«Անօդաչուն խփել ա իրենց մեքենային, 14 հոգի վառվել են»․ Անուշ Քոչարյանը ամուսնուն ռազմաճակատ ուղարկելուց մեկ օր անց լսել է մահվան բոթը

Մասնագիտությամբ մանկավարժ, 37-ամյա Անուշ Քոչարյանի համար կյանքը հոկտեմբերի 10-ից հետո 180 աստիճանով շրջվել է։ Անուշն ընդհանրապես չէր պատկերացնում, որ ամուսնուն հոկտեմբերի 9-ին ռազմաճակատ ճանապարհելուց մեկ օր անց կլսի նրա մահվան բոթը։

«Ես ընդհանրապես չէի պատկերացնում, որ նման դեպք կլինի մեզ հետ։ Ես ոգևորությամբ, մի ուրիշ կարգի ճանապարհեցի, ասեցի՝ եթե դու չգնաս, ո՞վ պիտի գնա, էնտեղ 18 տարեկաններն են, ինքն էլ էր հույսով, որ հետ ա գալու։ 

Երբ իմացա զոհվելու մասին, չգիտեմ ինչ կատարվեց, փոխվեց ամեն ինչը, գույները, դատարկություն եղավ, ամեն ինչի նկատմամբ սառած, անտարբեր, անգամ երեխեքի նկատմամբ»,- պատմում է կինը։

Անուշ Քոչարյանի ամուսինը՝ 37-ամյա Արման Մարգարյանը, զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլում) անօդաչու թռչող սարքի հարվածից։

«Հոկտեմբերի 9-ին տարան, լուսադեմին հասել են, երեկոյան ժամը 10-ի մոտակայքում դեպքը եղել ա։

Ամսի 10-ին՝ առավոտյան ժամը 8-ին խոսեցի, ընդամենը մի րոպե խոսեցի: Ասեց՝ ես լավ եմ, ինձ չզանգես, երեխեքին լավ կնայես, վերջին խոսքը էդ ա եղել։ Դրանից հետո ոչ մի լուր, որ ասեց՝ չզանգես, չէի զանգում, բայց արդեն իրիկունը զանգեցի: Տեսա, որ շատ ա ուշանում, անհնարին էր, էլի, որ ինքը չզանգեր։ Սկսեցի ես զանգել, անհասանելի էր, արդեն ամսի 11-ի առավոտյան դեպքի մասին իմացա»,- հուզմունքով հիշում է կինը։

Անուշին ամուսնու զոհվելու մասին հայտնել է ամուսնու ընկերոջ կինը․ «Ընկերոջ կինը զանգեց, ասեց՝ բա՞ խոսացել ես Արմանի հետ, ասեցի՝ արդեն մի սուտկա ա անցել, որ չեմ խոսացել: Ասեց՝ բա դու խաբա՞ր չես ինչ ա եղել, սենց բան են ասում՝ անօդաչուն խփել ա իրենց մեքենային, ու մեքենան վառվել ա, 14 հոգի վառվել են։ Արթուրին (իր ամուսնուն) տեղափոխել են Գորիս, ինքը վիրավոր է, Արմանենք չկան»,- պատմում է Անուշը։ 

Այս տեղեկությունից հետո ընտանիքը փորձել է կապ հաստատել վիրավորների հետ, որևէ լուր իմանալ Արմանի մասին․ «Ասեցին՝ անհնար ա ինքը ողջ մնացած լինի կամ գերի ընկած լինի։ Դեպքից մի ամիս հետո ԴՆԹ-ով դիակը գտել ենք»,- հուզմունքը զսպելով ասում է կինը: 

Ամուսնու զոհվելու մասին լուրը ծանր են տանում նաև երեխաները, հատկապես 7-ամյա աղջիկը։ Մոր խոսքով՝ հոգեբանի աշխատանքի շնորհիվ երեխան այժմ ավելի լավ է զգում:

