Արմեն Սարգսյան․ բրիտանահպատակ բուրգերքինգը

Մինչ Հայաստանի Հանրապետության սահմանները կծոտվում ու ոտնձգվում են Ադրբեջանի ու նրա հոգեհայրերի թողտվությամբ, մինչև եղանակային պայմանները խոչընդոտում են բանակի ու սահմանագծի կայացումը, մինչ ազգիս փրկիչ երեսփոխանները զբաղված են պաշտոնաբաշխությամբ և սեփական գրպանի օրահաս կազմավորմամբ, մինչ կադրային քաղաքականությունը այդպես էլ հանգիստ չի թողնում տակավին պարմանի Քյարամյանին և ամեն կերպ ու ամեն տեղ նշանակվող Արշակ Կարապետյանին, մեր բոլորի սիրելի բրիտանահպատակ բուրգերքինգ և «Թզուկ» պաղպաղակի լենինյան դափնեկիր, քվանտային քաղաքականության ու ՍԴ գիշերվա երազ, նախագահ Արմեն Սարգսյանը մեկնում է Տոկիո։ 

Հայկական բացառիկության ու ստեղծարարության ազգակործան առասպելը բազմաթիվ շահառուներ ունի թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում։ Եվ եթե սփյուռքի պարագայում այդ մտայնությունը նեղմտության համադրությամբ պարարտ հող ունի, երբ օրհնվում է հայու գենը՝ առանց ուշադրություն դարձնելու միջավայրի, գենի պարարտացման ու աճեցման ջերմոցի՝ արևմտյան քաղաքական համակարգերի ու բարեկեցիկ պետությունների առկայությանը, ապա տեղականի պարագայում դրանք առնչակից են ավելի շատ կոլեկտիվ սեռական հայտնի վարժություններին։ Եվ այդ վարժությունների համքարության փառավոր ներկայացուցիչն է հենց 5-րդ սերնդի հմայությունների վաճառական, քվանտային անորոշության և տնտեսական որոշակիության մասնագետ Արմեն Սարգսյանը։ 

Մեր նախագահը հայկական ապապետական, գաղութային երազանքի մարմնացումն է, երազանք, որի նպատակը լավ ապրել է բոլոր հնարավոր միջոցներով, բոլոր հնարավոր վայրերում, հայրենիքից հեռու՝ բայց ջերմուկի, դուդուկի ու Վիկտոր Համբարձումյանի մեծապատիվ գիտականությունը սրտում։ 

Մեր դեսպան, վարչապետ, նախագահ, ֆիզիկոս-մաթեմատիկոսը գլոբալ հայկականության ավանդույթների պահպանման շրջանակներում 2002 թ. հրաժարվեց ՀՀ քաղաքացիությունից և ընդունեց բրիտանահպատակությունը, սրբություն սրբոց ճանաչելով թագուհու աջն ու ձախը։ ՀՀ նորագույն պատմության մեջ դեսպանները նախ զբաղվում են սեփական բարեկեցությամբ, ապա ընտանիքի քաղաքացիության հարցերով՝ ընթացքում զարգացնելով ձեռնարկատիրական հմտություններ իրենց հյուրընկալող երկրներում։

Առհավատչյան՝ ադամանդագետ ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցն է և կանադական քաղաքացիության մագիստրոս, սևրագետ, Կուր-արաքսիստ Արա Պապյանը, պապական վիլլաների խոհանոցային խելագար Միքայել Մինասյանն ու Միքայել Մինասյանի բիզնես գործընկեր Վարդան Տողանյանը։

Բայց մի կողմ թողնենք չար լեզուների անշնորհակալ հմայչությունը։ Մեր կանխավարկածը նվիրյալ և բացարձակապես ապատնտեսական դիվանագետներն են։ Արմեն Սարգսյանը, իհարկե, մի գլուխ բարձր է իր կոլեգաներից ու մրցակիցներից։

