37-ամյա Հերմինե Զաքարյանը թեև գիտի, որ որդին զոհվել է, բայց ամենուր նրան է փնտրում։ Ասում է՝ համակերպվել որդու կորստի հետ չի կարողանում։
«Միշտ ման ենք գալիս Գոռիս։ Նկարին նայելով՝ խոսում եմ իրա հետ, հարցնում եմ՝ որտե՞ղ ման գամ քեզ»,- հուզմունքով ասում է Հերմինեն: Հերմինեի որդին 18 տարեկան էր:
Գոռ Վարդանյանը 2 ամսվա զինծառայող էր, ծառայել է Կուբաթլուում։ Զորավարժությունների նպատակով Գոռը զինակից ընկերների հետ պատերազմից օրեր առաջ Ջրական է տեղափոխվել։ Պատերազմը սկսվելուն պես Ջրականում պայքարել է հակառակորդի դեմ։
Որդեկորույս մայրն ասում է՝ Գոռը վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 2-ին, ասել՝ ամեն ինչ լավ է, կզանգի։ «Արագի մեջ հարցրեց՝ ո՞նց եք, զարյադկա չունեմ, որ չզանգեմ, չանհանգստանաս, ասեցի՝ ոչինչ, զգույշ եղի։ Հենց էդ օրն էլ ԱԹՍ-ն հարվածել ա»,- ասում է ու հուզվում մայրը։
Օրեր անց ծնողները տեղեկացել են դեպքի մասին։ Հերմինեն ասում է՝ հոկտեմբերի 7-ին հարազատները եկել են իրենց տուն, նույն օրը որդու անունը զոհված զինվորների ցուցակում է հայտնվել։
«Այդ օրն իմացանք․․․ Ամեն ինչը փոխվեց։ Մինչև հիմա էլ գլխներիս միտք չկա, դատարկ օդի մեջ ենք»,- ասում է 37-ամյա կինը։
Մոր խոսքով՝ Գոռը համեստ էր, խելոք, աշխատասեր։ Միաժամանակ երկու տեղ է աշխատել՝ որպես մեքենա վերանորոգող և թռչնաֆաբրիկաներից մեկում՝ բանվոր։
«Ինքը սիրում էր աշխատել, ոչ մեկին նեղություն չտալ»,- ասում է մայրն ու նշում՝ որդին չէր սիրում կիսվել իր դժվարությունների մասին։
«Շատ փակ էր, երբ մի բանից նեղվել ա, դուրը չի եկել, չի արտահայտվել, ես աչքերից էի զգում, որ մի բանից նեղված ա, մի բանը դուր չի եկել, թե չէ երբեք չէր բողոքում»։
Մայրը հիշում է, որ որդին տարբեր գյուղերում լինելով՝ տեսել էր, որ գյուղերում խաչ է տեղադրված, իսկ իրենց գյուղում՝ Արամուսում, չկա։ Նպատակն էր, որ անպայման իրենց գյուղում էլ խաչ պատրաստեր և տեղադրեր։
«Ասում էր՝ պապ, որ գյուղ մտնում ենք՝ խաչ կա, մեզ մոտ՝ չէ։ Դասարանի երեխեքին ասել էր՝ բոլորս աշխատում ենք, եկե՛ք փող դնենք, մեր գյուղում էլ խաչ լինի: Որ չէին համաձայնել, ասել էր՝ ես բանակ գնամ-գամ, անպայման դնելու եմ։
Գրքույկ ուներ, գրքի վրա նկարել էր, մենք համարյա իրա նկարածի պես խաչ ենք սարքել։ Հենց իրա գերեզմանի մոտ էլ դրել ենք, պապան ա իրա ձեռքով սարքել»,- ասում է մայրն ու հուզմունքով նշում՝ որդուն կարոտում է ու միշտ սպասում՝ գուցե մի օր մի տեղից հայտնվի։
«Ուր գնում ենք, ինչին կպնում ենք, իրան ա հիշացնում։ Իրան սպասելով ապրում ենք»,- մորմոքով ասում է որդեկորույս մայրը։
Արփինե Արզումանյան
MediaLab.am