ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը դրամական օգնություն է տրամադրում Արցախից տեղահանվածներին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը դրամական օգնություն է տրամադրում Հայաստանում ապրող Արցախից տեղահանվածներին։ Այս մասին տեղեկացնում ենք ՄԱԿ-ի հաղոդրագրությունից, որը ներկայացնում ենք ստորեւ։

ԵՐԵՎԱՆ, Մայիս 18, 2021թ. ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), համագործակցելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, մեկնարկել է դրամական օգնության ծրագիր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց համար՝ մինչև հունիսի վերջ նրանց սննդի կարիքները հոգալու նպատակով:

ՊՀԾ-ն անապահով մարդկանց աջակցություն է տրամադրում Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO), Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID), Ֆրանսիայի կառավարության և Ֆլանդրիայի կառավարության կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շնորհիվ:

ՊՀԾ-ն ապրիլից հունիս ամիսներին կտրամադրի ամենամսյա դրամական փոխանցումներ այն տեղահանված մարդկանց, ովքեր արդեն գրանցված են Կառավարության հարթակում և գտնվում են Հայաստանում:

Դրամական օգնությունը կօգնի տեղահանվածներին գնել տարատեսակ սնունդ, որպեսզի նրանք ունենան հավասարակշռված սննդակարգ:

Աջակցությունը համահունչ է ՀՀ կառավարության և նրա գործընկերների կողմից ձեռնարկված ազգային ջանքերին, որոնք միտված են աջակցելու այն մարդկանց, ում պարենային անվտանգությունը բացասական ազդեցություն է կրել հակամարտության արդյունքում: 

«Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին առատաձեռն ներդրման համար, որոնք օգնում են Հայաստան տեղահանված մարդկանց բավարարել իրենց սննդի հիմնական կարիքները և քաղցած չմնալ»,- ասում է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ, տնօրեն Ելենա Միլեսովիչը:

«Մարդասիրական օգնությունն անհրաժեշտ է, որպեսզի ընտանիքները զերծ մնան գոյատևման բացասական մեխանիզմներից, ինչպիսիք են՝ քիչ ուտելը, կամ սնունդ գնելու համար գումար փոխառելը: Սա ծայրաստիճան ողջունելի աջակցություն է, որը կօգնի շատ ընտանիքների ծայրը ծայրին հասցնել այս դժվարին ժամանակներում»: 

ՊՀԾ-ի աջակցությունից օգտվող Հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ ՊՀԾ-ի հետ: Շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին` դրամական օգնության հետ կապված հետադարձ կապ հաստատելու, դիմումներ ներկայացնելու կամ բողոքների առկայության դեպքում: Սա ՊՀԾ-ին հնարավորություն կտա անդրադառնալ մտահոգություններին ու հարցումներին։