Շոլցի հայտարարության սենսացիան այն էր, որ դա ասվեց հրապարակային ու ՀՀ վարչապետի ներկայությամբ. Արմեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Գերմանիա շարունակվում է, երեկ նա հանդիպել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, վերջինս համատեղ ասուլիսի ժամանակ նշել էր, որ «Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից»: Կանցլերի այս հայտարարությունը արդեն հասցրել է ներհայաստանյան շրջանակներում բուռն արձագանք ստանալ, դուք ինչպե՞ս եք գնահատում Շոլցի այդ հայտարարությունը։

– Շոլցի հայտարարությունը չի կարելի անակնկալ համարել, չնայած հնչում են տարբեր կարծիքներ, որովհետև չկա եվրոպական որևէ երկրի առանձին և ԵԱՀԿ-ի որևէ մի փաստաթուղթ, սա շատ կարևոր է, որը համաձայն է Ադրբեջանի այն կարծիքին, թե Լեռնային Ղարաբաղի հարցն արդեն լուծված է ու Մադրիդյան կամ ցանկացած նման սկզբունքների կարգավորման առարկա չէ։ 

Չկա նաև որևէ փաստաթուղթ, որը կիսում է ՀՀ Կառավարության կարծիքը, որ Հայաստանն Արցախի հարցում պետք է իջեցնի իր պահանջների նշաձողը։ Մեր կառավարական շրջանակները հիմնականում պնդում են, որ արևմտյան երկրների այդ պնդումներն արվել են կուլիսների հետևում, մասնավոր խոսակցությունների ժամանակ, բայց երբևէ որևէ հաստատված փաստաթուղթ չի ներկայացվել ու չէր էլ կարող ներկայացվել, որովհետև կան հակառակ բովանդակությամբ փաստաթղթեր՝ սկսած Եվրախորհրդարանի որոշումներից, եվրոպական ազգային խորհրդարանների որոշումներից, արդեն ներառյալ իսպանական, հոլանդական, բելգիական, ֆրանսիականի մասին դե չեմ ասում։ Կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում արևմտյան երկրների ներկայացուցիչների ելույթները և այլն։ 

Տրամաբանական է, որ Գերմանիան ևս կիսում է այդ մոտեցումը, պարզապես սենսացիան այն էր, որ դա ասվեց հրապարակային ու հենց երկրի գործադիր իշխանության ղեկավարի կողմից և ասվեց ՀՀ վարչապետի ներկայությամբ։ Սա է դարձնում այդ հայտարարությունն այդքան աղմկահարույց։ 

– Շատ քննադատվեց այն, որ անգամ այդ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը չխոսեց Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, այլ շարունակում է պնդել Ստեփանակերտ-Բաքու ուղիղ շփման անհրաժեշտության մասին։ 

– Չի կարող կառավարությունը մեկ ելույթից հետո փոխել իր պաշտոնական դիրքորոշումը․ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայաստանը խնդիրն այլևս չի դիտարկում ինքնորոշման իրավունքի տեսանկյունից, որ կարգավորման կողմ չէ ու միայն քննարկում է Արցախի բնակիչների անվտանգության ու իրավունքների հարցերը։ 

Խնդիրն այն չէ, որ ՀՀ իշխանությունը միանգամից չփոխեց իր դիրքորոշումը, այլ այն, որ միֆը, թե դա պարտադրված է արևմտյան երկրների կողմից, և հայ-արևմտյան պայմանական հարաբերություններին ի շահ մենք պետք է գնանք նման զիջումների, մեծ հարված ստացավ։ Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ այդ Արևմուտքը հանդես էր գալիս Պուտին, Էրդողան, Ալիև անուններով, ու որ դա հենց այդ եռյակի պահանջն է եղել, որը մեր հանրության վրա վաճառվում էր որպես արևմտյան ճնշումների հետևանք։

– Այսինքն՝ համակարծիք չե՞ք այն տեսակետին, որ, ըստ էության, գործող իշխանությունը խաբել է հանրությանը։ 

– Ես հենց դա էլ փորձում եմ ասել, պարզապես ես կասեմ՝ ապատեղեկացրել է։

– Նկատի ունեք, որ իրականում եղել է նման պահանջ, բայց ոչ թե Արևմուտքի, այլ Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմի՞ց։

-Այո՛, այո՛։ Իսկ մեզ ասում էին՝ ուզո՞ւմ եք՝ Արևմուտքը զբաղվի մեր հարցով ու պաշտպանի և՛ Հայաստանը, և՛ Արցախը, ուրեմն պետք է նիշը իջեցնենք։ Իսկ դա ապատեղեկատվություն էր՝ չհաստատված որևէ պաշտոնական փաստաթղթով, իսկ հիմա տեսանք, որ իրականությունն այլ է։

– Պարո՛ն Հովհաննիսյան, այդ հայտարարությունից հետո, երբ, ինչպես ասում եք, այդ միֆը հարված ստացավ, ի՞նչ զարգացումներ սպասել։

– Հայաստանը հիմա ունի երկու ելք․ շարունակել իր գիծը ու, փաստորեն, արդեն անթաքույց, գնալ եռակողմ շրջանակներում հարցի կարգավորմանը, այսինքն՝ ստորագրել մի պայմանագիր, որը լիովին ընդունելի է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի համար, իրականում դա քառակողմ գործընթաց է, որովհետև Թուրքիան այստեղ ներկա է, չնայած փաստին, որ իր ստորագրությունը չի լինելու։ Երկրորդ՝ ջանքեր գործադրել ու օգնել արևմտյան երկրներին այդ հարցը վերադարձնել Մինսկի ձևաչափին համարժեք ձևաչափ։ 

– Այդ խաղաղության պայմանագիրն ի վերջո կստորագրվի՞, որովհետև Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դրա հիմքում պետք է լինի «Արևմտյան Ադրբեջանը», Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ ադրբեջանական այդ պնդումն է հիմնական խանգարող հանգամանքը։

– Ալիևը մի կողմից կցանկանա ունենալ մի թուղթ, որը կլեգիտիմացներ իր մոտեցումները՝ անկախ նրանից, թե ինչով կվերջանա ուկրաինական պատերազմը, ու Պուտինի վարչակարգի ապագան ինչպիսին կլինի, դա կլինի մի թուղթ, որը կարելի կլինի ցույց տալ տարբեր ատյաններում՝ ի նշան Ադրբեջանի ու Հայաստանի համաձայնության։ 

Մյուս կողմից՝ մի երկիր, որն ապրում է գազ ու նավթ վաճառելով նաև արևմտյան երկրներին, կարիք չունի կապերը խզել Արևմուտքի հետ ու շատ լավ պատկերացնում է ուկրաինական պատերազմում Ռուսաստանի մշուշոտ հեռանկարները, իսկ այդ պարագայում նման փաստաթուղթ ստորագրելը ու ավտոմատ կերպով այս ճամբարում հայտնվելը Ադրբեջանի վրա կարող են շատ թանկ նստել։ Ու Ալիևի այս ներքին կոնֆլիկտը անդրադառնում է իրենց հայտարարությունների վրա, որոնք իրարամերժ են։ 

– Պարո՛ն Հովհաննիսյան, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների այս հանդիպումները ի՞նչ են տալիս կամ տալու Հայաստանի ու Արցախի առջև ծառացած խնդիրների լուծման տեսանկյունից, ընդհանրապես, ՀՀ արտաքին քաղաքականությունը որքանո՞վ է արդյունավետ եղած խնդիրների լուծման տեսանկյունից։

– ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ հետևողական է, չի արվում անհրաժեշտ հետևություն աշխարհաքաղաքական կարևորագույն իրադարձություններից, ընդհանրապես իրավիճակային է։ Ամբողջ քայլիզմն իր քաղաքականության մեջ դուրս է սկզբունքներից ու իրավիճակային է․ ռուսական ճնշումն ուժեղանում է ինչ-ինչ հարցերի շուրջ, դիմում են Եվրամիությանը ու համաձայնում են, որ գան նրանց դիտորդները, ինչին հետևում է կատաղի ռեակցիա Ռուսաստանում, Ադրբեջանում: Ի՞նչ է արվում, գնում են ինչ-որ խոստումներ են տալիս, գուցե զիջումներ են անում։ 

Իսկ սա իրականում ոչ թե դիվանագիտական ճկունություն է, այլ իրավիճակային մոտեցում է, ամեն անգամ ռեակցիա տալ ինչ-որ գործողության, եթե Արևմուտքն ինչ-որ հարցերում սկսի ճնշել՝ կգնան Ռուսաստանի մոտ։ Այսպես ապրում են իրենք ու մեզ էլ ապրեցնում այս իրավիճակում, իսկ եթե մի բան էլ ստացվում է, ապա դա օբյեկտիվ է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am