«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, երկրորդ նախագահը ինչո՞ւ որոշեց հանդես գալ մամուլի ասուլիսով այս ընթացքում:
– Ես այլևս կասկած չունեմ, որ երկրորդ նախագահի ասուլիսները կազմակերպվում են իշխանության ճգնաժամային դրության պայմաններում, և դա մի նպատակ ունի՝ վերակենդանացնել նախկին-ներկա խոսույթը և փրկել Նիկոլ Փաշինյանի կաշին։ Թե չէ նոր բան չկար այդ ասուլիսում։
– Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ տևական ժամանակ լռել է, որպեսզի նոր ուժերի ձևավորման հնարավորություն տա, քանի որ իրեն մեղադրում են այդ ուժերի ձևավորմանը խոչընդոտելու համար: Ինչո՞ւ այդ ընթացքում նոր ուժեր չձևավորվեցին:
– Նա չի լռել։ Դա սուտ է։ Պարտադիր չէ, որ Քոչարյանը հենց իր դեմքով խոսի։ 2020 թվականից սկսած Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կողմնակիցները, աջակիցները, մեդիան՝ բոլորն անդադար աղմկել են թե՛ խորհրդարանում և թե՛ խորհրդարանից դուրս։ Նրանք իրենց կեցվածքով, խոսույթով և քաղաքական հիստերիկ վարքագծով փչացրել, պղտորել են քաղաքական դաշտը և օգնել Նիկոլ Փաշինյանին՝ երկարաձգելու իշխանությունը։ Երբեք պառլամենտում իշխանությանը այսքան հարմար և աջակցող ընդդիմություն չի եղել, ինչպես հիմա։
Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչից լավ հասկանում է ու դատում է, բայց, չգիտես ինչու, այդպես էլ չի կարողանում հասկանալ, որ իշխանության նկատմամբ իր նկրտումները թարմ են պահում ժողովրդի վախը իր վերադարձի նկատմամբ, և այդ հողի վրա ապահովում Նիկոլ Փաշինյանին վերընտրելու ողբալի այլընտրանքը:
Չի հասկանում, չի՞ ուզում հասկանալ, թե՞ պետք չի հասկանալ: Թե բա` «բոլորին շանս եմ տվել ինքնադրսևորվելու»: Քաղաքական ուժերը երևի պետք է շնորհակալություն հայտնեն, որ մեծահոգաբար շանս եք տվել: Հենց մեկն ուզում է քաղաքական դաշտում ակտիվանալ և հայտ ներկայացնել, միանգամից իրենց մեդիաներով, ֆեյք աջակիցներով, պատգամավորներով հարձակվում են այդ մարդու վրա ու գիշեր-ցերեկ փչացնում, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտում միակ տղամարդը Քոչարյանն է, էլ ուրիշ տղամարդ չպետք է լինի։
Հարց Քոչարյանին՝ այդպե՞ս եք շանս տալիս քաղաքական դաշտին և հավակնորդներին։ Ավելի լավ է լռեն։
– Իշխանության ներկայացուցիչների արձագանքը Քոչարյանի ասուլիսին ինչպե՞ս եք գնահատում, ինչո՞ւ այդքան բուռն քննարկում ծավալեցին ասուլիսին զուգահեռ:
– Խորհրդարանական ընդդիմությունը և իշխանությունը պասերով են խաղում։ Թե ինչու է իշխանությունը այդպես բուռն պատասխանում՝ շատ պարզ է, որովհետև այդ ասուլիսները կազմակերպվում են իշխանության համար բուռն արձագանքներ տաք-տաք թխելու համար, իսկ նպատակը մեկն է՝ թարմացնել ժողովրդի այն վախերը, թե նախկինները նորից ուզում են Նիկոլ Փաշինյանից իշխանություն խլել, և այդպիսով ժողովրդին նորից կոնսոլիդացնել իշխանության շուրջ, որ հանկարծ այդ նախկինները հետ չգան։ Այս տկար և ձախողված իշխանությունը այլ խաղաքարտ չունի։
– Տիկի՛ն Սամսոնյան, հայաստանյան քաղաքական դաշտը կրկին նույն պատկերո՞վ է գնալու հերթական ընտրությունների, թե՞ այնուամենայնիվ նախկին ու ներկա իշխանություններին այլընտրանքային ուժ կձևավորվի: Ի՞նչ զարգացումներ եք ակնկալում:
– Պատկերը մեծ հաշվով չի փոխվի՝ հաշվի առնելով, որ քաղաքական դաշտը 2021-ից հետո չի փոխվել։ Նախկին-ներկա իշխանությունների պատկերը կմնա նույնը, կարող է փոքր քաղաքական ուժերից ընդդիմադիր դաշինքներ ձևավորվեն, բայց դա չի կարող շատ բան փոխել, որովհետև այդպիսի մեծ դաշինքները ևս խոցելի են։
Կստեղծվեն նոր քաղաքական միավորներ, որոնց համար այս ընտրությունները կլինեն ուղղակի քաղաքական մեկնարկ։ Քաղաքական դաշտի ստատուս քվոյի մեջ բեկումնային փոփոխություն կարող է մտցնել միայն այլընտրանքային լիդերի շուրջ համախմբված ուժեղ թիմը, այդպիսին դեռևս չի ծնվել, բայց ժամանակի և իրադարձությունների պահանջով անպայման ծնվելու է։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















