Ադրբեջանում հայերի նկատմամբ էթնիկ և կրոնական ատելության քաղաքականությունը ունի համակարգված բնույթ. ՄԻՊ

Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցները, ահաբեկման գործողությունները Ադրբեջանի իշխանությունների կողմից համակարգվող էթնիկ ու կրոնական ատելության դրսևորումներ են հայերի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի բազմաթիվ զեկույցները, միջազգային մանդատ ունեցող կազմակերպությունների փաստահավաք առաքելությունները, վերլուծությունները ապացուցում են, որ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ և կրոնական ատելության քաղաքականությունը ունի համակարգված բնույթ:

«Դրանով կերակրվում է ադրբեջանական հասարակությունը: Հատկապես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմն  ուղեկցվել է հսկայածավալ ատելության ու թշնամանքի քարոզով, որը խրախուսվում էր ադրբեջանական իշխանությունների կողմից: Պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզը այսօր շատ վտանգավոր ու ծայրահեղ ֆաշիստական դրսևորումների է հասնում: Ուզում եմ շեշտել, որ մեր ուսումնասիրությունները վկայում են, որ քաղաքականությունը երկու հենասյունի վրա է հիմնվում` էթնիկ և կրոնական, որովհետև շատ հաճախ են խոսակցությունները էթնիկ ատելության, հայատյացության մասին, բայց շատ դեպքերում կրոնական ատելությունը երկրորդական է դառնում: Բայց նաև մեր զեկույցներում փաստվում է, և փաստերը վկայում են նաև, որ կրոնական հիմքով էլ կա այս ատելությունը»,- ընդգծեց Գրիգորյանը: