Գագիկ Ծառուկյան. Քաղաքագիտորեն չմեկնաբանվողը

Հայրենիքի ու ծնողի հանդեպ սերն ու գորովանքը մեր հերոսի մշտական ուղեկիցներն են եղել։ Այն դժնդակ ու ճակատագրական տարում, երբ Նիկիտա Խրուշչովն իր ձեռքն էր կենտրոնացնում իշխանությունը կոմունիստական կուսակցությունում ու դատապարտում Ստալինի անձի պաշտամունքը, լույս աշխարհ եկավ մեր այսօրվա երևելին։ 

Մեր այսօրվա հերոսը հայրենի եզերքում և դրանից էլ դուրս հայտնի է որպես Ռոկֆելլերների, Մելընների ու Քարնեգիների հայաստանյան արժանավոր ներկայացուցիչ՝ լորդերի ու լորդուհիների մեկենաս։ 

Բիզնես աշխարհայացքն ու եռանդուն բնավորությունը լավագույնս են դրսևորվել նրա անձում։ Իսկ եռամիասնությունն արտահայտվել է երևելի մարզիկ լինելու հանգամանքով, որը պատվով է շարունակել Վարազդատ արքայի ու հունահռոմեական մարզաձևերի հայոց փառապանծ ուղին։ 

Լեգենդներ կան նույնիսկ, որ իր մրցանակներից գոյացած գումարներն են հենց ներդրվել նրա բիզնես կայսրության հիմքում։ 

Ինչպես ցանկացած երևելի ու ազգափրկիչ՝ մեր հերոսը նաև իր մասին պատմող ֆիլմ ունի։ Օլիմպոսից սերված ու Կունի գրչով․․․ ներեցեք՝ «Կենտրոնի» ֆիլմով հռչակված լեգենդը պատմում է, որ ամեն ինչ սկսվեց 1984-ի նոյեմբերից, երբ շամպինիոն սունկ են սկսել աճեցնել և, ի տարբերություն շատերի, հաջողության են հասել, և հավելում, որ սնկից հետո օղու արտադրություն են դրել: 

Մեր նորելուկ բիզնես տաղանդն էլ հպարտանում է, որ 1990-1991 թթ. ինքն արդեն միլիոնատեր էր և օրը 1-3 մլն կարող էր աշխատել: Պատմագիրները լռում են, թե այդ 1-3 միլիոնը սովետակա՞ն ռուբլով էր, ցարական ոսկե՞ ռուբլով, դոլարո՞վ, թե՞ դեռևս լույս աշխարհ չեկած դրամով։ Այսպիսի հայկական երազանք մայրենի հողում, մայրենի ջրով ու ինտելեկտով։ Հետաքրքիր է, սակայն, որ պաշտոնական կենսագրության մեջ ասվում է, թե նա ֆերմերությամբ ու ձեռնարկատիրությամբ սկսել է զբաղվել միայն 1992-ից: Ստացվում է, որ մեր հերոսը նախ միլիոնատեր է դարձել, ապա զբաղվել ձեռնարկատիրությամբ։ Ինչպես Սուն Ցզին էր ասում, իսկական գեներալները պատերազմը հաղթում են առանց կռվի։

Քափ-քրտինք կոխած, բիզնես գործունեությանը զուգահեռ՝ 1980-ականներին աշխատել է խորհրդային միլիցիայի համակարգում, ըստ մեր տեղեկությունների՝ եղել է ԽՍՀՄ ՆԳՆ արտագերատեսչական պահպանության (ОВО) ստորաբաժանման աշխատակից: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի էլ՝ մեր հայրենատեր նվիրյալը ուժային համակարգում եղել է նաև 1990-ականների առաջին կեսին՝ ծառայել է ներքին զորքերում, երբ ՆԳ նախարարը Վանո Սիրադեղյանն էր: 

Իմացողները ասում են, որ սնկի բիզնեսից Երևան-Աբովյան մայրուղու վրա գազի վաճառքը մեկ փոքրիկ քայլ է։ Քայլ, որն ուներ հովանավոր աստված՝ Վանո։ 

