«Կրոկուս սիթի հոլլ»-ի ադրբեջանցի սեփականատիրոջը պատկանող բոլոր առևտրային կենտրոնները փակվել են. Factor

«Վեգաս Կրոկուս սիթի», «Վեգաս Կունցևո» և «Վեգաս Կաշիրսկոե» առևտրի ու ժամանցի կենտրոնները ժամանակավորապես փակվել են։ Այս մասին հայտնել է առևտրային ցանցն Telegram ալիքում գրառմամբ։ Առևտրի կենտրոններում աշխատանքի վերսկսման մասին խոստանում են հավելյալ տեղեկացնել, փոխանցում է Մեդուզան։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Վեգաս» առևտրի կենտրոնները պատկանում են «Կրոկուս գրուպ»-ի սեփականատեր, ազգությամբ ադրբեջանցի Արազ Աղալարովին։ Գործարարին է պատկանում նաև «Կրոկուս սիթի հոլլը», որտեղ մարտի 22-ին տեղի է ունեցել ահաբեկչությունը։

Համերգասրահը, որտեղ ահաբեկիչները սպանել են առնվազն 144 մարդու, «Վեգաս կրոկուս սիթի» համալիրի մասն է։ Ահաբեկչությունից անմիջապես հետո «Վեգաս կրոկուս սիթին» փակվել է, այցելուներն ու աշխատակիցները տարհանվել են, սակայն մարտի 24-ին, ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի, առևտրի կենտրոնը վերսկսել է աշխատանքը։ «Կրոկուս սիթի հոլլի» վրա հարձակվողները հրդեհել են շենքը, կրակն ամբողջությամբ ավերել է համերգասրահը։

Մարտի 25-ի դրությամբ՝ այրված շենքում որոնողական աշխատանքները շարունակվել են, Baza-ի տվյալներով՝ անցած գիշեր հայտնաբերվել են մահացածների դիակների մնացորդներ։

«Կրոկուս գրուպ» ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է վերականգնել համերգասրահը։ «Վեդոմոստի»-ի հետ զրուցած փորձագետները նշել են, որ «Կրոկուս սիթի հոլլի» վերականգնումը կարող է արժենալ մինչև 15 միլիարդ ռուբլի և տևել մոտ մեկ տարի: