Հանցավոր ռեժիմը կարիք ունի չպատժվող բռնի գործողությունների, պետության արձագանքում զարմանալու ոչինչ չկա. Կարապետյանց 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, ի՞նչ գնահատական կտաք ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութին, որում հստակ երևում է, թե ինչպես է հետախուզության բաժանմունքի պետը ծեծում 16-ամյա ռեստորանի աշխատակցին:

– Սա հերթական դեպքն է, ու միայն այն պատճառով, որ եղել են տեսախցիկներ, հնարավոր է եղել ֆիքսել այս դեպքը։ Ես զարմանում եմ, թե ինչպե՛ս ոստիկանության այդ բարձրաստիճան պաշտոնյան չի հրահանգել այդ տեսանյութերն արագ վերացնել, երևի չի ֆայմել, դա էլ խոսում է նրա պրոֆեսիոնալիզմի մասին, որովհետև առհասարակ բոլոր գործերով իրենք շատ արագ միջոցներ են ձեռնարկում բոլոր հետքերը մաքրելու՝ որևէ հնարավորություն չթողնելով, որ այդ գործերը բացահայտվեն։ 

Կրկնում եմ՝ սա հերթական դեպքն է, ու միայն պատահականության սկզբունքով է եղել, որ այդ տեսանյութը հրապարակվել է։ Ուղղակի համոզված եմ, որ բազմաթիվ նմանատիպ գործեր կան, որոնք չեն բացահայտվում այն պատճառով, որ, ինչպես վարչապետն է ասում՝ աննախադեպ ճնշումներ են սկսում նման դեպքերից հետո։ 

Նույն այդ ոստիկանության աշխատակիցները, դռնեդուռ ընկած, մարդկանց վախեցնելով, ահաբեկելով հասնում են նրան, որ բողոքներ չլինեն, դրան հաջորդում է ընկերական-եղբայրական մոտեցումը, որը հասնում է մինչև քավոր-սանիկ կապին, ու այդ ամենը լինում է նաև քրեական ենթամշակույթ կրող մարդկանց ներգրավմամբ։ 

Այս ամբողջ մեխանիզմի մասին տեղեկացված է Գլխավոր դատախազությունը, ես գրեթե համոզված եմ, որ կոնկրետ դեպքում ևս պարտադրել են հրաժարվել բողոքից, ու նման իրավիճակներն անթիվ են։ 

Տեսանյութի առկայության պարագայում բողոքի լինել-չլինելը բացարձակապես էական չէ, որովհետև դա ծեծ հոդվածը չէ, որտեղ կարող է հաշտություն լինել, մի հարված չէ, դա ակնհայտորեն այլ հոդվածի տակ տեղավորվող արարք է։ Այնպես որ, քրեական գործ չհարուցելու կապակցությամբ էլ պետք է քրեական գործ հարուցվեր, պետք է հասկանալ՝ այդ ո՛ր քննիչը, վերահսկող դատախազն են եղել, որ համարել են՝ կարող է քրեական գործ չհարուցել։ 

Ինձ համար պարտադիր պայման է լինելու հասկանալ՝ տրամադրվա՞ծ են ինչ-որ գործողություն իրականացնելու, թե՞ չէ, այդ թվում նաև՝ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ։ Իմիջիայլոց, սա էլ ասեմ, որ ինքնին քրեական գործ հարուցելու ընթացակարգն ավանդաբար այսպես է․ եթե շատ է աղմուկ լինում՝ գործ հարուցում են, անցնում է երկու ամիս, այդ գործը փակում, ճանապարհում են, ու սա անհաշվելի թվով գործերի պարագայում է։ Սա հիվանդություն է, որը մենք ունեցել ենք թե՛ նախկինում, թե՛ ունենք հիմա՝ նույն ծավալով, բովանդակությամբ, հեղափոխություն կոչվածից հինգ տարի անց։ 

– Մինչեւ մի քանի ժամ առաջ նշվում էր, որ բաժանմունքի պետը զղջացել ու ներողություն է խնդրել, դրա համար քրեական գործ չեն հարուցել, այլ միայն լիազորություններն են ժամանակավորապես դադարեցրել, նորմա՞լ եք համարում։

– Ես համոզված չեմ, որ ներողություն է խնդրել, որովհետև նման աննորմալ վարքագիծ դրսևորող մարդն ունակ չէ ներողություն խնդրելու։ Նրա այդ գործողությունը նաև ինքնահաստատման, խուլիգանությանը բնորոշ է, ոչ թե սոսկ ծեծ, հետևաբար, ներողությունը որևէ կերպ արդարացում չէ, չնայած վստահ չեմ, որ ներողություն է խնդրել։ 

