«Եթե անգամ Թուրքիան ինչ-ինչ հարցերում դիրքորոշում փոխի, ապա դա լինելու է ամերիկյան ճնշման արդյունքում». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Հայաստանի տրամադրած հումանիտար օգնությանն ինչպե՞ս են արձագանքում Թուրքիայում։

– Հայաստանի այդ քայլը միանգամայն հասկանալի է, նորմալ է, հումանիտար հարցերում այդպես էլ պետք է վարվել։ Պաշտոնական արձագանքը մենք տեսանք Թուրքիայից, որ շնորհակալություն հայտնեցին, ինչը ևս նորմալ եմ համարում, իսկ թե ի՛նչ արդյունք կունենա հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքի վրա, լրիվ այլ հարց է, դա արդեն հումանիտար ոլորտ չէ, այլ աշխարհաքաղաքականություն, աշխարհառազմավարություն։

– Ըստ ձեզ՝ ազդեցություն կունենա՞, թե՞ ոչ։ Օրինակ՝ գործող իշխանության ներկայացուցիչները լիահույս են, որ այս քայլը, այնուամենայնիվ, ինչ-որ դրական ազդեցություն ունենալու է այդ գործընթացի վրա։

– Ամեն ինչ կախված է Թուրքիայից, որովհետև պարզ է, որ Հայաստանը կողմ է հարաբերությունները կարգավորելուն՝ առանց որևէ նախապայմանի, Թուրքիայի մոտեցումն այլ է եղել։ Թուրքիան ի սկզբանե՝ 91 թվականից, Հայաստանի նկատմամբ որդեգրել է հետևյալ մոտեցումը, որ Հայաստանն ավելի շատ է շահագրգռված, որ հարաբերությունները կարգավորվեն, սահմանը բացվի, ու դրա համար Հայաստանը պետք է ինչ-որ գին վճարի ։

Այդ գինը ստանալու համար Թուրքիան Հայաստանի նկատմամբ իրականացրել է հարկադրման քաղաքականություն, վերջին շրջանում դա արդեն ավելի ակնհայտ դարձավ, որովհետև իրենց ունեցած երեք նախապայմաններին ավելացավ «Զանգեզուրի միջանցքը», ու Սամարղանդում էլ ելույթ ունենալիս Էրդողանը բացահայտ օգտագործեց «պահանջ» բառը, որ «մենք պահանջներ ունենք Հայաստանից»։

Հարցի ամբողջ էությունը հետևյալն է․ արդյոք Թուրքիան պատրա՞ստ է փոխելու իր ռազմավարությունը Հայաստանի նկատմամբ, որ նա մշակել ու իրականացնում է տասնամյակներ շարունակ։ Ներկա փուլում դա Թուրքիայի համար չունի կարևոր նշանակություն, հիմա պարզ է՝ ինչ վիճակ է այնտեղ: Երկրորդ՝ որոշումը կարող է ընդունվել Թուրքիայի բարձրագույն ղեկավարության կողմից, այսինքն՝ Էրդողանի: Այնպես որ, ասել, թե Քըլըչի շնորհակալական խոսքն ինչ-որ նշանակություն ունի, այդպես չէ, որոշումներ ընդունողն Էրդողանն է։ Արդյոք երբ Էրդողանը ժամանակ ունենա զբաղվել այս հարցերով, կգնա՞ նրան, որ փոխի այդ ռազմավարությունը Հայաստանի նկատմամբ, որ 30 տարի իրականացնում են, խնդիրը սա է։

Ներկա փուլում դժվարանում եմ որոշակի կանխատեսում անել, որովհետև խոսքը ռազմավարություն փոխելու մասին է, բայց մյուս կողմից՝ այս աղետն ու նրա աղետալի հետևանքները, իմ ընկալմամբ, ավելացնում են Թուրքիայի կախվածությունը Արևմուտքից՝ ԱՄՆ-ից, որովհետև վերականգնվելու համար մեծ ներդրումներ են պետք, իսկ դա կարող է Արևմուտքն անել: Այս պայմաններում, ենթադրում եմ, ամերիկացիների ճնշումը Թուրքիայի վրա՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով կուժեղանա, որովհետև հենց 91-ից սկսած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԱՄՆ-ի կարևոր նպատակներից է եղել։

