ՀՀ կառավարության ու «Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն»-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հանձին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն» հիմնադրամի հետ:

Փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են Արցախյան հիմնախնդրի, այդ թվում՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Հիմնադրամը կառավարությանը տրամադրելու է աջակցություն միջազգային իրավադիվանագիտական հարցերի առնչությամբ՝ նպաստելով իրավական դիվանագիտության զարգացմանը, օժանդակելով միջազգային իրավական գործընթացների իրականացմանը, և աջակցելով կառավարությանը ռազմավարական հաղորդակցման հարցերում: