Հին Երեւան. Կարաբալան հետ կվերադառնա, քանի որ «սխալ տեղում է կանգնած»

Հին Երեւան. Կարաբալան հետ կվերադառնա, քանի որ «սխալ տեղում է կանգնած»
Հին Երեւան. Կարաբալան հետ կվերադառնա, քանի որ «սխալ տեղում է կանգնած»

Facebook սոցիալական ցանցում ստեղծված նոր քաղաքացիական նախաձեռնության նպատակը, հին Երեւանի ամենահայտնի կերպարներից մեկին մարմնավորող՝ ծաղկավաճառ Կարաբալային Հյուսիսային պողոտայում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարակից տարածքից հետ՝ Աբովյան փողոց տեղափոխելն է:
«ԿԱՐԱԲԱԼԱՅԻ արձանը սխալ տեղում է կանգնած…» անվանումը կրող նախաձեռնությանն արդեն իսկ ավելի քան 500 հոգի է միացել:
Նախաձեռնության անդամ Կարեն Առուստամյանը նշում է, որ իրենք պատրաստ են Երեւանի կերպարի վերադարձի համար ցանկացած քայլի.
«Մեզ որպես երեւանցիներ փողոցով անցնելիս դուր չի գալիս արձանը տեսնել «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարեւանությամբ, շատ տգեղ է: Այս իսկ պատճառով որոշեցինք հանդիպել քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հետ, ով միանում է այս նախաձեռնությանը, եւ Կարաբալայի արձանը միասին տեղափոխել նախկին Աբովյան փողոց»:
20 տարի շարունակ Կարաբալայի արձանը գտնվում էր Աբովյան փողոցի վրա՝ հարազատ դառնալով բոլորին եւ հիշեցնելով բարի, կոլորիտային երեւանցուն: Կարաբալայի ռոմանտիկ սիրահարի կերպարը երեւանցիները շատ էին սիրում եւ հաճախ ծաղիկներ դնում նրա արձանին:

Կարաբալան (սեւ տղա) Կարապետ անունով մի երեւանաբնակ ծաղկավաճառ էր, ով հին Երեւանի կենտրոնական փողոցներում վարդեր էր վաճառում կամ ավելի հաճախ նվիրում փողոցով անցնող գեղեցիկ աղջիկներին: Նրա կյանքի ավարտը շատ տխուր է եղել, մահացել է միայնակ ու լքված, փողոցում՝ ցրտահարությունից:

Հիշեցնենք, որ Կարաբալայի արձանը արդեն 2 տարի է՝ գտնվում է Հյուսիսային պողոտայում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետին հարող տարածքում:

«Շատ վիրավորական է, որ առանց ինձ ասելու տեղափոխել էին արձանը այդտեղ եւ չգիտեմ էլ, թե ովքեր էին դա իրականացրել:- «Մեդիալաբին» ասում է Լեւոն Թոքմաջյանը,-Ես դիմել եմ քաղաքապետարան եւ հանդիպում եմ ունենալու նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Առաջարկել եմ, որպեսզի արձանը դրվի Հին եւ Նոր Երեւանի հատվածում, քանի որ հենց այդտեղ էլ Կարաբալան վաճառել է իր ծաղիկները»:

Քանդակագործը նշում, է որ կկառուցվի նաեւ 20-30 սմ. բարձրությամբ բազալտե պատվանդան, որպեսզի արձանը ամրացվի այդտեղ եւ այլեւս չտեղափոխեն այստեղ-այնտեղ:

Արձանի տեղափոխմանը նվիրված միջոցառումը նախատեսվում է հունիսի 15-ին:

«Այդ օրը խորհրդանշական է ինձ համար նաեւ նրանով, որ հունիս 16-ին իմ ծննդյան օրն է եւ Կարաբալան այդ օրերին ետ կբերվի հետ՝ Աբովյան փողոց,- ասում է Թոքմաջյանը,-«Սա այն դեպքն է, երբ քաղաքային իշխանությունների եւ քաղաքացիական նախաձեռնության ցանկությունները համընկնում են»:

© Medialab.am