Իսկ գազալցակայանից մի քիչ վերև հայտնված խորտկարանն արդեն տեխնիկայի հարց էր։ Փաստորեն բարի փերիները այդքան էլ խորթ չեն հայկական երազանքի իրագործման համար։ Մանավանդ որ, մեծ գործերն ու գաղտնիքները միշտ առաջին միլիոնի հետ են կապված լինում, և կապիտալի նախնական կուտակումն էլ երբեք դյուրին գործ չի եղել։ 

Այսպես էլ օրեցօր ավելացնելով իր միլիոնները վերակառուցվող ու ծաղկող Հայաստանում, մտերմանալով ու հովանավորվելով ամենազորների կողմից՝ մեր հերոսը ոտք է դնում Ռոբերտ Քոչարյանի «ծաղկունքի ու բարգավաճման դարաշրջան»՝ դառնալով վերջինիս ամենասիրելի ու վստահելի գործարարներից մեկը։ 

Մեր սիրելի ընթերցողը արդեն իսկ կարող էր ենթադրել, որ խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է։ 

Այդ տարիներին Ծառուկյանը որպես օդիոզ գործարար կամ օլիգարխ էր հայտնի։ Հատկապես հիշարժան էր Ծառուկյանի թիկնապահների մուտքը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն, այնտեղի ինքնադատաստանը, կահույքի ու մարդկանց ջարդուփշուրը, որոնց թվում էր նաև Ծառուկյանի ապագա կուսակցական գործընկեր և մինչև վերջերս հավատարիմ բարեկամ Նաիրա Զոհրաբյանը։

Նորից լեգենդն ասում է, որ դեպքերը հարթվեցին Արարատ Զուրաբյանի միջնորդությամբ, և ձևավորվեց մի կուռ ընկերություն, որը հասավ մինչև ջուր հասցնելուն։

Քաղաքական ակտիվ գործունեությունը Գագիկ Ծառուկյանը սկսել է հիմնադրամաշինությամբ ու կուսակցակերտմամբ։ Այսպես, նախ՝ 2003 թ. հիմնադրվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, իսկ հաջորդ տարի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ 

Նույն 2004 թ. Ծառուկյանը նաև գնել էր «Ա1+»-ի հաճախականության վրա աշխատող «Կենտրոն» հեռուստաընկերությունը։ Արդեն 2005 թ. ֆինանսատնտեսական կարողությունների պակաս չիմացող Գագիկ Ծառուկյանն ու իր գլխավորած կուսակցությունը քաղաքական երկրորդ ուժի հայտ էին ներկայացնում։ 

Կուսակցության իմիջն ու հեղինակությունը հիմնված էին ոչ այնքան քաղաքական տեքստերի կամ իշխանությունների քննադատության, որքան Ծառուկյան բարեգործի կերպարի վրա՝ անվճար ուսանողական ավտոբուսներով ու գյուղացիներին բաժանվող սերմացուով։ 

Պարոն Ծառուկյանի բարեսրտությունը չի դրսևորվում միայն բարեգործության մակարդակում։ Նա շատ է սիրում կենդանիներ, հատկապես՝ մեծ կենդանիներ։ Այս սերն առ բնություն ստիպում է, որպեսզի նա պահի մեծ կատուներ։ Եկեք ընդունենք, որ նրա քաղաքական հակառակորդները կարող էին հայտնվել այդ մեծ կատուների վանդակներում։ Բայց չեն հայտնվել, չէ՞։ Սա ևս մեկ անգամ խոսում է նրա բարի սիրտ ունենալու մասին։ Մենք նույնպես այս հոդվածը երկնում ենք այդ հույսով։

2007 թ. սեփական կուսակցությունն էր ուզում հիմնել այդ ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ «Միավորում հանուն Հայաստանի» անվամբ, նույն գործով էր զբաղված նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, կուսակցությունն էլ պետք է կոչվեր «Նոր երկիր»։ 2006 փետրվարին, սակայն, բոլոր այս նախագծերը դադարեցվեցին, և առաջին պլան եկավ «Բարգավաճ Հայաստանը»։ Հենց այդպիսի պայմաններում էր, որ Հանրապետականի ղեկավար Անդրանիկ Մարգարյանը Քոչարյան-Ծառուկյան տանդեմին պատասխանեց գործող պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ դաշինքով։ 

