Մենք չենք ակնկալում, որ դատարանը հօգուտ պարոն Բադասյանի որոշում կկայացնի, դատարանը պետք է որոշում կայացնի հօգուտ արդարության. Փաստաբան

Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը երեկ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ֆիզիկապես, նաև զենքով։ Այս հայտարարությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը նրան բերման է ենթարկել, ապա ձերբակալել։

ԱԱԾ-ն նրան կալանավորելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան։ «Մեդիալաբը» զրուցել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ։

– Պարո՛ն Պապիկյան, ի՞նչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Վահան Բադասյանին, և ի՞նչ նորություններ կարող եք հաղորդել։

Վահան Բադասյանին բերման են ենթարկել կասկածյալի կարգավիճակով և հարցաքննել են, այդ պահին նա դեռ պաշտպան չի ունեցել: Նա հրաժարվել էր ցուցմունք տալուց՝ օգտվելով իր իրավունքից:

Երբ ես արդեն գնացի, քիչ հետո նաև մեղադրանք առաջադրեցին և որպես մեղադրյալ ներգրավեցին ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Մեղադրյալի կարգավիճակում պարոն Բադասյանը նույնպես հրաժարվեց ցուցմունք տալուց՝ օգտվելով իր իրավունքից:

Միայն հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Երեկ արդեն բավականին ուշ ժամի վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ խափանման միջոցը կալանավորում ընտրելու:

Այսօր դատարանը քննելու է այդ միջնորդությունը, նիստը նախատեսված է ժամը 18.30-ին: 

– Տվյալ հոդվածը որքանո՞վ է համահունչ իր արած հայտարարություններին, որոնցով նա, ըստ էության, սպառնացել էր վերացնել վարչապետին։

Մենք համոզմունք ունենք, որ առաջադրված մեղադրանքը, կոնկրետ հոդվածը չեն կարող վերաբերել իրեն կամ իր գործողություններին, կամ կատարած հայտարարություններին, որը միջազգային ներկայացուցիչների հետ է կատարվել: Բացի դա, բավականին մեկնաբանման կարիք ունի։

Մենք պարոն Բադասյանի հետ երկար քննարկել ենք, այս պահին, ցավոք սրտի, որոշ տեղեկություններ չեմ կարող հայտնել։ Այսօր դատարանում պարոն Բադասյանը, նաև ես՝ որպես իր պաշտպան, մեր խոսքը կասենք առաջադրված մեղադրանքի շուրջ և նաև կալանավորման միջնորդության վերաբերյալ։

Եվ ես հույս ունեմ, որ դատարանը օբյեկտիվ և արդարացի քննության արդյունքում կմերժի միջնորդությունը։

– Պարո՛ն Պապիկյան, պարոն Բադասյանը հստակ ասել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել զենքով։ Արդյոք իրավապահ համակարգը չպե՞տք է արձագանքեր։ Կարծում եք իրավաչափ չե՞ն գործել։

– Ես չեմ ասում, որ իրավապահ մարմինները իրավաչափ չեն գործել, ավելին, ես կարող եմ ասել, որ իրավաբանական առումով առերևույթ զարգացման ընթացքն այդպիսին պետք է լինի։ Մեկ այլ բան է, թե արդյոք այս պրոցեսը, ֆորմալ գործընթացը իր բովանդակությամբ համահո՞ւնչ է տեղի ունեցածին, և բովանդակային էությունը համապատասխանո՞ւմ է իրավունքին, թե՞ ոչ։

Ես չեմ ասում, որ քննիչը ճիշտ չի արել, երբ գործ է հարուցել։ Բայց երբ մեղադրանք է առաջադրվում, և այդ մեղադրանքն առաջադրվում է իքս բովանդակությամբ, այն դեպքում, երբ անձը կատարել է իգրեկ արարքը, սա ինքնին խոսում է, որ կան խնդիրներ։ Ավելին, օրվա վերջին բոլոր գործողությունների ընթացքում, քննչական գործողություն կատարելու ձևի վերաբերյալ ո՛չ ես, ո՛չ պարոն Բադասյանը ոչ մի խնդիր չենք նկատել, այսինքն՝ օրենքի տառը պահպանել են։ Սակայն մեր կարծիքով՝ բովանդակային իմաստով բավականին խնդիրներ կան, բնականաբար, մենք նաև դա կներկայացնենք առնվազն դատական նիստի ավարտից հետո։

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում այդպիսի բազմաթիվ սպառնալիքներ և հայտարարություններ հնչեցին վարչապետի հասցեին, բայց որևէ մեկն այդպես էլ չկալանավորվեց, հույս ունե՞ք, որ դատարանը հօգուտ Բադասյանի որոշում կկայացնի։

– Մենք չենք ակնկալում, որ դատարանը հօգուտ պարոն Բադասյանի որոշում կկայացնի, դատարանը պետք է որոշում կայացնի հօգուտ արդարության և արդարադատության։

Այս կանխավարկածով մենք պարոն Բադասյանի հետ ներկայանալու ենք դատավորի մոտ։ Եվ եթե հօգուտ արդարության և իրավունքի որոշում կլինի, մեր համոզմամբ, դա լինելու է հօգուտ պարոն Բադասյանի։ Պարոն Բադասյանը գտնում է, որ իրավունքը և արդարությունը պետք է գերակայեն, և առնվազն այսօր նա անազատության մեջ չհայտնվի։ 

– Ազատության մեջ Բադասյանը վարչապետին սպառնալիք չի՞ հանդիսանա։

– Իմ անձնական կարծիքը ասեմ, որովհետև այդ հարցը չեմ քննարկել նրա հետ։ Պարոն Բադասյանը, ազատության մեջ լինելով, որևէ անձի սպառնալիք չի հանդիսանա, որովհետև ինքն այդ մարդը չէ։

Մանե Հարությունյան

MediaLab.am