«Սկզբնական շրջանում չէի ասում երեխուն, բայց ինքը հասկանում էր՝ ինչ ա կատարվում, ինքը սկսեց ագրեսիվ պահել։ Հոգեբան կանչեցինք, հոգեբանը երեխու հետ խոսաց, տեսավ, ասեց՝ ինքը հասկանում ա, դու պիտի ուժ գտնես քո մեջ, երեխուն ասես, ինքը ուզում ա քեզանից լսի, ոչ թե ուրիշից, դրսից։ Ես ձգտում էի իրենից պահել, բայց, դե, դա պահելու բան չէր, մի տեղից կիմանար, բայց ինքը նաև լավ գիտակցում էր։ Մի օր ամբողջ գիշեր լացեց, ասեց՝ պապան ինձ չէր սիրում, խաբեց, գնաց, չեկավ: Ես էլ ոնց որ հունից դուրս եկա, ասեցի՝ դու գիտեիր՝ պապան ո՛ւր էր գնացել, ինչի համար, էսպես ա եղել, մեր պապան հերոս ա, ինքը միշտ մեր հետ ա։ Դու պիտի ուրախ լինես գոնե, դու հիշում ես, բա Նարե՞կը ինչ պիտի ասի, նկարով ա հիշում»,- պատմում է Անուշը։

Կինն ասում է, որ ամուսինը շատ բարի, ազնիվ և մեծահոգի էր։ Առանց նրա ներկայության ամեն ինչ փոխվել է, անասելի կարոտ է, որը հաղթահարել չի ստացվում:

«Միասին անցկացրած ամեն պահը կարոտում ենք։ Ինքը համեստ, չափից շատ նվիրված էր ամենքին, ընկերությանը։ Բոլորին իրա նման էր պատկերացնում, որ բոլորը ազնիվ են, բարի»,- նշում է կինը։

Անուշ Քոչարյանն ասում է, որ սկզբի ամիսներին չէր պատկերացնում, որ կկարողանար իր մեջ ուժ գտնել, որ առաջ շարժվի, երեխաների մասին մտածի, բայց ժամանակի ընթացքում հոգեբանների աշխատանքի շնորհիվ կարողացել է որոշակիորեն հաղթահարել սթրեսը:

«Սկզբնական շրջանում՝ 4-5 ամիս, սթրեսային, ամեն բառ կարող ա կռիվ լիներ, լաց, հետո չգիտեմ թե հոգեբանի աշխատանքն էր, թե ես ուժ գտա իմ մեջ, հասկացա, որ երեխաներն արդեն տուժել են, էդպես չի կարելի, տեսել են ցավը, գոնե ինչ-որ չափով ուժ գտնեմ, որ երեխեքիս առօրյան լավացնեմ։

Ամուսինս չէր ցանկանա, որ երեխեքը ամեն օր լացեն, սթրեսային լինեն, զգում էի, որ իմ էդ վիճակը երեխեքի վրա շատ էր ազդում։ Հետո ես տեսնում էի, որ մենակ չեմ, ինձնից բացի շատերն են էդ վիճակում, կան մարդիկ, որ ավելի վատ վիճակում են, մինչև հիմա իրենց հարազատի աճյունը չկա: Ես գիտեմ, որ գոնե կարող եմ գնալ իր գերեզման ու սիրտս թեթևացնել»,- ասում է Անուշը։ 

Անուշն այժմ երազում է միայն խաղաղության մասին, ասում է՝ միակ ցանկությունն է, որ նոր սերունդը չտեսնի այն, ինչ իրենք տեսան:

«Էդքան զոհ տվեցինք, զոհ ունենալը մի աննկարագրելի ցավ ա, բայց եթե հողը մնար, ես էսօր հպարտորեն կասեի՝ մեր հողի համար ա իմ ամուսինը զոհվել, բայց իմ 2 տարեկան տղան մեծանա, կանգնի, ասի՝ ինչի՞ համար ա իմ պապան զոհվել, ես չեմ կարողանա ոչ մի բան ասել: Եթե հողը պիտի տային, թող տային, ասեցին՝ ստորագրեցին զինվորների կյանքը փրկելու համար, բա դրանից առաջ էդքան զոհվածների արյունը կարմի՞ր չէր, մա՞րդ չէին։

Իմ երազանքն ա, որ եկող սերունդը խաղաղ ապրի, իմ երեխեքը ունենան լավ ապագա, իրանց պապայի երազանքը կատարեն։ Նոր սերունդը չտեսնի էն, ինչ մենք տեսանք»,- ընդգծում է Անուշ Քոչարյանը։

Նկարում՝ Անուշ Քոչարյանի և Արման Մարգարյանի երեխաներն են

Արփինե Արզումանյան

MediaLab.am