Փաստաբաններն ահազանգում են. «Շուշի» ՔԿՀ աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել ցմահ ազատազրկման դատապարտված զինվորին

Անցած տարվա նոյեմբերին 4 ծառայակից զինվորներին սպանելու մեղադրանքով ձերբակալված եւ երեկ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Մանվել Հազրոյանի պաշտպաններ Կարեն Թումանյանն ու Էդմոն Մարուքյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Հաղորդագրության մեջ նշվում է, այս տարվա օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որի դատաքննությունը տեղի էր ունենում ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում` դատավոր Հ.Դավթյանի կողմից Մանվել Հազրոյանի նկատմամբ դատավճռի հրապարակումից հետո Մ.Հազրոյանը սեղանի վրա գտնվող շիշը վերցրել եւ շպրտել է դատավորի ուղղությամբ, որից հետո Հազրոյանին ուղեկցող ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցներն ուժի գործադրմամբ ձեռնաշղթաներ են հագցրել եւ վնասազերծել նրան դատարանի դահլիճում:
«Սակայն, ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցները վնասազերծումից հետո դատարանի դահլիճից դուրս են հրավիրել լրագրողներին, դատավարության բոլոր մասնակիցներին և սկսել են ծեծի ենթարկել Մ.Հազրոյանին հենց դատարանի դահլիճում՝ դատավորի և պաշտպանի ներկայությամբ»,- գրված է հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ, ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցներին փաստաբան` Էդմոն Մարուքյանը մոտենալով պահանջել է դադարեցնել Մանվել Հազրոյանին ծեծելը` «պնդելով որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար Հազրոյանը համապատասխան պատասխանատվության կարող է ենթարկվել, իսկ եթե նրան ծեծում են իր կողմից կատարված հանցագործության համար, ապա դրա համար դատարանի կողմից նա արդեն դատապարտվել է ցմահ ազատազրկման»:
«Այդ պահին այն նույն ագրեսիվ տրամադրությամբ, որով խփում էին Հազրոյանին ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցները հարձակվել են փաստաբան` Էդմոն Մարուքյանի վրա և գոռալով փորձել են դուրս հանել դատարանի դահլիճից, որպեսզի իրենց ծեծը հանգիստ շարունակեն, սակայն տեսնելով որ փաստաբանը դուրս չի գալիս դատարանի դահլիճից, նրանցից ագրեսիայով ավելի աչքի ընկնող մայորի կոչումով աշխատակիցը հարձակվել է փաստաբանի վրա և ձեռքերով հրելով հասցրել դատարանի դահլիճի մյուս անկյունը որտեղ ճաղավանդակներն են տեղադրված»,- գրված է փաստաբանների հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության, նույն պահին դատարանի դահլիճ է մտել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը և կոչ է արել փաստաբանին բռնության չենթարկել, որից հետո նաև դատավոր Դավթյանի հորդորները լսելով ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցները փաստաբանի մոտից հեռացել են և Հազրոյանին դատարանի դահլիճից հանելով նստեցրել կալանավորների համար նախատեսված մեքենան, որի մեջ` Հազրոյանի հարազատների պնդմամբ շարունակել են ծեծելով Հազրոյանին տեղափոխել ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանղ
Նշվում է, որ փաստաբան` Էդմոն Մարուքյանի կողմից պահանջվել է, որպեսզի Հազրոյանին ծեծող և իր նկատմամաբ բռնություն գործադրող աշխատակիցը ներկայանա, սակայն նա չի ներկայացել ասելով, որ ինչ անում է լավ է անում:
«Գտնում ենք, որ ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցների կողմից Մ.Հազրոյանի և նրա պաշտպան Է. Մարուքյանի նկատմամբ կիրառված բռնություններին, որը կատարվել է դատարանի դահլիճում և Շուշիի քննչական մեկուսարան տեղափոխող մեքենայի մեջ պետք է տրվի համապատասխան իրավական գնահատական, որի շրջանականերում նախ պահանջում ենք սույն հաղորդման և մամուլում հրապարակված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցել Մանվել Հազրոյանին ծեծի ենթարկելու և նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ` Էդմոն Մարուքյանի լիազրությունների իրականացմանը խոչընդոտելու և նրա նկատամամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ»,- գրել են փաստաբանները:
Նշվում է նաեւ, որ Մանվել Հազրոյանի մարմնի վրա առաջացած բռնության հետքերն արձանագրելու նպատակով նրան անհապաղ ներկայացնել դատաբժշկական փորձագետին, որի չկատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած «Մարդու Իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված վատ վերաբերմունքի դեպքերով արդյունավետ քննության պետության պարտավորության խախտման:
© Medialab.am