Իշխան Սաղաթելյան․ մանդատաբաղձը

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ականավոր գիտնական և կուսակցական գործիչ, հայրենատեր գործարար ու հայրենահետ պաշտոնյա և ուղղակի հրաշալի ձեռներեց Իշխան Սաղաթելյանը տվայտվում է։

Տվայտվում է խորհրդարանական պողպատի ու վենդետաների ձեռքին։ Ինչպես «Գահերի խաղում» Սերսեյան է անցնում ամոթի ու խայտառակության միջանցքով և հասնում հաղթանակի, այնպես էլ փաշինյանական կառավարության նախկին Փոքրիկ Իշխանն (Գեղարքունիքի մարզպետ) է անցնում խորհրդարանական քաղաքական ծաղրուծանակի արահետով։

Անցնում է, բայց այդպես էլ չի խրատվում, չի կարողանում մի կողմ թողնել փողոցային ակտիվիստի անհաստատ բառապաշարը՝ ամեն տեղ ու ամեն մեկին խոստանալով դատարան տանել ու կալանավորել քաղաքական հանցագործներին ու հողատուներին։

Հողատուներն էլ իհարկե 2018 թ․ թավշյա հանդուրժողները չեն. դաժան մարտերում կոփված, կապիտուլյացիա ու համավարակ տեսած, կուռ անվերապահներն են, անվերապահ սեփական դիրքի ու գրպանածախսի պաշտպանության դիրքերում։ 

Ասում են՝ «Մահ կամ ազատություն» կարգախոսի հորինողին հասել է ազատությունը, իսկ մահը բաժին է ընկել անճար պողոսներին ու անշնորհակալ ժեխին։

Հիմա էլ մեր Իշխանն է փորձում իրավական տառակերությամբ հայրենասեր խաղալ, մեղադրում է բանակից խուսափածներին՝ ինքն էլ բանակից խուսափած լինելով՝ պատմական գիտությունների թեկնածու՝ պատմության ինստիտուտի վեղարի հովհարի ներքո։

Քանի՜-քանի պանծալի սերունդ աշխուժակ «հայրենասերներ» են ազատվել բանակից՝ մյուսներին մեղադրելով հայրենիքը ուրանալու, հայրենիքը չպահանջելու, Մուշն ու Սասունը անտեսելու համար։

Խուսափել են և զբաղվել իրավական տառակերությամբ, դե, մենք ի՛նչ մեղավոր ենք, օրենքը թույլ է տվել, մենք էլ գիտնական ենք դարձել, մենք հայրենիքը սիրում ենք, բայց ծառայողը պետք է «պողոսն» ու «ժեխը» լինի, ճա՞ռ ասենք, թե՞ զանգ կախենք։ 

Միջազգային հարաբերությունների մագիստրոսը նաև բնապահպանության նախարարի խորհրդական է եղել: Կասեք՝ դա՞ ինչ կապ ունի, չէ՞ որ երազում էին արհեստավարժության ու մերիտոկրատիայի մասին, բայց չէ՞ որ նախևառաջ Դաշնակցությունը ընտանիք է, իսկ ընտանիքի անդամներին գործազուրկ չեն թողնում։

Դե, նախարարի պաշտոնը քվոտայով հեղափոխականներինն է եղել, նրանք էլ իրենց ընկերներին են տեղավորել՝ պարզ աշխատավարձային կարեկցանք։ Բայց դա էլ մի կողմ, չէ՞ որ մեր Իշխանին փող էլ պետք չէ։

Իշխանը պատմական գիտելիքներն ու միջազգային կրթությունն օգտագործել է հաջողակ բիզնեսմեն դառնալու համար, հարազատ գյուղում հյուրանոց է սարքել, գյուղացիներին աշխատանք տվել, բացմանն էլ հետին թվով «հողատու» Սերժ Սարգսյանին է կանչել։

Ա՛յ քեզ բան, ինչպես են ոչմիթիզական դաշնակցականները բիզնես բացում «հողատու» Սարգսյանի հետ։ Սա առանձին մարդաբանական թեմա է. սերն առ հայրենիք քաղաքական հայեցողություններ է ճանաչում։ 

Հա՛, կներե՛ք, այն ժամանակ Սարգսյանն էլ էր ոչմիթիզական, գոնե՝ ներքին ֆրոնտում, իր խոսափողները այդպես էին գոռում, հիմա է, որ կապիտուլյացիայից հետո բոլորն են իրար հետ մրցում հողատվության մրցավազքում։

Բայց ո՛ւր հասանք, կներե՛ք, շեղվեցինք։ 

Ուրեմն մեծ երազանքներով, ազգիս հանդեպ անհատնում հավատով Գեղարքունիքի նախկին Իշխանը ամբիոնից խոստանում է միայն իրենց 260 հազար ընտրողի ԱԺ նախագահի տեղակալը լինել, խոստանում է ընդդիմության ձայնը լինել, խոստանում է չընկրկել ու չհամագործակցել թշնամական պողպատավորների հետ, միջանցքներում իրավական վենդետաներ է խոստանում, իսկ հետո զարմանում ընտրության արդյունքներից։

Արդեն երկու անգամ խորհրդարանական մեծամասնությունը Իշխանին անցկացնում է դանթեական քավարանի միջով (հանուն ճշմարտության փաստենք, որ խորհրդարանական մեծամասնության մեծամասնությունը Դանթեին դժվար իմանա), ծաղրի ենթարկում ընդդիմությանն այնքան, որ նույնիսկ «չաթլախագիտության» մասնագետ Արմեն Ռուստամյանն է ափերից դուրս գալիս։

Կուր-արաքսյան ափերից չէ, պատգամավորական հեղասահ աթոռների ափերից։ Ափերից դուրս եկան, բայց, այնուամենայնիվ, ընտրեցին, մեկօրյա մարաթոնյան ցինիզմը պարզաջրեց խորհրդարանական իշխանն ու ինքնիշխանը։

Այսպիսով, իշխանին պատշաճող մարտական մկրտությունը կայացավ։ Ունենք ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ՝ գիտական ու գործարար անցյալով, վրեժի և ատելության անխորտակ ներկայով։ 

Վահրամ Թոքմաջյան եւ ընկերներ

MediaLab.am