Այս դիմակայության արդյունքը բոլորին է հայտնի. ԲՀԿ-ն քաղաքական նորամուտն ու մարտական օծումը ստացավ արդեն 2007 թ. խորհրդարանական ընտրություններին՝ դառնալով 4-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ ուժը։ 

Շատերն էին այդ ժամանակ նշում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Քոչարյանի հովանավորությամբ էր ստեղծվել՝ ի հակադրություն Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության։ 

Այսպիսով, Քոչարյանի իշխանության փոխանցումը երաշխավորող խորհրդարանը ձևավորվեց քոչարյանական՝ ԲՀԿ ու ՀՅԴ՝ 15 և 13 տոկոս համամասնությամբ, ու սարգսյանական՝ ՀՀԿ և ՕԵԿ՝ 33 և 7 տոկոս համապատասխանաբար։ Հատկանշական է, որ ֆորմալ առումով նշվում էր, թե 2007 թ. ընտրությունների նախաշեմին ԲՀԿ 400 հազար անդամ ուներ, իսկ արդյունքում ընտրություններին 204 հազար քվե ստացավ։ 200.000 էս կողմ, էն կողմ, մեր մեջ ասած՝ թիվ չէ։ 

Արդեն 2008-ին այս նույն խորհրդարանն էր, որ կոալիցիոն հուշագիր ստորագրեց Սարգսյան-Ծառուկյան-Բաղդասարյան-Ռուստամյան ֆորմատով՝ փորձելով մեղմել ու քաղաքական միասնության ֆոն ստեղծել մարտի 1-ի դեպքերի հետևանքով առաջացած քաղաքական գերճգնաժամային իրավիճակում։ 

Որպես կոալիցիայի նպատակներ փաստաթղթում նշված են` «Հասարակության գերակշիռ մեծամասնության վստահությունը վայելող և արդյունավետ գործող իշխանության ձևավորումը, ժողովրդավարական բարեփոխումների խորացումը և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, Հայաստանի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներն արդյունավետ դիմակայելը»։ 

Ընդունենք, որ այս տողերում տրագիկ ցինիզմի պակաս չկա։

Այսպիսով, «Բարգավաճը» առաջին բուֆերային գործողության հիմնական դերակատարը դարձավ փողոցային, խորհրդարան չանցած ընդդիմության և գործող իշխանությունների միջև։ 

Գագիկ Ծառուկյանը միշտ քննադատել է ընտրակաշառք երևույթը, բայց միևնույն պահին հասկացել ազգի ցավը դարմանով ու բարերարությամբ ամոքելու բաղադրատոմսը։

Նա անհամեմատելի է լորդերի ու լորդուհիների, շեյխերի և շեյխուհիների հետ ունեցած կապերով։ Իսկ բազմամիլիարդանոց ներդրումների խոստումները դեռ իրականություն են դառնալու։

Ստեղծվելով քոչարյանական հովանավորությամբ ու բարեսրտությամբ և նպատակ ունելով պահպանել Քոչարյանի քաղաքական ներկայությունը հետնախագահական շրջանում՝ «Բարգավաճ Հայաստանը», ի դեմս Ծառուկյանի, շատ հանգիստ կարողացավ դաշնակցային սիտուատիվ հարաբերություններ հաստատել Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հետ։ 

Բնականորեն, որովհետև թե՛ ծագումնաբանությամբ և թե՛ արժեհամակարգով ԲՀԿ-ն Քոչարյան-Սարգսյան տանդեմի ստեղծած քաղաքական համակարգի օրգանական շարունակությունն էր։ 

