ՀՀ դեսպանի հանդիպումը Արգենտինայի փոխնախագահի հետ

ՀՀ դեսպանի հանդիպումը Արգենտինայի փոխնախագահի հետ
ՀՀ դեսպանի հանդիպումը Արգենտինայի փոխնախագահի հետ

Փետրվարի 18-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը հանդիպում ունեցավ Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Գաբրիելա Միկետիի (Gabriela Michetti) հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանում 2018թ. դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղի ունեցող գործընթացները, ձևավորված խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, կառավարության կառուցվածքային փոփոխություններն ու ժողովրդավարական բարեփոխումները:

Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև Հայաստանի և Արգենտինայի միջև քաղաքական օրակարգում առկա հարցերին, տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև երկկողմ շփումների ակտիվացմանը՝ թե երկկողմ ձևաչափով և թե միջազգային հարթակներում:

Արգենտինայի փոխնախագահը, բարձր գնահատելով հայ և արգենտինացի ժողովուրդների, ինչպես նաև միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, ցանկություն հայտնեց ընթացիկ տարում պաշտոնական այց կատարել Հայաստան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարում Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում, իսկ Արգենտինան` MERCOSUR-ում, պայմանավորվածություն ձեռք բերվեց այս հարթակի ընձեռած հնարավորությունները լավագույնս ծառայեցնել և հնարավորինս զարկ տալ երկու կազմակերպությունների միջև համագործակցությանն ուղղված գործընթացներին:

ՀՀ դեսպանը Գաբրիելա Միկետիի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանը տարածաշրջանում այն եզակի երկիրն է, որտեղ Արգենտինան ունի ներկայացվածության բարձր մակարդակ։ Արգենտինահայ գործարար Էդուարդո Էուռնեկյանի ներդրումների շնորհիվ գործող կարևոր ձեռնարկությունները, ինչպես նաև 1993 թվականից «Արգենտինյան Հանրապետություն» վերանվանված դպրոցը վերոնշյալի վառ ապացույցն են։

Զրույցի ընթացքում Գաբրիելա Միկետին բարձր գնահատեց Արգենտինայի հայ համայնքի դերակատարումը երկրի հասարական և քաղաքական գործունեության տարբեր ոլորտներում: Արգենտինայի փոխնախագահը նաև իր հիացմունքը հայտնեց հայ ազգի աշխատասիրության, քրիստոնեական արժեքներին հավատարմության, ինչպես նաև իր հազարամյա պատմության ընթացքում ինքնության պահմանման համար տարած բազմաթիվ պայքարների կապակցությամբ:

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանն Արգենտինայի փոխնախագահին տեղեկություններ տրամադրեց նաև տարածաշրջանում ընթացող գործընթացների վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։