Նախընտրական լավաշներ. Պատիվ ստացա Հենրիից

«Պատիվ ունեմ» դաշինքը հաջորդ քաղաքական ուժն է, որի նախընտրական ծրագիրն ավելի քան արժանի է մեր ուսումնասիրությանը, թեկուզ գրական ճաշակի զարգացման տեսանկյունից։ Ակնհայտորեն քաղաքական այս խումբն իր նախընտրական ծրագիրը կազմելիս լիովին գտնվել է աշխարհահռչակ լեհ գրող Հենրի Սենկևիչի ոչ պակաս հռչակավոր վեպի տպավորության ներքո, ինչն արտահայտվում է ծրագրի հենց նախաբանի վերտառության մեջ՝ «Յո՞ երթաս, Հայաստա՛ն»։ 

Նախընտրական ծրագիրն իրապես էլ շարադրված է գեղարվեստական խոսքի մեծ վարպետությամբ, նկարագրություններով և գրականագիտական հնարքների յուրահատուկ բույլով, ուստի մեզ համար բավական դժվար էր այս ծրագրում զանազանել այն սահմանը, որտեղ ավարտվում էր գրականությունը, և սկսվում պրագմատիկ քաղաքական ծրագիրը։ Այդուհանդերձ, կփորձենք ներկայացնել այն դրույթները, որոնք շատ թե քիչ կարող են համեմատականներ ունենալ քաղաքական ծրագրի հետ։ 

Ծրագրի նախաբանում դաշինքը շեշտում է, որ 2018 թվականին «ստով և կեղծիքով իշխանության եկան ուժեր», որոնք չկատարեցին ժողովրդին տված խոստումները և ի դերև հանեցին իշխանափոխության հետ կապված հասարակության հույսերը։ 

Սակայն քիչ անց «Մեր սխալները» բաժնում, թերևս դաշինքի անդամ Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ, նշվում է, թե իրենք ունեցել են սխալներ ու բացթողումներ, ինչն արժեցել է իշխանության կորուստ։ 

Այստեղ այդպես էլ պարզ չի դառնում, թե իսկապես սույն քաղաքական ուժը գիտակցե՞լ է իր սխալները, որոնց արդյունքում էլ տեղի է ունեցել 2018 թվականը, թե՞, այնուամենայնիվ, առարկայական դեր են կատարել «սուտն ու կեղծիքը»։ 

Նախընտրական ծրագրի առաջին հատվածում շեշտվում է, որ Հանրապետական կուսակցությունը «պետականաշինության» ամենաերկարատև փորձառությունն ունեցող քաղաքական ուժն է, որն էլ համադրվելով «Հայրենիք» կուսակցության «ուժի ու էներգիայի» հետ, կարող է կտրուկ փոխել հայաստանյան ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերներին երկրի դիմադրողականության հեռանկարները։ 

Այստեղ սակայն այդպես էլ մեզ համար պարզ չի դառնում, թե ամենափորձառու քաղաքական ուժի իշխանությունն ինչո՛ւ ավարտվեց 2018-ին բավական անփառունակ կերպով, և ինչո՛ւ նույն 2018-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունն անգամ նվազագույն շեմը չհաղթահարեց։ Ի վերջո, սրանք ռեալներ են, որոնք իրականում ցույց են տալիս ցանկացած քաղաքական կառույցի և, մասնավորապես, քաղաքական ուժի կազմակերպվածությունը, կառուցվածքային ու գաղափարական ամրությունը և այլն։ 

Սակայն թողնենք այս քննարկումները և փորձենք առավել առարկայական խնդիրների անդրադառնալ։ 

Այս հարցում մենք հանդիպում ենք երբեմն անհաղթահարելի դժվարությունների, քանի որ նախընտրական ծրագրում շարունակաբար հանդիպում ենք «ազգային արժեքների պահպանության», «Հայրենիքի հավերժության», «Հայ Առաքելական Եկեղեցու անգնահատելի դերակատարության», «լեզվի և մշակույթի անաղարտության» և «հայի ինքնության, Աստծուն և ազգին ծառայելու» և զորօրինակ բազմաթիվ ձևակերպումների ու գաղափարների, որոնք առնվազն քաղաքական տեքստի սահմաններում որևէ բովանդակություն չեն հաղորդում։ 