2012 թ. խորհրդարանական ընտրություններին արդեն ԲՀԿ-ն ստանում է ընտրողների 30 տոկոս քվեն և պահպանում խորհրդարանական երկրորդ ուժի իր դիրքը։ 2013-ի նախագահական ընտրությունների, Րաֆֆի Հովհաննիսյանի անորոշ վարքագծի և սննդակարգի փոփոխության արդյունքում բոլորին պարզ էր, որ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին այլընտրանքի հնարավորությունները սպառման եզրին են։ Նույն՝ 2013-ին նաև Հայաստանը մեկ գիշերում մտավ ԵԱՏՄ կազմ։ 2015-ին արդեն Հայաստանի քաղաքական պատմության հետաքրքրաշարժ իրադարձություններից մեկը տեղի ունեցավ։ Համաժողովրդական շարժում սկսեցին Տեր-Պետրոսյանը՝ ՀԱԿ-ով, Ծառուկյանը՝ ԲՀԿ-ով և Րաֆֆին՝ «Ժառանգությունով»։ Չար լեզուներն էլ ասում էին, որ ԲՀԿ ներկայությունը այս դաշինքում ոչ առանց քոչարյանական քավորության է տեղի ունեցել։ Բայց թե ինչեր ասես, որ չեն խոսի չար լեզուները։ 

Արդյունքում՝ Սերժ Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին, մեկ գիշերում ՀՀԿ ԳՄ նիստում Ծառուկյանին հիշեցրին որոշակի մականվան չհոլովման մասին, խնամին՝ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց բամփագիտության դասընթացներ կիրառել Ծառուկյանի ու ԲՀԿ-ի նկատմամբ, իսկ մեկ այլ երևելի այր՝ Մանվել Գրիգորյանն էլ հիշեց իշխանության լծակները՝ նալի ու մեխի կիրառելիության անալոգիայով։ Կայծակնային այս գրոհի արդյունքում Գագիկ Ծառուկյանը անմիջապես կապիտուլյացիայի ենթարկվեց և հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին։ Դե ինչ, շատերիս մոտ է, որ ո՛չ բարեկամների, ո՛չ խնամիների հարցում բախտներս չի բերել։ Իսկ Ծառուկյանը ՀՀ հայտնի քաղաքական գործիչների ու գործարարների շրջանում ամենատպավորիչ խնամիական կապեր ունեցողն է։ Խնամիական կապեր, որոնք սակայն քաղաքական առճակատումների ժամանակ առոչինչ են դառնում։ 

2016 թ. ապրիլյան պատերազմի և ռուսական կողմի ճնշմամբ վարչապետի փոփոխությունից հետո Սերժ Սարգսյանը այս անգամ էլ որպես բուֆերային քաղաքական միավոր ստիպված էր խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվել՝ «Բարգավաճ Հայաստանին» վերակենդանացնելով։ 2017 թ. Գագիկ Ծառուկյանն ու իր գլխավորած «Բարգավաճ Հայաստանը» կրկին վերադարձան քաղաքական ասպարեզ և խորհրդարանական ընտրություններին գրավեցին երկրորդ տեղը՝ 27 տոկոս ձայներով։ 

Իսկ Սերժ Սարգսյանի վարչապետի ընտրության ժամանակ արդեն ազատ քվեարկությամբ ԲՀԿ խմբակցության մի մասը կողմ էր քվեարկել վերջինիս վարչապետի թեկնածությանը։ Արդեն 2018 թ. ապրիլ-մայիսյան հեղափոխության օրերին միայն ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականից մի քանի րոպե առաջ միացավ համաժողովրդական շարժմանը, հետո արդեն կոալիցիա կազմեց ազգային համաձայնության Փաշինյանի կառավարությունում։ Իսկ 2018-ի դեկտեմբերյան 7-րդ գումարմա Ազգային ժողովում էլ կրկին երկրորդ ուժը դարձավ՝ ԼՀԿ-ի հետ դառնալով խորհրդարանական ընդդիմություն։ 

Գագիկ Ծառուկյանի քաղաքական հայացքները և առանցքային հարցերի շուրջ նրա ունեցած դիրքորոշումները չենք կարող շարադրել, քանի որ գրավոր աղբյուրները լռում են, իսկ որոշ տեսարձանագրություններ վերծանման փուլում են։

Վահրամ Թոքմաջյան և ընկերներ

MediaLab.am