Սեպտեմբերի 9-ին Իսրայելի օդուժը հրթիռակոծել է Քաթարի մայրաքաղաք Դոհայում գտնվող շենքը, որտեղ խորհրդակցություն էին անցկացնում «Համաս» շարժման բարձրաստիճան ղեկավարները։ «Ալ-Արաբիա»-ի և այլ աղբյուրների հաղորդմամբ՝ քաղաքում առնվազն հինգ պայթյուն է գրանցվել։
Իսրայելական «12-րդ ալիքի» տվյալներով՝ գործողությունից առաջ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը ստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թույլտվությունը։ Սակայն ավելի ուշ Նեթանյահուն ընդգծել է, որ հարվածը «ամբողջովին անկախ» որոշում էր։
Քաթարի իշխանությունները խստորեն դատապարտել են հարվածը, այն որակելով «դավաճանական քայլ» և «իրավական նորմերի խախտում»։ Դատապարտող հայտարարություններով հանդես են եկել նաև Իրանը և ԱՄԷ-ն։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ սա ոտնձգություն է Քաթարի ինքնիշխանության նկատմամբ։
Միաժամանակ, փորձագետների խոսքով՝ հարվածը կարող է լրջորեն բարդացնել Գազայի պատերազմում հրադադարի շուրջ ընթացող միջնորդական փորձերը։



