Ինչո՞վ է դրսևորվել այդ զղջալը, ուզում եմ հասկանալ։ Թող եթեր դուրս գար ու ներողություն խնդրեր ոչ միայն այդ անչափահաս տղայից, այլ նաև հասարակությունից, ինքնակամ դիմում գրեր ու դուրս գար աշխատանքից, բայց՝ չէ՛, նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ 

Նման դեպք էլի ենք ունեցել, երբ հանրային աղմուկ է եղել, տվյալ անձին պաշտոնից ժամանակավորապես հեռացրել են, հետո շատ պատահաբար պարզում ենք, որ նա, լինելով մեղադրյալի կարգավիճակում, մեկ այլ տարածքում նշանակվել է շատ ավելի բարձր պաշտոնի։ 

Սրա ամենակարևոր մեսիջն այն է, որ նման վարքագիծը խրախուսվում է պետության կողմից, ամենավատը հենց դա է։ Սա մենք ունեցել ենք նախկինում, որովհետև հանցավոր ռեժիմը կարիք ունի չպատժվող բռնի գործողությունների, ու, ենթադրում եմ, հիմա էլ իշխանությունները նույնչափ հետաքրքրված են ոստիկանության նման վարքագծով, որպեսզի կարողանան անհրաժեշտության դեպքում ճնշել մարդկանց բողոքն ու ցասումը։ 

– Տիկի՛ն Կարապետյանց, գործող իշխանությո՞ւնն էլ է դառնում հանցավոր ռեժիմ, որ խրախուսում է նման դեպքերը։

– Ենթադրվում է՝ այո՛, որ ինչ-որ փուլում սա օգտագործվելու է, այլապես չկա տրամաբանություն, գոնե նախկինում իրականացված, 2015 թվականի «Էլեկտրիկ Երևանի», Սարի թաղի դեպքերի հետ կապված գնահատական չտալուց հետո ես դեռ այն ժամանակ ասել եմ, կարծում եմ՝ 2019 թվականն էր, որ եթե հիմա գնահատական չեն տալիս, սա ենթադրում է միայն մեկ բան, որ իրենք հասկանում են, որ ինչ-որ մի պահի իրենք են նման հրահանգներ տալու: Եթե ինչ-որ մեկն այդ ժամանակ պատժվեր նախկինում արածի համար, ապա պարզ է, որն հետո իրենց ապօրինի հրամանը ոչ մեկը չէր կատարելու։ Հետևաբար անհրաժեշտ էր ոստիկանությանը սատարել ոչ միայն բարձր աշխատավարձերով ու արտոնություններով, այլ նաև միանձնյա ներումներ շնորհելով։ 

– Պետության կողմից նման արձագանքը ձեզ համար զարմանալի՞ էր, ՄԻՊ-ը, ի դեպ, մինչև այս պահը չի անդրադարձել դեպքին։

– Ես ներկա ՄԻՊ-ից որևէ ակնկալիք չունեմ, գուցե ինչ-որ ժամանակ հետո մոտեցումը փոխի, որովհետև մեր բոլոր ՄԻՊ-երը սկզբում դասագրքային տերմիններով հայտարարություններ են արել, որոնք կյանքի հետ կապ չունեն, բայց գոնե գնալուց առաջ հասկանում են, որ այդպես չի կարելի։ 

Բնավ զարմացած չեմ, իսկ մնացած մարմիններն արդեն շնորհակալություն հայտնե՞լ են, օրինակ՝ ԱԺ-ի տարբեր պատգամավորներ, որոնք նախկինում ակտիվիստներ են եղել, ամեն ծեծ ու ջարդից հետո շնորհակալություն են հայտնում ոստիկաններին «բարձր պրոֆեսիոնալիզմի» համար։ Հետաքրքիր է՝ Սիսակ Գաբրիելյանը, Վիլեն Գաբրիելյանը, Մարիա Կարապետյանն ու այլք արդեն շնորհակալություն հայտնե՞լ են «բարձր պրոֆեսիոնալիզմի» համար։ 

Ոչինչ էլ չեն ասի, որովհետև նման հրահանգ են ստացել, նախկինում իրենց պատեպատ կտային, բայց հիմա իրենք իշխանություն են ու չեն քննադատում։ Ցավալիորեն, հանցավոր համակարգը խժռել է այս մարդկանց, զարմանալու ոչինչ չկա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am