Թերևս միակ շատ թե քիչ հստակ ձևակերպումը վերաբերում է ՀՀ զինված ուժերին, ավելի ճիշտ՝ շեշտվում է, որ իշխանության գալու դեպքում կրկին մեր զինված ուժերի գաղափարական և կազմակերպական հիմքում դրվելու է Ազգ-բանակ հայեցակարգը։ 

Այս առումով թերևս նշենք, որ նախ՝ Ազգ-բանակ հայեցակարգը կամ սրա բաղադրիչ ծրագրերը երբեք էլ չեն դադարել գործել, երկրորդ՝ պատերազմից հետո ակնհայտ է դարձել, որ գեղեցիկ ձևակերպումներով ու շարադրանքներով տեքստերը որևէ աղերս չունեն զինված ուժերի կազմակերպման հետ, և Հայաստանին անհրաժեշտ է պրոֆեսիոնալ սկզբունքների վրա ձևավորված բանակ։ 

Դաշինքի նախընտրական ծրագրի երկրորդ հատվածում, որը կարող էր շատ թե քիչ նմանվել նախընտրական ծրագրի, մենք տեսնում ենք դրույթային անդրադարձներ պետական կառավարման և հասարակական ինստիտուտների բարեփոխումների անհրաժեշտությանը։ 

Սակայն որքան էլ տարօրինակ է, այդ անդրադարձներն ավելի շատ հիշեցնում են վերացական խնդիրների քարտեզագրում և ոչ հստակ գործողությունների ծրագիր։ Հիշատակված են և իրավապահ համակարգը, և կրթությունը, գիտությունը, հանրային կառավարումը, քաղաքացիական հասարակությունը և այլն։ 

Սակայն այս ամենի առանձնահատկությունն այն է, որ ծրագրի բոլոր դրույթներն անխտիր մեկնարկում են «պետք է» վերացական պնդմամբ։ Ընդհանուր առմամբ, այս կամ այն ոլորտում «պետք է» պնդմամբ սկսվող ցանկացած առաջարկ կարող է հարիր լինել հայաստանյան լրատվական դաշտում վխտացող բազմապիսի քաղտեխնոլոգների ու քաղաքագետների տեքստին, սակայն ոչ մի կերպ իշխանություն դառնալու կամ որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու հայտ ներկայացրած քաղաքական ուժի ծրագրին։

Այս «պետք է»-ների շարքում ևս աչքի են զարնում որոշ տարօրինակություններ։ Օրինակ՝ քաղաքացիական հասարակությանը վերաբերող անհրաժեշտությունների շարքում նշվում է «ազգային օրակարգ ունեցող ուժեղ» քաղաքացիական հասարակության ձևավորումը, որն առնվազն անհասկանալի է, քանի որ քաղաքացիական հասարակության հիմքում առավելապես ընկած են համամարդկային, ժողովրդավարական սկզբունքներ, որոնք մեծ հաշվով չեն կարող հակադրվել ազգային արժեքներին։ Այս լույսի ներքո «ազգային օրակարգ» եզրույթը որևէ քաղաքական բովանդակություն չի պարունակում՝ հնչեղ ձևակերպում լինելուց զատ։ 

Արտաքին քաղաքականության «պետք է»-ների շարքում նույնպես մենք անակնկալի չենք հանդիպում՝ «պետք է» բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Վրաստանի հետ, Իրանի հետ։ Համագործակցել ԵԱՏՄ շրջանակներում, ՀԱՊԿ շրջանակներում և այլն։ 

Հանուն արդարության պետք է նշել, որ նախընտրական ծրագրում ներառված ոլորտային խնդիրների ու դրանց լուծման անհրաժեշտության մասին պնդումները բավական կառուցողական են և թիրախային, սակայն խնդիրն այն է, ինչպես արդեն նշեցինք, ծրագրային դրույթների «պետք է անել» ձևաչափը անորոշ է դարձնում պրագմատիկ լուծման ուղիները: 

