Այս օրերին ամենաքննարկվող թեման կոմունալ վճարների ահռելի չափերն են, որոնք մարդկանց մոտ դժգոհության ու մտահոգության ալիք են բարձրացրել: Մինչ տարավերջին իշխանությունները, Ռուսաստանի նախագահի` Հայաստան այցելությունից հետո, լավ կյանք էին խոստանում, ռուսական ձմեռվա սառնամանիքին շատերն անակնկալի են եկել սպառված գազի դիմաց իրենց սպասվող ահռելի վարձավճարների չափերից:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ 2013 թվականի հուլիսի 7-ից Հայաստանում 1 խորանարդ մետր գազը թանկացավ 24 դրամով՝ 132 դրամի փոխարեն կազմելով 156 դրամ:
Նույն որոշմամբ՝ 1 կվտ ժամ էլեկտրաէներգիան թանկացավ 8 դրամով՝ 30 դրամից հասնելով 38 դրամի: Եթե գազի թնակացումը պայմանավորված էր սահմանում Հայաստանին վաճառվող ռուսական գազի թանկացմամբ, ապա էլէկտրաէներգիայի դեպքում այդպես էլ հիմնավոր բացատրություններ չեղան պատկան մարմինների կողմից:
Մարդիկ ասում են, որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 30-40 տոկոսով ավելի կոմունալ վճար են վճարում:
«Ցուրտը մի կողմից, մյուս կողմից գազի որակն է ընկել, հզոր չի կրակը: Գազից ու հոսանքից բացի ամեն ինչն էլ թանկացել է»,- «Մեդիալաբին» ասում է թոշակառու տիկին Ալվինան:
Մասնագիտությամբ ուսուցչուհի Զոյա Այվազյանն էլ ասում է, որ միայն 70 հազար դրամ դեկտեմբեր ամսվա լույսի ու էլեկտրաէներգիայի դիմաց է վճարել:
Մեզ հետ զրույցում որոշ քաղացիներ ասում էին, որ չեն համարձակվում գնալ կոմունալ վճարները վճարելու:
Մարդիկ բողոքում են նաև գազի անորակ լինելուց, ինչի պատճառով շատ են գազ ծախսում, բայց փոխարենը չեն տաքանում:
«Ես այս իրավիճակը գնահատում եմ անընդունելի, սա նշանակում է, որ Հայաստանում կենսամակարդակը շարունակում է անկում ապրել»,- Մեդիալաբին ասում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Նա նշում է, որ սպասելի էր, որ իշխանությունները նախքան աշխատավարձերի բարձրացումները նման թանկացումներ պետք է անեին:
«Ես սա համարում եմ շատ սպասելի մոտեցում, որպեսզի շարունակվի այդ քաղաքականությունը, որը տարվում է՝ երբ գները առաջ են ընկնում վարձատրության բարձրացումից: Դա պարզապես քաղաքականություն է»,- ընդգծեց նա:
Կառավարման փորձագետն այն կարծիքին է, որ 1991 թվականից մենք պետական կառավարման իմաստով ստեղծեցինք անհաջող պետություն:
«Եվ այդ պետությունը չի լուծում ոչ մի ռազմավարական հարց, քայլ առ քայլ կառավարման համակարգը վատանում է, դրա համար մեզ մոտ 91 թվականից արտագաղթ է»,- ընդգծեց նա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն նշում է, որ այս տարի աշխատավարձերի բարձրացում է սպասվում, որը կմեղմի թանկացումները: Այս օրերի դժգոհությունները նախարարը խուսափում է մեկնաբանել: Հիշեցնենք, սակայն, որ աշխատավարձերի բարձրացումը տեղի է ունենալու հուլիսի 1-ից և ոչ թե հունվարից, ինչպես իշխանությունները խոստացել էին ավելի վաղ:
«Ես կարծում եմ, որ պետք է բոլոր միջոցները ձեռնարկվեն մեր կողմից, որպեսզի բոլոր խնդիրները լուծումներ ստանան: Կենսաթոշակները բարձրացվեցին հունվար ամսից շուրջ 15 տոկոսով»,- լրագրողներին ասում է նախարարը:
Տնտեսագետ Սամվել Ավագյանն ասում է, որ 2013 թվականին ամբողջ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիները բախվել են այն խնդրին, որ գնաճն ավելի բարձր է եղել, քան աշխատավարձերի բարձրացումը:
«Ըստ պաշտոնական տվյալների՝ մենք ամբողջ տարվա ընթացքում ունեցել ենք մարդկանց կենսամակարդակի անկում ու իրական եկամուտների նվազում: Բնականաբար, ձմռան ընթացքում այդ երևույթը շատ ավելի սրվել է, որովհետև հունվարի 1-ից միայն թոշակներն են բարձրացել 15 տոկոսով, բայց կոմունալ ծախսերի հավելաճը մոտավորապես 20-30 տոկոս է, չհաշված այն հարցերը, որ կապված են գազի կալորիականության հետ»,- «Մեդիալաբին» ասում է Սամվել Ավագյանը:
Տնտեսագետի խոսքով՝ այս իրավիճակում կարող ենք արձանագրել, որ այսօվա դրությամբ Հայաստանում ունենք մարդկանց իրական եկամուտների նվազում:
Թոշակների բարձրացումը, որը տեղի ունեցավ հունվարի 1-ից, ըստ Սամվել Ավագյանի, միայն համարժեք է ամառային ամիսներին կոմունալ վարձերը վճարելու համար: Ձմեռային ամիսներին դա միայն այդ վճարների փոքր հատվածն է ֆինանսավորում և մարդկանց թույլ չի տալիս ձմռանը տաքանալ:
«Մենակ գազի վարձը, որ տամ թոշակս լրիվ կվերջանա, բա ո՞ նց ապրեմ: Մեզ մնում ա մենակ, մեռնենք, որ էս մղձավանջից պրծնենք»,-«Մեդիալաբին» ասում է 68 ամյա միայնակ թոշակառու Անյա Հակոբյանը:
© Medialab.am