Ընտանիքի անդամները՝ բրիտանահպատակ գործարարներ, ինքը՝ բրիտանահպատակ գործարար, հայոց փառքի համար տղաները այդպես էլ չտեսան մայր հայրենիքի զինվորագրման մասունքները։ Մյուս կողմից՝ բրիտանահպատակությունն էլ շրյոդինգերի կատուն է, որը մեր երկրում միայն մեկն է տեսել, տեսել է ու չի գայթակղվել, բայց մենք էլ հո կարո՞ղ ենք գայթակղվել։

Դրա համար Նիկոլ Փաշինյանը, տեսնելով Արմեն Սարգսյանի մեղանչանքից հրաժարվելու ապացույցները, չցանկացավ մեզ տանել ի փորձություն, այլ փրկեց մեզ ի չարե, փրկեց ու, հավանաբար, իր տեսածը կտանի մինչև քաղաքական գերեզման՝ հարգարժան նախագահին աներկբա և, ըստ էության, պահելով իր թավշյա գրպանում։ 

Դե, գրպանը՝ գրպան, բայց բիզնեսի մարդիկ գնում են հանգստության ոչ թե մակընթացությունների ու տեղատվության համար։ Ով ով, բայց Արմեն Սարգսյանի մասշտաբի գործարարն ու Լոնդոնի ամենամեծ գույքատերերից մեկը լավագույնս գիտի այդ մասին։

Դրա համար հայրենիքում լինելով քաղաքական պաշտոնի, լինելով երկրի սահմանադրականության երաշխավոր և քաղաքական դերակատար՝ ամեն ինչ անում է իր վրայից այդ պատվավոր բեռը քցելու համար։ Էլ Սահմանադրական դատարան առարկությունների տարափ, էլ մամուլից իմանալով երկրի վերահաս ղազագրի մասին, ռադիոյից էլ, հավանաբար, արցախյան կոնֆլիկտի մասին է իմացել։ Դե իհարկե, ինչպես կարող է մարդ այդքան տպավորիչ միջազգային շրջապատ ունենալ, կյանքի մեծ մասը դիվանագետ աշխատել աշխարհիս մայրաքաղաքներում, միջազգային կոնսորցիումներում մենեջեր լինել և մանր հարցերի տիրապետել։ Արմեն Սարգսյանը սակայն ակնարկում է հունական ողբերգության կարևորությունը մեզ համար։ Չէ՞ որ լսել մամուլից, նշանակում է հայտարարել, որ չգիտեմ՝ ուրեմն պատասխանատու չեմ, չեմ լսել՝ ուրեմն ինձնից ի՛նչ ակնկալիք ունեք։ 

Բայց Էպիդուս արքան էր դեռ ասում, որ չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում և որպես ապացույց հանում սեփական աչքերը։ Հիմա էլ մեր հայ փառքի գաղափարախոս, քվանտային չեզոքության անպատասխանատու տեսության հիմնադիր նախագահն է ցանկանում վայելել նախագահական կալորիաները, բայց մնալ անվրդով։ Բոլոր կարևոր քաղաքական հարցերով անցնել ընդհատակ կամ վրայից գցել ՍԴ-ի, օրենքի թերության, եղանակային պայմանների, ռեժիմի ու դժխեմ բախտի վրա։ Հիրավի, Դանթեի դժոխքում իրավամբ ամենադաժան տառապանքները չեզոքներին են հասնելու, որոնք պետության ու հասարակության առանցքային մարտահրավերների ժամանակ հանցագործ չեզոքություն ու քաղաքական/քաղաքացիական անպատասխանատվություն են դրսևորել։ 

Ինչևէ, մաղթենք մեր պաղպաղակ ուտող, բոլորին ապագա սովորեցնող, ՀՀ ապագա տեսնող, բայց սեփական մի սենթն անգամ ՀՀ-ում չներդնող, երեխաներին ու թոռներին բարեհաջող Հայաստանից էվակուացրած ու Ամուլսարի բրոքերային գործարքը փառավորապես գլուխ բերած նախագահին վայելել Տոկիոյի Օլիմպիական խաղերն ու սպասել իր նախագահական ժամկետի աստվածահաճո ավարտին։ 

Վահրամ Թոքմաջյան և ընկերներ

MediaLab.am