի պատասխանատվությունը: 

Եթե մինչ այս Հայաստանի իշխանությունները սլաքներն ուղղում էին Ռուսաստանի անգործության կամ այս կամ այն հարցի մասով միտումնավոր չմիջամտելու դեմ, ապա այս պարագայում, քանի որ գործընթացներն արդեն երկկողմ ձևաչափում են ընթանում, այս կամ այն բանի համար Ռուսաստանին մեղադրելն անիմաստ կլինի: Ընդհակառակը՝ Ռուսաստանն արդեն կարող է ցանկացած ձախողման մեղքը բարդել կողմերի կամ Հայաստանի վրա, ինչպես դա տեսանք խաղաղապահների դուրսբերումից հետո, երբ այդ ամենը պատճառաբանվեց Նիկոլ Փաշինյանի կողմից արևմտյան հարթակներում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստով։ 

Ռուսաստանը դուրս է բերում իր ֆիզիկական ներկայությունը ու հետ է քաշում միջնորդական իր ներգրավվածությունը, որպեսզի չշարունակի կրել այն ծախսերը, որոնք բարդվում էին վերջինիս վրա տարածաշրջանային երկրների կողմից։

– Ի՞նչ է սա տալու, Հայաստանի համար այս իրողությունը լա՞վ է, թե՞ վատ։ 

– Գնահատականները կարող ենք տալ, եթե տեսնենք, թե իրականում գետնի վրա ինչ է կատարվում։ Եթե պրակտիկ խոսենք, ապա սահմանապահների դիտակետերը տարբեր տեղերում եղել են 2020 թվականի պատերազմից հետո և այս կամ այն չափով կատարել են իրենց գործառույթները։ Հիմա սահմանը որոշակիորեն կոնսոլիդացված տեսք ունի այն առումով, որ գրեթե բոլոր այն հատվածներում, որտեղ Ադրբեջանն ուներ ամբիցիաներ, այդ դիրքերը արդեն գրավել են: 

Բացի այդ՝ կար նաև գործող, բայց չգրված պայմանավորվածություն, որ այն հատվածներում, որտեղ տեղակայված են ռուս սահմանապահները, դրանք դուրս են ԵՄ դիտորդների մոնիթորինգից։ Հիմա, ենթադրում եմ, որ նրանց դուրսբերումից հետո դիտորդների կոնտինգենտը, որի մանդատը երկարաձգվեց ու ընդլայնվեց, արդեն հասանելիություն կունենա նաև այդ հատվածներում։

– Պարո՛ն Սուքիասյան, ձեր խոսքում ասացիք, որ բանակցությունների արդյունքի վերաբերյալ կողմերի հայտարարությունները կցկտուր են, սա ինչո՞վ եք բացատրում։

– Չեմ փորձի ենթադրություններ անել, որովհետև վերլուծության տվյալային հիմքն իսկապես շատ կցկտուր է: Ենթադրաբար եղել են որոշակի անհամաձայնություններ կամ սուր անկյուններ, որոնք չի ստացվել հարթել, կամ դեռևս հնարավոր է, որ ձեռք կբերվեն պայմանավորվածություններ, կամ ինչ-որ անավարտ հարցերի շուրջ քննարկումները կշարունակվեն: 

Գուցե այդ պատճառով էլ չի տրվել ավելի համապարփակ տեղեկություն հանդիպման արդյունքների վերաբերյալ, բայց չեմ կարծում, թե պետք է շտապել։ Առաջիկա շաբաթների ընթացքում, թերևս, ավելի պարզ կհասկանանք հանդիպման արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները։

– Կարծում եք՝ դեռ վա՞ղ է նաև գնահատել այն, թե այս հանդիպումը որքանով է ազդելու կողմերի հարաբերություններում առկա լարվածության նվազեցման կամ խորացման վրա։

– Այո՛, շուտ է ասել, բայց, անկախ հանդիպումից, դժվար է երկու կողմի մոտ էլ տեսնել պատրաստակամություն, անկեղծ տրամադրվածություն, որպեսզի ջանքեր գործադրվեն հարաբերություններն իսկապես կոնստրուկտիվ հուն ուղղելու հարցում, իսկ թե ինչ արդյունք են տվել այս բանակցություններն իրականում, գիտեն այն մարդիկ, որոնք մասնակցել են այդ հանդիպմանը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am