«Գոնե Էրդողանի իշխանության օրոք հայ-թուրքական սահմանի վերջնական բացում տեղի կունենա պայմանով». դիտարկումներ Միրզոյանի թուրքական այցի մասին

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում էական առաջընթաց կամ փոփոխություն չի մտցնելու, վերլուծելով Միրզոյան-Չավուշօղլու այսօրվա հանդիպումը՝ նշում են թուրքագետները։

«Պետք է արձանագրել, որ Թուրքիան այս գործընթացում շարունակում է առաջ շարժվել փոքր քայլերի իր մարտավարությամբ։ Գործընթացը շարունակվում է, ընդ որում՝ առանց հիմնական արդյունք տալու, այսինքն՝ սահմանը չի բացվում, հարաբերություններ չեն հաստատվում, ինչն իհարկե Թուրքիայի պատճառով է: Ըստ էության, Թուրքիան չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ որդեգրած իր փոքր քայլերի քաղաքականությունից»,- «Մեդիալաբին» ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ու նշում, որ այս անգամ այդ փոքրիկ առաջընթացը Անիի կամրջի վերանորոգման պատրաստակամությունն էր։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի բնորոշմամբ էլ՝ այդ կամրջի վերանորոգումը կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ «ուղղակի զավեշտ է»։

«Զավեշտալի է ուղղակի, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ դա ընդհանրապես պետք է տեղ չունենար։ Անկախ կարգավորումից, այդ կամուրջը պետք է վաղուց վերանորոգված լիներ, դա պատմական արժեք ներկայացնող կամուրջ է, ի՞նչ կապ ունի կողմերի հարաբերությունների կարգավորման հետ»,- «Մեդիալաբին» ասում է թուրքագետն ու հավելում, որ կամուրջն անգամ երթևեկության համար նախատեսված չէ ու ավելին՝ «սահմանից դուրս է»։

Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշի նահանգում տեղի ունեցած 7.8 մագնիտուդով ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում, այսօրվա դրությամբ, զոհվել է 35.418 մարդ, վիրավորների թիվը 105.505 է, բայց այս թվերը, տարբեր գնահատականներով, դեռ կարող են աճել։ Երկրաշարժի հետևանքով վնասներ են կրել Թուրքիայի կենտրոնական և հարավային շրջանները։ Թուրքիայի 81 նահանգներից 10-ում հայտարարվել է արտակարգ դրություն և աղետի գոտի։ Մասնագետների դիտարկմամբ՝ այս երկրաշարժը 1939 թ. Երզնկայի երկրաշարժից ի վեր ամենամահաբեր և ամենաավերիչ երկրաշարժն է եղել Թուրքիայում։ 

Այս կապակցությամբ Հայաստանի գործող իշխանությունը ցավակցեց Թուրքիային, այնուհետև աղետի գոտի ուղարկեց փրկարարական ու հումանիտար օգնություն՝ Մարգարայի կամրջով հատելով 30 տարի փակ հայ-թուրքական սահմանը։

Մասնագետների համոզմամբ՝ թեև Թուրքիայի արտգործնախարարն այսօր իր խոսքում հստակորեն չնշեց նախապայմանների մասին, բայց չմոռացավ կրկին շեշտել Ադրբեջանի գործոնը։

«Չավուշօղլուն գործեց թուրքական դիվանագիտությանը համապատասխան՝ առանց նշելու «նախապայման» բառը, խոսեց նախապայմանի մասին՝ ընդգծելով. «Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը», այսինքն՝ կրկին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ»,- նկատում է Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով էլ՝ Թուրքիան շարունակում է ձգձգել կարգավորման այս գործընթացը՝ այն որպես լրացուցիչ ճնշման լծակ օգտագործելով Հայաստանի դեմ ոչ միայն բուն գործընթացի, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում։

«Թուրքիան ամեն կերպ ձգձգելով հարցի վերջնական լուծումը՝ փորձում է հասնել նրան, որ Հայաստանը մնա բանակցային գործընթացում, շարունակվող պրոցեսն օգտագործում է որպես Հայաստանին ճնշելու լծակ, որ Հայաստանից զիջումներ կորզի նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքում այն տարբերակով, որ իրենք են ուզում՝ նաև «Զանգեզուրի միջանցքը»: Ես ենթադրում եմ, որ Թուրքիան դրան էլ է ձգտում»,- ասում է Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքագետները վստահ են, որ գոնե Էրդողանի իշխանության օրոք հայ-թուրքական սահմանի վերջնական բացում տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ կկատարվեն թուրքական բոլոր պահանջները։ Իրավիճակը կարող է մի փոքր մեղմվել սակայն ամերիկյան կողմի ճնշմամբ, որից Թուրքիայի կախումը, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, մեծանալու է երկրաշարժից հետո։

«Ենթադրում եմ՝ ամերիկացիների ճնշումը Թուրքիայի վրա՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով կուժեղանա, որովհետև հենց 91-ից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԱՄՆ-ի կարևոր նպատակներից է եղել, ինչը կարող է նպաստել նրան, որ Թուրքիան մի փոքր նվազեցնի ճնշումները Հայաստանի վրա»,- ասում է Ռուբեն Սաֆրաստյանը։

Իր թուրք գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը արդյոք խոսե՞լ է Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունից ու Արցախում տիրող իրավիճակի մասին, թուրքագետները դժվարանում են հստակ պատասխանել: Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ առանձնազրույցի ժամանակ գուցե խոսել են, բայց պայմանավորվածություն է ձեռք բերվել չհանրայնացնել այդ մասին, իսկ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ պարտադիր էր անդրադառնալ այդ հարցին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am