Պիտի մարդկանց աչքը չխոթես քո ուրախությունը, առավել ևս, ցոփ ու շվայտ պահերը, մանավանդ երբ ուրախանալու շատ առիթներ չունենք. արձակագիր

Լուսանկարը՝ Երվանդ Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է արձակագիր Դավիթ Սամվելյանը

– Պարո՛ն Սամվելյան, այսօրվա հայաստանյան իրականությունը շա՞տ է տարբերվում գրողի ձեր իրականությունից։ 

– Իրականությունից դուրս կամ վեր ապրելը վաղ թե ուշ ցավոտ ապտակի է արժանացնում։ Որքան էլ փորձես փախչել, միևնույն է, առերեսվում ես դրան։ Մյուս կողմից էլ` գրողն իրավունք չունի իրեն շրջապատող իրականությունից դուրս ապրել։ Արդարության համար ասենք, որ իրականությունը մեկը չէ, յուրաքանչյուրի համար այն գոյություն ունի այնքանով, որքանով ընկալում է։ Առողջ հասարակություններում գրողի, արվեստի այլ գործիչների կամ մտավորականի խոսքը, ճիշտ կեցվածքը որոշիչ կամ բեկում մտցնող է լինում։ Առողջ հասարակություններում…

– Մեր հասարակությունն առո՞ղջ է։ Գիտեք, շատ են դժգոհում, թե մենք այսօր չունենք իրական մտավորականներ։ Համաձա՞յն եք։

Իսկ ու՞մ ձայնին են ականջալուր։ Հասարակությունը բազմաշերտ է։ Երբեմն ով բարձր գոռաց, նա էլ «ճիշտ» է թվում։ Մտավորականների մասով ակնհայտ է մի բան․ մեկ կամ մի քանի օրահացի հետևից ընկնող կամ ծախու կարծիք արտահայտողի պատճառով, չեմ կարծում, որ պետք է փնովել բոլորին։ Հարգանքի արժանի լուրջ մտավորականներ կան, բայց շատերն ուրիշների խոսքին են նախապատվություն տալիս։ Ժամանակներն են էդպիսին…

– Մտածե՞լ եք հենց այս օրերին տեղի ունեցողի մասին մի արձակ գործ գրել։ 

– Ճիշտն ասած, ես չեմ սիրում պահը «բռնացնել»: Շատ իրողություններ ավելի հստակ են դառնում ժամանակ հետո։ Ժամանակ է պետք, որ ներսումդ նստվածք գոյանա, որ նաև էմոցիաների սուբյեկտիվությունից զերծ մնաս։

– Հարյուր օրից ավելի է, ինչ արցախահայությունը շրջափակման ու զրկանքների մեջ է, և այս օրերին հասարակությանն ուղղված ամենահաճախ հնչող մեղադրանքը հետևյալն է՝ շատ անտարբեր ու չկարեկցող հասարակություն ունենք։ Համակարծի՞ք եք այդ մեղադրանքին։ 

– Իսկ կարեկցանքը ո՞նց պիտի դրսևորվի։ Ես մի բան գիտեմ` պիտի մարդկանց աչքը չխոթես քո ուրախությունը կամ, առավել ևս, ցոփ ու շվայտ պահերը։ Դա առհասարակ։ 

Հիմա բուն վիճակի մասին. սարսափելի է անզորության զգացումը։ Շատ հայրենասերներ բազմաթիվ հարցերում բազմաթիվ քայլերի դիմելուց հետո հուսահատ են հիմա։ Շատերը ներքուստ են կարեկցում, ոմանք սրտահովանքի համար համացանցում են խոսում, գրառումներ անում, ոմանց մոտից էլ մի տեսակ կեղծության հոտ է գալիս։ Երբ չկա հստակ պլան, որքան ուզում ես կարեկցիր, չես կարողանալու խոսքից գործի անցնել։ Բայց կրկնեմ` զուսպ լինելը, ապրումակցելը հարգանքի են արժանի, մանավանդ երբ ուրախանալու շատ առիթներ չունենք։

– Պարո՛ն Սամվելյան, եսակենտրո՞ն ազգ ենք։

– Մենք շատ անգամ մտածում ենք, թե մոլորակը մեր շուրջն է պտտվում… Ասված է. «Ում շատ է տրվել, նրանից էլ շատ պիտի պահանջվի»։

– Մեզ շա՞տ էր տրվել։

– Բավականին։ Մեզ և՛ պարգևներն են շատ տրված եղել, և ՛ տառապանքները։ Երբ գիտես առաքելությունդ ու հրաժարվում ես դրանից, ստիպված ես ուրիշների առաջնորդությանը հետևել։

– Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ժամանակներում ենք ապրում 2020 թվականի պատերազմից հետո։ Ոմանց պնդմամբ՝ պատմական ժամանակներում ենք ապրում։

– Մեզ համար վերջին 35 տարիները պատմական են։ Ես երբեմն զարմանում եմ, որ այսքան երկար անկախ ենք ու պետություն ունենք։ Շատ բաներ հաշվի առնելով եմ զարմանում։ Սակայն հիմա ժամանակը ոչ թե պատմական, այլ վտանգավոր է` չգիտես, թե հաջորդ օրն ուր կհասնենք։ Կամ թե ո՞ւր ենք գնում…

– Արժանի չե՞նք անկախ պետություն ունենալուն, թե՞ անկախության իրական արժեքը չգիտենք, թե՞ դուք լրիվ այլ բան նկատի ունեք։

– Ես չեմ, որ արժանի պիտի համարեմ կամ չհամարեմ։ Ինձ համար անկախությունն ու ազատությունը բացարձակ արժեքներ են։ Երբ գրեթե հազար տարի չես ունենում անկախ պետություն, պիտի փայփայես այն ձեռք բերելիս։ Քանի-քանի սերունդներ են ծնվել ու մահացել՝ անկախություն բաղձալով… Ես նկատի ունեմ, որ մի անտեսանելի ձեռք կարծես մեզ պաշտպանում է անգամ այսքան սխալներից, անտարբերությունից հետո, բայց թե մինչև երբ` չգիտեմ։ Ամեն նոր օրը հնարավորություն է կործանելու կամ արարելու, լավ կամ վատն անելու համար։ Ինչ ցանես, այն էլ կհնձես…

– Կարո՞ղ էինք որպես ազգ այս փորձությանը չբախվել։ Ինչո՞ւ չկարողացանք խուսափել։

– Ես ճակատագրապաշտ չեմ, բայց հավատում եմ, որ յուրաքանչյուր արած բան իր հետևանքն է ունենում։ Երբ տրված է լինում պատմական հնարավորություն, բայց դու մսխում ես այն, վատնում ես ժամանակը, ավելին, ինքնակամ նահանջում ես, հետ ես կանգնում դարերով պաշտած քո արժեքներից ու հենց նույն պատմության դասերից, ի՞նչ պիտի լինի այդ դեպքում… Անհոգությունն (արխային ընկնելը) ու անտարբերությունը կործանարար են ինչպես հասարակական հարցերում, այնպես էլ մարդկային շփումներում:

– Ի՞նչ կփոխեիք մեր իրականության, հասարակության մեջ, պարո՛ն Սամվելյան։

– Մեզ իրար հարգելն է պակասում, քաղաքավարությունը։ Սեփական անձի անսխալականությունն ու բոլորից լավը լինելու պատրանքը կործանարար են։ Եվ գիտակցումը, որ պետք է սիրել երկիրը, չնեղանալ երկրից՝ ինչ էլ պատահի…

– Որպեսզի չանտեսենք գրականությունը, կխնդրեմ՝ մեր ընթերցողներին առաջարկեք ձեզ առավելագույնս տպավորած նվազագույնը երեք գործ ընթերցել։

– Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» և Արամ Ալավերդյանի «Զգուշավոր բաս» պատմվածքների ժողովածուն, որն Արցախյան առաջին պատերազմի օրերի ու մարդկային ողբերգությունների մասին է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am