Ինչպես արդեն ասացի, քանի որ Թուրքիայի կախվածությունն ավելի կմեծանա ԱՄՆ-ից, կարող է և ամերիկյան ճնշման ներքո Թուրքիան գնա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհով, բայց հիմա դեռ վաղ է այդ մասին մտածել։

– Այսինքն՝ եթե անգամ Թուրքիան ինչ-ինչ հարցերում դիրքորոշում փոխի, ապա դա լինելու է ամերիկյան ճնշմա՞ն արդյունքում, այլ ո՞չ թե Հայաստանի այս քայլի։

– Չէ՛, Հայաստանի քայլը հումանիտար ոլորտում է, ինչը աշխարհաքաղաքական որոշումների վրա չի ազդում։

– Այդ համատեքստում, պարո՛ն Սաֆրաստյան, Արցախի մասով նրանց դիրքորոշումները կփոխվե՞ն։

– Դա էլի կապված է աշխարհաքաղաքական ռազմավարության հետ, որովհետև այս աղետը ցույց տվեց, որ Թուրքիայի վերջին տարիների քաղաքականությունը կամ ռազմավարությունը, ավելի լայն առումով եթե վերցնենք, արտաքին քաղաքականության բնագավառում եղել է արկածախնդրություն, որովհետև Թուրքիան փորձում էր իր գլխից վեր թռչել, իրեն պահում էր ոչ թե միջին պետություն, ինչպես ինքը կա իրականում, այլ փորձում էր ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարել, մտնում էր բոլոր հակամարտությունների մեջ և այլն։

Հիմա պարզ է, որ նման քաղաքականություն չի կարող վարել, պետք է ստիպված լինի արդեն հաշվի նստել իր իրական հնարավորությունների հետ, իսկ դա կնշանակի, որ Թուրքիայի քաղաքականությունը կդառնա ավելի զուսպ՝ հաշվի առնելով արդեն հարևաններին, ավելի մեծ տերություններին։ Այս առումով կարելի է ենթադրել, որ Թուրքիայի քաղաքականությունը մեր տարածաշրջանում կլինի ավելի զուսպ, այնպես, ինչպես կար մինչև 2020 թվականը։

– Մինչ այս երկրաշարժը հաճախ էին հնչում վերլուծություններ, որ Ադրբեջանը, բնականաբար Թուրքիայի գլխավորությամբ, շատ հնարավոր է գնա Հայաստանի դեմ նոր պատերազմի։ Հաշվի առնելով վերը արված ձեր դիտարկումները՝ կարո՞ղ ենք ասել, որ այս հարցում ևս Թուրքիան զսպվածություն կդրսևորի ու Ադրբեջանի ձեռամբ նոր պատերազմ չի սանձազերծի։

– Այդ առումով մենք պետք է պատրաստ լինենք վատագույն տարբերակին, այսինքն՝ նույնիսկ եթե օբյեկտիվորեն մենք եզրակացնենք, որ դա հնարավոր չէ, բայց Ադրբեջանը կարող է նույնիսկ այդ օբյեկտիվությունը խախտել ու ագրեսիվ ռազմական գործողություններ ծավալել։

Իսկ ընդհանուր գնահատականը, որը տրամաբանական է նաև, հետևյալն է․ ակնհայտ է, որ Թուրքիան թուլանում է, մեծ կորուստներ է կրել, իրենք արդեն հաշվարկել են 84 միլիարդ դոլարի չափով, որը մոտավորապես Թուրքիայի ՀՆԱ-ի 10%-ն է կազմում։ Որ Թուրքիան թուլանում է, դա նշանակում է, որ Ադրբեջանի քաղաքականությունն էլ պետք է ավելի զուսպ լինի, բայց դա զուտ տրամաբանորեն եմ ասում, իսկ իրականում Ադրբեջանը շատ անգամ գործում է տրամաբանությունից դուրս՝ ելնելով իր ծավալապաշտական ցնորքներից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am