«Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկում են նստացնելու համար». Ստեփան Դանիելյանը` սպասվող զարգացումների մասին

«Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկում են նստացնելու համար». Ստեփան Դանիելյանը` սպասվող զարգացումների մասին
«Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկում են նստացնելու համար». Ստեփան Դանիելյանը` սպասվող զարգացումների մասին

Փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասով հնչեցրած ուշագրավ ելույթին անդրադարձել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյան: 

Հիշեցնենք, որ չնայած ՀՀԿ-ԲՀԿ լարվածությանը, Սերժ Սարգսյանի շատերի համար անսպասելի որակումներ էր տվել Գագիկ Ծառուկյանին: Նա մասնավորապես նշել էր, որ «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք» եւ հավելել, թե «քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ»:

«Այո, ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի,-նշել էր նա,- Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»:

Իր ելույթում Սարգսյանը նշել էր, որ ազատում է Ծառուկյանին ԱԱԽ անդամի կարգավիճակից, ինչպես նաեւ խոսել էր նրա, որպես պատգամավոր անապտասխանատու լինելու ու բացակայությունների, հարկերից խուսափելու մասին լուրերի, պատասխանատվության եւ այլի մասին:

Ստեփան Դանիելյանը նշում է, որ նման վերաբերմունքով փորձում են Ծառուկյանին «նստացնել»:

«Փաստորեն Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկում են նստացնելու համար: Գործն էլ արդեն սարքվում ա: Որից հետո նոր կհայտարարվի սահմանադրական փոփոխությունների մասին»,-նշում է Դանիելյանը:

Նա նշում է, որ զարգացումներից կարելի է հետեւություններ անել, որ սկսվում են փոխադարձ կոմպրոմատների հրապարակումներ, ոչ իշխանական լրագրողների նկատմամբ ճնշումներ, ինչպես նաեւ ակտիվ զանգվածների ծեծերի նոր ալիք է սպասվում:

«Չեն բացառվում նախազգուշական մահափորձերը: Ամեն ինչ կախված է նրանից, թե հակառակ կողմն ինչ քայլերի կգնա,-նշում է Դանիելյանը եւ հավելում,-փաստորեն հանրահավաքները սկսվելու են մոտակա օրերին, այլ ոչ թե մարտին»:

© Medialab.am