Անշուշտ կարելի է շատ երկար նշել, թե ինչ է պետք անել ավելի լավ ու հզոր, զարգացած երկիր ունենալու համար, նշել, որ պետք է անընդհատ սերտացնել հասարակություն-բանակ կապերը: Պետք է նշել իրապես ծրագրում ձևակերպված այն միտքը, թե սպաներն ու զինծառայողները հասարակության հայելին են: 

Արդիական է նաև նախընտրական ծրագրում մանրամասնորեն շարադրված արտաքին գործընկերների հետ բարձր մակարդակի հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը: Կարևոր է նաև նախընտրական ծրագրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին շեշտադրումը: 

Ընդհանուր առմամբ, բավական դրական քայլեր են հիշատակվում արտաքին քաղաքականության հրատապությունների և անվտանգային խնդիրների լուծման համար: Սակայն այստեղ առկա է որոշակի հակասություն: 

Եթե այսօրինակ ծրագիր ներկայացներ որևէ այլ քաղաքական ուժ, ապա ամեն ինչ առավել քան ընկալելի կլիներ, բայց այս պարագայում մի շատ պարզ հարց է առաջանում. ինչո՞ւ թվարկվածը չի արվել կամ չի արվել հավուր պատշաճի 20 տարի շարունակ, երբ դաշինքի մաս կազմող Հանրապետական կուսակցությունը իշխանության ղեկին էր Հայաստանում: 

Եթե չի արվել իրենց իսկ ընդունած սխալների հետևանքով, ապա այստեղ գուցե թե պետք էր փոքր-ինչ ավելի մեծ տեղ հատկացնել սխալներն ընդունելուն, և մինչ անհրաժեշտ քայլերի մասին խոսելը, բարձրաձայնվեին ու հստակեցվեին այն բոլոր սխալները, որոնց հանրագումարում 2018-ին Հանրապետականը կորցրեց իշխանությունը, իսկ հետո էլ, ցավոք, պարզվեց, որ 20 տարի շարունակ Հանրապետականի կողմից բարձրագոչ կերպով գովազդված ինստիտուտները պարզապես բուտաֆորիա էին: 

Այս պարագայում արդեն հարց է առաջանում, թե ի՛նչ եշախիքներ կան, որ իշխանության գալու դեպքում իրենց շատ գեղեցիկ նախընտրական ծրագիրն իրագործելիս կրկին չեն արվելու նախկին բոլոր սխալները: 

Դաշինքի «Արցախյան հիմնախնդիր» բաժնում քաղաքական ուժը պնդում է, որ պատերազմը սանձազերծվել է 2018-2020 թվականներին Հայաստանի իշխանության «տգետ և անպատասխանատու արտաքին քաղաքականության» հետևանքով կամ առիթով: 

Քննության չառնելով ներկայիս իշխանության քաղաքականության որակը՝ նշենք, որ երկու տասնամյակ իշխանության եղած քաղաքական ուժի պարագայում բավական պարզունակ է նման պնդումը, քանի որ պատերազմների սանձազերծումը չափազանց բազմաշերտ գործընթաց է: 

Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ դաշինքի ծրագրային կետերը չնայած ականջահաճո են, սակայն որևէ աղերս չունեն պրագմատիկ քաղաքականության հետ: Դաշինքը պնդում է, որ պատերազմի արդյունքները չպետք է փոխեն կարգավորման ձևաչափն ու սկզբունքները: 

Հիմնախնդրի կարգավորման 4-րդ կետում դաշինքը որպես դրույթ նշում է, որ արտգործնախարարության և պետական մարմինների գործունեության արդյունքում պետք է միջազգային ճնշումների հետևանքով Արցախին վերադարձվեն Շուշի, Հադրութ քաղաքները, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջանների տարածքները: 

Թերևս միայն այս կետը բավարար է, որպեսզի առնվազն հիմնախնդրի կարգավորման հարցում դաշինքի ծրագիրը համարենք իրատեսությունից զուրկ, քանի որ անկախ վերոնշյալի ականջահաճոյությունից, քաղաքականությունը պետք է լինի առավել քան իրատեսական: 

Արամ Բագրատունի

MediaLab.am