Ամենայն հայոց Կաթողիկոսը Սերժ Սարգսյանին է դիմել` զոհված ադրբեջանցու դին վերադարձնելու հարցով

Ամենայն հայոց Կաթողիկոսը Սերժ Սարգսյանին է դիմել` զոհված ադրբեջանցու դին վերադարձնելու հարցով
Ամենայն հայոց Կաթողիկոսը Սերժ Սարգսյանին է դիմել` զոհված ադրբեջանցու դին վերադարձնելու հարցով

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ` հուլիսի 19-ին ԼՂՀ Մարտակերտի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամ Մ.Իբրահիմովի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցով:
Այդ մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը` երեկ տարածած հաղորդագրությամբ:
«Սեպտեմբերի սկզբին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին էր ներկայացրել Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի խնդրանքը` միջնորդելու ՀՀ իշխանություններին` Ադրբեջանին վերադարձնելու Մ. Իբրահիմովի դին:

Խնդրի առնչությամբ Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ` ներկայացնելով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի խնդրանքը»,- նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, քննարկման արդյունքների մասին Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է Ռուսաց Պատրիարքին` փոխանցելով, թե հայկական կողմը մշտապես բարյացակամ է գտնվել եւ «Կարմիր Խաչ» միջազգային կազմակերպության միջոցով կազմակերպել է ռազմագերիների, զոհված զինվորների դիերի վերադարձն ադրբեջանական կողմին, «մինչ Ադրբեջանը ոչ միայն դադարեցրել է նույն կերպ վարվել, այլեւ հաճախակի սադրիչ փորձեր է կատարում ներթափանցելու ԼՂՀ տարածք, ինչը բնավ չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը»:

«Հայկական կողմը պատրաստակամ է քննության առնել նման դիմումներ, եթե Ադրբեջանը եւս պատրաստակամություն ցուցաբերի` վերոհիշյալ խնդիրը դիտարկելու արդյունավետ փոխգործակցության վերականգման միջոցով` հավատարիմ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին»,- նշված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ:

© Medialab.am